Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայդանի ամենակարեւոր դասը նոր քաղաքական օրակարգ ձեւավորելն է

Փետրվար 25,2014 14:49

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ օրակարգը քաղաքական գործիչներին
պարտադրելու կամ առաջնորդներին փոխելու ունակություն է պետք

– Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, Մայդանում առաջին ելույթը քաղաքական վերադասավորությունների մեկնարկ կարելի՞ է համարել: Մայդանի պայքարը կարո՞ղ է շարունակվել եւ վերածվել արդեն իշխանության համար պայքարի:

– Մայդանի մասնակիցների եւ, առհասարակ, քաղաքացիական հասարակության զգալի մասը` հատկապես երիտասարդները եւ միջին տարիքի մարդիկ, քաղաքական սերնդափոխության կողմնակիցներ են եւ լուրջ վերապահումներ ունեն նախկինում պաշտոնավարած անձանց, մասնավորապես՝ Յուլյա Տիմոշենկոյի, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների նկատմամբ: Մայդանն արդեն պատրաստ է կանգնել մինչ նոր խորհրդարանի ձեւավորումը, եւ կարելի է ենթադրել, որ սերնդափոխության պահանջն առավել հստակ ձեւակերպում կստանա: Ի վերջո, տեղի ունեցած ընդվզման եւ արյունահեղության պատճառներից մեկն այն էր, որ 1991թ. նվաճած ազատությունը պատշաճ ձեւով չգնահատվեց եւ փոշիացավ: Այժմ արդեն նոր սերունդը, ստիպված լինելով թանկ վճարել նախկինում արված սխալների համար, չի ցանկանում կրկնել նույն սխալները, մասնավորապես մաշկափոխ եղած հին նոմենկլատուրային եւ խմբային շահեր հետապնդելու ու ստվերային գործարքների սովոր, օլիգարխիկ սխեմաների մասնակցած անձանց դարձյալ իշխելու հնարավորություն տալ:

– Ի՞նչ քաղաքական փուլ է սպասվում Ուկրաինային, ռուսական ծրագրերը Ուկրաինայի նկատմամբ կարելի՞ է ավարտված համարել, թե՞ Ռուսաստանը չի հրաժարվի իր նպատակներից, մասնավորապես, շատ է խոսվում Ուկրաինայի տրոհման մասին, հիմքեր տեսնո՞ւմ եք:

– Եթե հեղափոխության հաղթանակն իրենց նեղ խմբային շահերի համար օգտագործել ցանկացողների ու նաեւ առանձին սադրիչների փորձերը տապալվեն, Ուկրաինայի առջեւ լավ հեռանկար կբացվի` չնայած լայնածավալ բարեփոխումներն արագ իրականացնելու հետ կապված դժվարություններին: Ինքնակազմակերպման եւ փոխօգնության ընդունակ քաղաքացիները կարող են եւ կարգուկանոն հաստատել, եւ համագործակցել` հանուն ընդհանուր նպատակների:

Ռուսաստանը դեռեւս փորձում է լարվածության օջախներ պահպանել` մասնավորապես Խարկովում եւ Ղրիմում: Սակայն Վ. Պուտինի կայսերապաշտական ծրագրերին Մայդանի հասցրած հարվածը չափազանց հզոր էր, եւ փոքր-ինչ սթափություն պահպանելու դեպքում Ռուսաստանի ղեկավարությունը պետք է փորձի համագործակցության եզրեր գտնել` Ուկրաինային ընդունելով որպես հավասար գործընկեր, ոչ թե «եղբայրական հանրապետություն»: Հակառակ դեպքում հեռանկարային առումով Ռուսաստանն ինքն առավել մեծ վնաս կկրի` եթե անգամ այժմ ժամանակավորապես կարողանա վերահսկել Ուկրաինայի տարածքի մի մասը` հենվելով հանցագործ տարրերի վրա: Մի քանի օրից արդեն պարզ կդառնա` Ռուսաստանի ղեկավարությունն ինչպես կորոշի վարվել. համենայնդեպս՝ Ուկրաինայի տրոհման հեռանկարը բացառում եմ:

– Ի՞նչ հետեւություններ կարող են արվել ուկրաինական վերջին իրադարձությունների ֆոնին: Որոշ զուգահեռներ տեսնո՞ւմ եք:

– Նախ զուգահեռների մասին. ուշադրություն դարձնելով Մայդանում խանութների թալանի բացակայությանը, եռամսյա պայքարի ընթացքում հանցավորության նվազմանը, արդեն իսկ հիշատակված ինքնակազմակերպմանն ու փոխօգնությանը` սննդի, բուժօգնության եւ այլ կարիքներ հոգալու առումով, կարելի է նկատել, որ Հայաստանում ազգային գիտակցության նմանատիպ դրսեւորումներ արդեն եղել են. նախ 1988-91թթ., երբ Շարժման ընթացքում առաջնորդներ ի հայտ եկան` ժողովրդի միջից, եւ հաջողվեց ինքնապաշտպանական ջոկատներ ձեւավորել, որոնք պահեցին Հայաստանի եւ Արցախի սահմանները` մինչ կանոնավոր բանակի կազմավորումը: Այնուհետեւ հասարակական մոբիլիզացիայի եւս մեկ օրինակելի դրսեւորում տեղի ունեցավ 2008թ.:

