Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայդանը շարունակվում է, որովհետեւ խնդիրները չեն լուծվել». «Իրատես de facto»

Փետրվար 25,2014 12:07

«Իրատես de facto»-ի հյուրն է Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը

– Ձեր գնահատականով՝ ի՞նչ կատարվեց Ուկրաինայում։

– Ուկրաինայում գործընթացները շարունակվում են և ասել ինչ կատարվեց, դեռ վաղ է։ Փետրվարի 22-ի կեսօրվա դրությամբ ակնհայտ է, որ Ուկրաինայում ժողովուրդը պայքարեց իր նպատակների համար և հաջողության հասավ տալով զոհեր։ Լուրջ ձեռքբերում էր, որ գործող իշխանությունների հետ ստորագրվեց պայմանագիր կառավարման համակարգի փոփոխության, իրավունքների վերաբաշխման և արտահերթ նախագահական ընտրությունները 2014-ին անցկացնելու մասին, դա թույլ տվեց կանխել հետագա արյունահեղությունը։ Ավելին՝ խորհրդարանն իշխանության ղեկավարությունը վերցրեց իր ձեռքը, կայացրեց կարևորագույն որոշումներ իրավապահ մարմինների հետագա գործողությունների վերաբերյալ։

– Կարելի՞ է դա համարել Վիկտոր Յանուկովիչի հրաժարական, ինչին ձգտում էին և՛ընդդիմությունը, և՛ Արևմուտքը։

– Սկսվեց Յանուկովիչի հրաժարականի գործընթացը, բայց Ուկրաինայում միայն այդ խնդիրը չէր դրված։ Երկիրը գնում էր համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհով և գտավ թունելում իր լույսը։ Ուկրաինան իրականացնում է համակարգային փոփոխություններ, ոչ թե բավարարվում է անձերի փոփոխությամբ։ Ես կասկած չունեմ, որ հրաժարականը լինելու է։ Յանուկովիչը բացառիկ հնարավորություն ուներ համակարգային փոփոխություններ անելու, բայց չարեց։

– Յանուկովիչը քանիցս փորձեց, ինչո՞ւ ձախողվեց։

– Երբ ցանկանում ես անում ես, նա փորձեց խարդախել և խարդավանքներով խուսանավել։ Դա ընդունված ճանապարհ է նախկին ԽՍՀՄ տարածքում գործող շատ ղեկավարների համար։ Յանուկովիչը չընկալեց, որ ժողովուրդը լուրջ է տրամադրված, և ժամանակ ձգելով՝ ինքը խնդիր չի լուծի, ժողովուրդը չի հոգնի ու հրապարակներից չի հեռանա։ Նա և իր շրջապատը ադեկվատ չընկալեցին իրավիճակը և զարգացումները։

– Իբրև սկիզբ նշվում է երկու իրադարձություն, առաջինը, երբ 2013-ի նոյեմբերին Ուկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, երկրորդս՝ շատ ավելի վաղ, Յանուկովիչի ընտրության ժամանակ, երբ Ուկրաինայում չընտրվեց այն նախագահը, որը կարող էր բարեփոխումներ կատարել։ Ո՞րն է սկիզբը։

– Սկիզբը շատ ավելի շուտ էր՝ ուկրաինական առաջին հեղափոխությունը, որը դեռ չի ավարտվել և շարունակվելու է այնքան, քանի դեռ ժողովուրդը չի հասել իր վերջնանպատակին՝ ապրել այնպիսի երկրում, ինչպիսին ցանկանում էր կառուցել առաջին հեղափոխությունից հետո։ Այդ ընթացքում եղան աշխարհաքաղաքական գործընթացներ, ներքաղաքական փոփոխություններ, Արևմուտք-Ռուսաստան շահերի բախում տեղի ունեցավ։

– Եթե համեմատեք ՌԴ-ի և ԵՄ-ի պահվածքը այս ընթացքում, չե՞ք կարծում, որ Ռուսաստանը սկսեց ու հետ քաշվեց։

– Ռուսաստանը միշտ փորձում է նպատակին հասնել խարդավանքներով, հետո փորձում է գնել, ապա, որպես կանոն, իր հատուկ ծառայությունների միջոցով այդ խարդավանքներին արյունալի բնույթ է տալիս։ Երբ դա էլ չի ստացվում, սկսվում է ռուսական շոկը։ Պուտինը հասկացավ, որ Մայդանում կանգնած են մահապարտներ, որ մեռնելուց չեն վախենում։ Չեչենական պատերազմում Ռուսաստանը փոքր, բայց կամային ժողովրդի պարտվեց, և դրանից դասեր չքաղելով շարունակում է հովանավորել գործընթացներ, որ ոչ մի տեղ չեն տանում։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դադարեցնելու է իր գործողությունները Ուկրաինայի տարածքում։ Հիմա սկսվում է ամենավտանգավոր շրջանը Ուկրաինայում ինչպես անել, որ իրենց որոշումները կայացնեն երկրի ներսում, և խոշոր խաղացողները հնարավորինս չխանգարեն իրենց վճիռները կայացնելիս։

– ԵՄ և ԱՄՆ տարբեր մակարդակների պաշտոնյաներ ակտիվ մասնակցում էին Մայդանի կյանքին՝ բարոյակա՞ն աջակցություն էր, նյութակա՞ն, ֆինանսակա՞ն, գաղափարակա՞ն, ռազմակա՞ն։ Նրանք խանգարեցի՞ն, թե՞ օգնեցին Ուկրաինային։

– Նրանք չէին կարող մասնակից չլինել Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցող գործընթացներին, երբ ոտքի էր կանգնել ժողովուրդը։ Ի վերջո, հարցն առնչվում էր հենց ԵՄ-ին դեպի Եվրոպա Ուկրաինայի գնալ-չգնալուն, բնականաբար եվրոպական կառույցները պիտի մասնակցեին և միայն դրական դեր են ունեցել:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728