Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկեր կորցրինք. «Հայկական ժամանակ»

Փետրվար 25,2014 11:00

Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, անշուշտ, ուղղակի եւ անուղղակի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա քաղաքական առումով։ Բայց ազդեցությանը շոշափելի կլինի նաեւ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։

Խնդիրն այն է, որ Ուկրաինան Հայաստանի խոշոր առեւտրատնտեսական գործընկերներից մեկն է՝ ԱՊՀ երկրների շարքում Ռուսաստանից հետո երկրորդը։ Մեծ՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան այլեւս չի վերադառնա Մաքսային միության, կամ Եվրասիական միության ընդլայնման հավակնությունների դաշտ։ Այլ կերպ ասած, դեպի Մաքսային միություն ձգտող Հայաստանը այդ միության կազմում այլեւս չի տեսնի Ուկրաինային։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական առումով Ուկրաինան մեզ համար այլեւս «Երրորդ երկիր է»։ Եվ այդ երկրի հետ տնտեսական մեր հարաբերությունները կառուցվելու են ըստ Մաքսային միության սահմանած «նորմերի»։ Ինչպիսին կլինեն Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները Ուկրաինայի հետ, ճիշտ այդպիսին էլ կլինեն մեր ու Ուկրաինայի հարաբերությունները։ Պետք է նկատել, որ մեր հանրության մեջ ընդհանուր առմամբ չկա պատկերացում, թե ինչպիսի տնտեսություն ունի Ուկրաինան։ Մոսկովյան քարոզչամիջոցները արել են ամեն ինչ, որ շարքային քաղաքացու մոտ տպավորություն ստեղծվի, թե այդ երկիրը ունի հիմնահատակ քայքայված տնտեսություն, անընդհատ ճգնաժամի մեջ է եւ ուր որ է կկործանվի, եթե Ռուսաստանը իր հզոր տնտեսությամբ չօգնի նրան։

Իրականությունը, մեղմ ասած, փոքր-ինչ այլ է։ Ուկրաինայի տնտեսությունը իր որակական ցուցանիշներով գերազանցում է ռուսականին։ Ընդամենը մի քանի ցուցանիշներ։ Բնակչության մեկ շնչի հաշվով Ուկրաինայում արտադրվում է շուրջ երկու անգամ շատ կաթ, քան Ռուսաստանում, շուրջ 1.6 անգամ ավելի շատ միս, քան Ռուսաստանում, 1.3 անգամ ավելի շատ ձու, քան Ռուսաստանում…: Ուկրաինական մետաղամշակության ոլորտի արտադրանքը շատ ավելի մրցունակ է, քան ռուսականը, Ուկրաինան ունի բավականին հզոր էլեկտրատեխնիկական արտադրություն եւ այլն եւ այսպես շարունակ։ Դա երեւում է նաեւ Հայաստանի եւ այդ երկրի ապրանքաշրջանառությունից։ Օրինակ՝ անցած տարի Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 335 միլիոն դոլարի ապրանք։ Եթե սա համեմատենք ՌԴ-ից իրականացված շուրջ 1.1 միլիարդ դոլարի ներկրումների հետ, իհարկե, թիվը բավականին համեստ է։ Բայց պետք է նկատել, որ ՌԴ-ից ներկրածների նշված ծավալի մեջ միայն բնական գազը ավելի քան կես միլիարդ է։ Ու եթե ՌԴ-ից ներկրված ապրանքներից հանենք այդ գազը, նավթամթերքները, ցորենը, անմշակ ալյումինը եւ նմանատիպ այլ ապրանքներ, ապա կարող է ստացվել, որ Հայաստան ավելի շատ ուկրաինական ապրանք է ներկրվում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728