Լրահոս
Օրվա լրահոսը

Պերեմեն

Փետրվար 25,2014 14:25

Այնքան էլ ահավոր ցուրտ չի հիմա: Շուկայում հանգիստ կանգնել լինում է: Կարտոֆիլը 300 դրամ է: Անցած տարի սարսափ էր՝ իջավ մինչեւ 150 դրամ, մշակելն անիմաստ դարձավ: Ապրելն անիմաստ դարձավ:

Պատկերացնո՞ւմ եք՝ անընդհատ աշխատում ես միայն նրա համար, որ կյանքդ պահպանես, բայց չի պահպանվում կյանքը, գնալով նվաղում է, ու պարզ չէ, թե հանուն ինչի ես աշխատում… Ասենք՝ Երրորդ մասից գործատուդ զանգահարի՝ թե արի 150 դրամդ ստացիր: Առաջ մետրոյով կգնայի՝ 50 այս կողմ, 50 այն կողմ, 50 էլ կմնար: Հիմա էլ չեմ գնա:
Հիմա նորմալ է: Կուտակայինի վրա էլ թքած ունեմ, որովհետեւ այդ ողջ աղմուկը ինձ չի վերաբերում: Ոնց որ Ուկրաինայի դեպքերը՝ կինոյի նման մի բան: Փոփքորնը խրթխրթացնելով, նստած նայում ես, թե ինչպես են մարդիկ զոհվում: Երեկոյան էլ կգնաս գյուղ, Ֆեյսբուք կմտնես ու քաղաքական դեմքերից մեկի հետ կսկսես վիճել՝ «Բայց արժե՞ր արդյոք, եթե մարդիկ են զոհվում»: Էնքան հաճելի է գիտակցել, որ հայտնի քաղաքական դեմքը կոմպյուտերային կապի մյուս ծայրում նստած քո դեմ արդարանում է՝ «Իհարկե, ոչ ոք զոհեր չի ուզում, բայց մենք էլ զոհեր տվեցինք ու ոչ մի բանի չհասանք, իրենք հասան: Հիմա ո՞րն է լավ՝ զոհեր տալ ու մնալ կոտրած տաշտակի առա՞ջ, թե՞ զոհեր տալ ու ի վերջո փախչող նախագահի հետեւից երգել Մայդանի «Վիտյա, չաո» երգը»:

Հարազատ թախտիս նստած, կուկուռուզն ուտելով, նման վեճերի մեջ մտնելը գյուղական մեռած կյանքի ամենահետաքրքիր պահերից մեկն է: Շատ լավ գիտես, որ կոմպյուտերային կապի մյուս ծայրում նստածը բոլորովին էլ չի ուզում, որ մարդկանց սպանեն, բայց ախր ինչպե՞ս կարելի է բաց թողնել այս հարմար պահը՝ ֆեյսբուքյան հարյուրավոր ընկերներիդ առջեւ ցույց տալ քո ողջ մարդասիրական էությունը եւ ամոթանք տալ բոլոր անբարոյականներին, որոնք արյուն են ուզում: Մանավանդ, երբ շատ լավ գիտես, որ նրանք բոլորովին էլ արյուն չեն ուզում: Բայց կայֆ է: Հայրենասիրական ու բարոյական ինքնահաստատում՝ փոփքորնը խրթխրթանցելով:

Չէ, ինչ որ ուրիշ բան էլ կա: Միայն ինքնահաստատումը չէ: Հետո ինչ, որ կարտոֆիլ եմ աճեցնում ու վաճառում: Էդ դուք եք ինձ վրա ուշադրություն դարձնում միայն այն պահին, երբ ձեր երեք կիլո կարտոֆիլն եմ կշռում: Իսկ ձեր ու հաջորդի արանքում ես մի ողջ Երկրագունդ եմ պտտեցնում՝ Վենեսուելայով, Թաիլանդով ու Բարաք Օբամայի՝ Կանադայի վարչապետին գռազով տարված երկու արկղ գարեջրով:

Դուք ինձ չեք կարող խաբել: Օրինակ: Այն օրը լսեցի՝ իշխանավորներից մեկը շատ խելոք տրամաբանում էր՝ հեգնական ժպիտով՝ «Ասում եք՝ վարչապետի հրաժարական, բայց մյուս վարչապետն էլ է մերոնքական լինելու: Մենք խորհրդարանում մեծամասնություն ենք ու քանի դեռ մեծամասնություն ենք, վարչապետը միշտ մերոնցից է լինելու: Էլ փոխելու իմաստը ո՞րն է»:

