25 փետրվարի 2014, Երևան: Վերջերս շատ խոսեցինք այն մասին, որ 2014թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, և տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը ետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միևնույն հարցի մասին առաջին և երկրորդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են 3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է:
Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև տեսքը լավ չի եղել:
Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին կարագ ու կաթնամթերք են մատակարարում հետևյալ ընկերությունները` «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են` «Անանո» ՍՊԸ-ն և «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված 5-14 սմ-ից փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն:
Կարդացեք նաև
Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա Աստված` սխալվեմ:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար