ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին էր դիմել ՀՊՃՀ քոլեջի նախկին աշխատակից, այժմ գործազուրկ Արաքսյա Պետրոսովան: Իր նամակում տիկինը նշում է, որ երկար տարիներ հավաքարար է աշխատել, նույնիսկ հանգստյան օրերին հարկ եղած դեպքում աշխատանքի գնացել, քանի որ բնակվում է մոտակայքում: Նամակից տեղեկանում ենք, որ 2013-ի օգոստոսին արձակուրդից անմիջապես հետո Արաքսյա Պետրոսովան գնացել է աշխատանքի եւ բարեխղճորեն կատարել իր գործը: Տիկին Պետրոսովայի ասելով. «Այդ ընթացքում տնօրեն Մարինե Գրիգորյանը, փոխանակ սեպտեմբերի 1-ին դիմավորեր ուսանողներին, Մոսկվայում էր»:
Ըստ նույն աղբյուրի, տնօրենը 2009-ին քոլեջում աշխատանքի է ընդունվել որպես նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: 2011-ից է հրամանագրվել իբրեւ հիմնական ուսուցիչ, 2012-ի հունվարից էլ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: «Տնօրեն դառնալու օրվանից Մարինե Գրիգորյանը ինձ հետ միշտ վատ է վերաբերվել: Դեռեւս 2012-ին էր ասում, որ պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրեմ, բայց պարետ Ռ. Մաթեւոսյանը պաշտպանեց իմ շահերը, ինչի արդյունքում ինքն էլ հայտնվեց սեւ ցուցակում»,- գրում է նամակագիրը:
0,5 դրույքով նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ եւ ժամավճարով՝ ռուսաց լեզվի ուսուցիչ աշխատող, տիկնոջ ասելով, ռեկտորի հովանավորությունը վայելող տնօրենն ի վերջո իրեն ազատել է աշխատանքից: «Ես հավաքարար եմ աշխատել, բայց դա չի խանգարում, որ հասկանամ, թե ինչու պետք է ՀՊՃՀ քոլեջը ղեկավարի ռուսերենի դասատուն, որը չուներ ոչ վարչական, ոչ էլ մանկավարժական բավարար ստաժ՝ տնօրեն դառնալու համար: Մի՞թե չկար համապատասխան թեկնածու: Նա մարդկանց ազատեց, ովքեր երկար տարիներ իրենց առողջությունն ու եռանդը, գիտելիքները ներդրել էին, որ քոլեջի ուսումնական ու հասարակական բնագավառը կայանար»,- գրում է նախկին հավաքարարը:
Ի պատասխան Արաքսյա Պետրոսովայի նամակի՝ ԿԳ նախարարությունից ստացվել է գրություն, որտեղ մասնավորապես ասվում է, թե գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն 10 օր առաջ. «Դուք հաստատության կողմից սահմանված ժամկետում տեղեկացվել եք (առկա է ձեր ստորագրությամբ ծանուցումը): Միաժամանակ հավելեմ, որ ՊՈԱԿ մասին օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը օրենքով՝ հիմնադրի եւ լիազորված պետական մարմնի որոշումներով, պետական կազմակերպության՝ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Ելնելով վերոգրյալից՝ ուսումնական հաստատության ղեկավարումը իրականացնում է գործադիր մարմինը, որը գործել է իր լիազորությունների շրջանակում»:
Կարդացեք նաև
Տիկին Արաքսյան նամակով դիմել էր նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, նամակն ԱԺ-ից հասցեագրվել էր ԿԳ նախարարին: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ պատասխանել էր, որ նախկին հավաքարարն աշխատանքից ազատվել է օրենքով սահմանված կարգով, իսկ ՀՊՃՀ քոլեջում ուսումնական եւ վարչական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով եւ մշտապես գտնվում են ՀՊՃՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Տիկին Արաքսյան համաձայն չէ իր հանդեպ կայացված որոշման հետ եւ հույս ունի, որ «արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քոլեջի տնօրենի հետ կապվել չհաջողվեց, սակայն խմբագրությունը պատրաստակամ է տպագրել նաեւ նրա տեսակետը:
«Առավոտ» օրաթերթ