Կարծում եք, որ եթե ես կարտոֆիլ եմ վաճառում, ուրեմն ուրիշ ոչ մի բանից տեղյակ չե՞մ: Դուք իսկի հիշո՞ւմ եք, թե ձեր կարդացած վերջին գիրքը որն է եղել: Իսկ ես հենց հիմա այստեղ՝ Սիլաչիում կանգնած, ձեր ու հաջորդի երեք կիլոն կշռելու արանքում կարդում եմ իռլանդացի Ջորջ Մուրին՝ «Իմ առողջության եւ երկարակեցության համար ես պարտական եմ այն բանին, որ ոչ մի անգամ ձեռք չեմ տվել ո՛չ սիգարետին, ո՛չ ըմպանակին, ո՛չ էլ կնոջը՝ մինչեւ 10 տարիս լրանալը»:

Ու այսքանից հետո դուք ինձ ուզում եք համոզել, որ եթե որեւէ քաղաքական ուժ մեծամասնություն ունի, ուրեմն այդ երկրում վարչապետ չի փոխվի: Բա Իտալիայում ինչպե՞ս եղավ: Հենց հիմա: Բա ինչո՞ւ եք սուտ ասում, որ նման բաներն անհնար են: Գիտեմ ինչու՝ որովհետեւ եթե դուք Ջորջ Մուր չեք կարդում, ուրեմն կարծում եք, որ ուրիշներն էլ երբեք չեն կարդում ու ամեն ինչից լրիվ անտեղյակ են:

Բա այդ ինչպե՞ս մի օրում Ուկրաինայում փոքրամասնությունը դարձավ մեծամասնություն, հյուսած մազերով կնոջն ազատեցին, իսկ այն մարդուն, որի անունով հրապարակ էինք անվանակոչել, անմիջապես դուրս շպրտեցին իր հարմարավետ առանձնատնից, որը հիմա թանգարանի նման ուսումնասիրում են հասարակ ուկրաինացիները:

Էնպես եք զարմանում, կարծես դուք նման ձեւով չեք եկել իշխանության: Հլա հիշեք, թե քանի հոգի էիք, ու ոնց առաջին նախագահը երեխայի նման ձեր ձեռքը բռնած մի կերպ իրենց հետ մտցրեց ձեզ խորհրդարան: Ախր 1,5 տոկոս ձայն էլ չէիք ստանալու: Հետո էլ երկրորդ նախագահը մի լավ չաղացրեց: Հիմա երկուսի դեմ էլ հոխորտում եք:

Կարծում եք, կարտոֆիլ եմ ծախում, ուրեմն չե՞մ հիշում, թե ինչպես մի գիշերում բոլորը երկրապահ դարձան, հետո էլ համալրեցին ձեր շարքերը: Դուք ախր հենց այդպես եք դարձել այն, ինչ հիմա կաք՝ առնետավազքով: Ու երբ հիմա երեկոյան տուն եմ գալիս, նստում տատուս թախտին ու միացնում եմ հեռուստացույցը, լրիվ հասկանում եմ, թե ինչու եք այդքան լարված հետեւում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում:

Անձնական վտանգը մի կողմ: Շատ ավելի ցավագին է հայելու առաջ հայտնվելը: Ու այդ հայելու հետ՝ երկու փետրվարների շուրջ վիճելը: 98-ի փետրվարին, ուրեմն, Հայաստանում ամեն ինչ ճիշտ էր, որովհետեւ մեզ օգուտ էր, 2014-ի փետրվարին Ուկրաինայում ամեն ինչ սխալ է, որովհետեւ կարող է հայաստանցիներն ընդօրինակեն ու հետո հաճույքով ճեմեն մեր առանձնատների խնամված արահետներով:

Բայց գիտե՞ք, ձեր երեք կիլո կարտոֆիլը կշռելուց հետո մեկ-մեկ էլ նայում եմ հողից դարչնագույն դարձած ափերիս ու մտածում՝ իսկ միգուցե իրականում ճիշտ ենք անում, որ փոփքորնը բերաններս գցելով, հանգիստ նստած դիտում ենք, թե ինչպես են մյուսները պտտեցնում իրենց սեփական ճակատագրի անիվը: Սպասենք, տեսնենք՝ ինչով կավարտվի: Մենք միշտ էլ սպասել ենք: Սպասել ենք, թե երբ աշխարհը եւ Թուրքիան կճանաչի: Սպասում ենք, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը: Սպասում ենք մարտի մեկի հանրահավաքին: Գարնանն ենք սպասում: Դարձել ենք սպասող եւ ուրիշներին հետեւող՝ նրանց քննադատող կամ նրանցով հիացող ազգ:

Հա, հիմա Միլան Կունդերայի «Էդվարդն ու Աստվածն» եմ կարդում, բայց մի անգամ էլ ձեր երեք կիլոն կշռելուց հետո Հրանտ Մաթեւոսյանի տողն աչքովս ընկավ՝ «Կյանքներս անցավ սպասելով»… Եվ ավելի ու ավելի հաճախ եմ հիշում Վիկտոր Ցոյի երգը՝ «ՊԵՐԵՄԵՆ»… Հետո ինչ, որ կարտոֆիլ եմ ծախում… Ես էլ եմ ուզում պերեմեն…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728