Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանող կողմը չուներ հայցն առարկող գրավոր պատասխան

Փետրվար 25,2014 14:30

«Առավոտը» շարունակում է հանրակացարանաբնակ Ամալյա Գալուստյանի հայցի դատական քննության լուսաբանումը, որը նա ներկայացրել է Հայաստանի վարչական դատարանում՝ ընդդեմ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանի, վարչական ակտի 03.07.2013թ. թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ առոչինչ ճանաչելու պահանջով:

Ա. Գալուստյանը 19.07.2013թ. փոստային առաքման միջոցով ստացել է ՀՀ ՏԿՆ ՄՊԾ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի 16.07.2013թ. թիվ 70 գրությունը, համաձայն որի՝ փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2013թ. մարտի 26-ի թիվ 36-Ա հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի 2013թ. հուլիսի 3-ի թիվ 11 արձանագրության 5-րդ կետով մասնակիորեն չեղյալ են համարել ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից Ամալյային տրված թիվ 168 ուղեգիրը, 627 սենյակի մասով: Հայցվորը բնակվում է Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 627, 628 սենյակներում: Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից 07.12. 2005թ. Ամալյա Գալուստյանի ընտանիքին անժամկետ տրվել է թիվ 168 ուղեգիրը, որի միջոցով էլ հայցվորը նպատակահարմար է գտել սեփականաշնորհել սենյակները, սակայն վերջինի հետ կապված՝ մերժում է ստացել եւ դրվել է 627 սենյակի վերադարձման հարցը: Այդ մասով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից պատճառաբանում են, որ. «Ինչ վերաբերում է Ամալյա Գալուստյանի հանրակացարանային սենյակի ուղեգիրը չեղյալ ճանաչելուն, ապա հարցը քննարկվել է, երբ նա որոշել է սեփականաշնորհել Մոլդովական 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի երկու` 627 եւ 628 սենյակները, որտեղ ներկայումս բնակվում է միայնակ, այն դեպքում, երբ այսօր միայն Երեւանում բնակարանային ապահովության առաջնահերթ կարիք ունի 670 փախստական ընտանիք, որոնց մի մասը հնարավորություն չունի հոգալ իր բնակարանային կարիքները»:

Նախնական դատական նիստը նախագահում էր դատավոր Արման Թովմասյանը: Նիստին ներկայացել էին հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը, պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանը, երրորդ անձը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարության վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների եւ իրավական ակտերի որպես գլխավոր մասնագետ Թամարա Մուրադյանը:
Հայցվորի ներկայացուցիչն անդրադարձավ հայցի իրավական հիմքերին, շեշտեց, որ պահանջն է 03.07. 2013թ. թիվ 11 արձանագրության 5-րդ կետն ամբողջությամբ առոչինչ ճանաչելը: Դատավորի այն հարցին, թե՝ պատասխանող կողմերն, արդյոք, առարկո՞ւմ են, Թ. Մուրադյանն ասաց, որ հայցն անհիմն է համարում, իսկ Մ. Մեժլումյանն ասաց, որ առարկում է: Հայցվորի ներկայացուցիչը ճշտում կատարեց, թե պատասխանող կողմը, որ առարկում է, արդյոք ունի՞ առարկելու գրավոր պատասխան, թե առարկում է բանավոր, պատասխանող կողմն ու հայցին ներագրավված երրորդ անձը պատասխանեցին, որ պատասխանի գրավոր հիմքեր դեռ չունեն, որին էլ դատավոր Թովմասյանն արձագանքեց. «Հաջորդ դատական նիստին կներկայացնեք առարկելու գրավոր հիմքերը»: Ներկաներից ոչ ոք միջնորդություն չկատարեց:

Այդպիսով, նշանակվեց դատական քննություն՝ անհայտ ժամկետով, որի օրվա եւ ժամի մասին դատարանը կծանուցի փոստային առաքման միջոցով:
Վերջում հիշեցնենք, որ Ամալյան 168 ուղեգիրը ստացել էր 2005 թվականին: Նա Հայաստան է բռնագաղթվել Մարտակերտից՝ 1992 թվականին՝ իր 4 անչափահաս երեխաների հետ, իսկ նրա սենյակի վերադարձման հարցը բարձրացվել է միայն այն պատճառով, որ նա միայնակ է ապրում այդտեղ:

Ի դեպ, 627 սենյակի վերադարձման հիմքով ՀՀ ՏԿՆ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մեժլումյանը հայց էր ներկայացրել հանրակացարանում բնակվող Ա. Գալուստյանի դեմ: Դատարանում գործը կասեցվել է:

Հավելենք, Ա. Գալուստյանը եւս մեկ հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարանում՝ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման, որի հայցի հիմքում ընկած է այն, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը չի ցանկանում Ամալյայի հետ կնքել նվիրատվության պայմանագիր: Այդ մասին կանդրադառնանք առաջիկայում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728