Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ»-ի հարցով դիմեք իրավապահ մարմիններին». «Ժողովուրդ»

Փետրվար 25,2014 11:21

Օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց ՀՅԴ խմբակցության՝ «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Պատճառաբանվեց, թե հանձնաժողովի ստեղծումը նպաստելու է քաղաքական շահարկումներին։ Սակայն, չնայած դրան, ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցը համարում է հրատապ, ու այսօր այն արտահերթ կարգով քննարկվելու է։ Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի հետ։

– Պարոն Այվազյան, փաստորեն, ՀՅԴ-ականները «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը համարում են հրատապ, ու արդեն որոշվել է, որ այն քննարկելու են արտահերթ կարգով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս հարցին, քանի որ Ձեր հանձնաժողովը հարցը համարեց քաղաքական։

– Մենք մեր վերաբերմունքն արդեն ասել ենք, որովհետեւ երբ իրենք հանձնաժողովում ներկայացրել են քննարկման, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։ Իսկ ինչի՞ համար է տվել բացասական եզրակացություն, սույն հարցը բարձրացվել է մի քանի անգամ, մենք հստակ մեր գործընկերոջը խնդրեցինք, ասացինք, թե քանի որ գնում է բանակցային գործընթաց, հարցը ժամանակավրեպ է։ Իրենք էլ ասացին, թե հարցը մտցրե՛ք օրակարգի մեջ, բայց մենք կքննարկենք աշնանը։ Մենք էլ նշեցինք, որ սա քննարկման պարագայում բերելու է քաղաքական շահարկումների։ Եվ երկրորդ՝ այս գործընթացն իր մեջ պարունակում է իրավական տարբեր խնդիրներ, որոնց մասին, ասենք, պատգամավորն իրազեկված չէ։ Չէ՞ որ այդ պայմանագրերը միջազգային արբիտրաժի քննարկման ենթակա են։ Բացի այդ՝ հարց. իրենք դատախազություն դիմե՞լ են, թե՞ չեն դիմել՝ որպես քաղաքական միավոր, այդ դեպքում ես ո՞նց հասկանամ։ Ես որոշում կայացնող անձնավորություն եմ, եւ իմ որոշումը քաղաքական հարթության վրա է, խոսքը վերաբերում է պատգամավորին։ Ինչպե՞ս եք մտածում, եթե ես առանց մասնագետների եզրակացություն անեմ, ի՞նչ եզրակացության պետք է հանգեմ, չէ՞ որ ես կարող եմ ասել, որ սա վատ գործարք էր, բայց իրավական նորմերով տան, որ այդ վատ գործարքի հետ կապված մեղավորը մյուս կողմն էր։ Այսինքն՝ ես մտնեմ քաղաքական շահարկման դաշտ։ Մենք չենք հրաժարվում այդ գործընթացից, մենք ասում ենք՝ թող այս ժամանակահատվածն անցնի։ Առաջին անգամ, երբ սա դրվեց քննարկման, մենք տվեցինք դրական եզրակացություն ու մտցրինք մեծ օրակարգ։ Ասացինք՝ թող իմանան, որ սա քննարկելու ենք, բայց երբ դուք ունենաք փաստաթղթային կազմը, մենք այն ժամանակ կքննարկենք։

– ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հարցը համարում է հրատապ…

– Դե այստեղ էլ գալիս է քաղաքական որոշման խնդիրը, իրենք ասում են՝ հրատապ է, մենք էլ ասում ենք՝ հրատապ չէ։ Ի՞նչն է հրատապ, քաղաքական շահարկո՞ւմը։ Մենք որ հիմա հելանք, ասեցինք՝ «Նաիրիտ»-ը շատ վատ է, թալանված է, առնողը կառնի՞, թե՞ չի առնի։ Իսկ մեզ պետք է, որ «Նաիրիտ»-ն աշխատի, մեզ պետք է, որ չարաշահումներ անողներին բռնենք, մենք էլ ուզում ենք դրա եղանակները գտնել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728