Ակնհայտ է նաեւ Երեւանում մարտի 1-ին եւ Կիեւում անցած շաբաթ կատարվածի նմանությունը. բացի ներքին զորքերից եւ հատուկ ստորաբաժանումներից՝ երկու դեպքում էլ իշխանությունը զինել եւ ժողովրդի դեմ է հանել հանցագործ տարրերին, ցուցարարներից շատերը զոհվել են դիպուկահարների կրակից: Մարտի 1-ից անմիջապես առաջ Ռ. Քոչարյանն այցելել էր Մոսկվա, որտեղ էլ, հավանաբար, կայացվել է որոշումը, Ուկրաինայի դեպքում եւս Մայդանն ուժի միջոցով ճնշելու փորձը համաձայնեցված էր Կրեմլի հետ:
Հետեւությունների առումով. Վ. Յանուկովիչն ուներ մինչեւ 2015թ. պաշտոնավարելու, իսկ այնուհետեւ պատմության մեջ որպես ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրած նախագահ մնալու եւ ունեցվածքը պահպանելու հնարավորություն, սակայն նախընտրեց ռուսական աջակցությունը` 2015թ. ընտրակեղծիքներով եւ բռնությամբ իշխանությունը պահպանելու համար: Այնուհետեւ նա մեկը մյուսից հետեւից միայն սխալ որոշումներ է կայացրել՝ վատթարացնելով իր իսկ վիճակը. փոքրաթիվ ցուցարարների դեմ ուժի կիրառում է թույլ տվել` առաջացնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների զայրույթը եւ նրանց բերելով դեպի Մայդան: Նույնիսկ այդ ժամանակ գլխավոր պահանջը դեռեւս ոչ թե իր հրաժարականն էր, այլ ծեծուջարդի մեղավորներին պատժելը, եւ նա, ըստ էության, պահպանում էր մինչեւ 2015 թ. պաշտոնավարելու հնարավորությունը: Սակայն նա հունվարի 16-ին կոշտ բռնատիրություն հաստատող օրենքների փաթեթ է ընդունել, ինչին հետեւեցին բախումները ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, մի քանի օր անց տրվեց հրազեն կիրառելու հրաման, ինչի արդյունքում չորս ցուցարարներ զոհվեցին, եւ միակ հնարավոր ելք դարձավ ռեժիմի տապալումը, մանավանդ, քանի որ հակամարտության խորացմանը զուգընթաց՝ աճել էր առավել արմատական ուժերի ազդեցությունը, որոնք բացառեցին ընդդիմության նահանջի հնարավորությունը:

Սա լուրջ դաս էր նաեւ արտաքին խաղացողների համար: Մի կողմից՝ Արեւմուտքը, որը շատ ավելի վաղ, ամենաուշը` առաջին զոհերից հետո պատժամիջոցներ կիրառելով՝ կարող էր նպաստել արտահերթ ընտրություններին` այնուհետեւ գործ ունենալով խորհրդարանական ընդդիմության կանխատեսելի գործիչների հետ: Դրա փոխարեն այնքան ժամանակ ձգեցին, որ մի քանի շաբաթվա հարաբերական դադարից հետո առավել ծանր հետեւանքներ եղան, ու դարձյալ, անգամ փետրվարի 18-ին տասնյակ մարդկանց զոհվելուց հետո, որոշ եվրոպական երկրների ղեկավարներ հայտարարել էին, որ պատժամիջոցների անհրաժեշտություն դեռեւս չկա: Եվս երկու օր հետո էլ փորձում էին համոզել, որ Վ. Յանուկովիչը կարող է գոնե մինչեւ դեկտեմբեր կառավարել, եւ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին համապատասխան արձանագրություն ստորագրել տվեցին` նպաստելով նրանց վարկաբեկմանը: Իր հերթին Վ. Յանուկովիչը հույսը դնելով խորհրդարանական ընդդիմության կառավարելիության վրա՝ այժմ արդեն ստիպված է թաքնվել:

Մյուս կողմից՝ Ռուսաստանն իր կոպիտ միջամտությամբ եւ թշնամանք սերմանելով նույնպես բաց թողեց հետագայում Վ. Կլիչկոյի կամ որեւէ այլ կանխատեսելի գործչի հետ բանակցելու եւ համեմատաբար հեշտությամբ պայմանավորվելու հնարավորությունը: Պետք է հուսալ, որ Ռուսաստանի ղեկավարությունը գոնե այժմ հետեւություններ կանի եւ իր հիվանդագին կայսերապաշտությանը հագուրդ տալու փորձերը չի շարունակի, այլապես անջատողականներին օգնության ձեռք մեկնելու դեպքում Ռուսաստանը կհայտնվի ինքնաոչնչացման ուղու վրա` անդառնալի հետեւանքներով:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ այնուամենայնիվ, դժվար է ենթադրել, որ Ս. Սարգսյանը դեռեւս պահպանում է հետեւություններ անելու ունակությունը եւ կարող է կամովին հեռանալ: Մյուս կողմից՝ հայաստանյան ընդդիմության դեպքում Մայդանի փորձի ուղղակի ընդօրինակումը կիրառելի չէ` թեկուզ այն պատճառով, որ Ուկրաինայում ռուսական զորքեր չկան (չհաշված Սեւծովյան նավատորմը), իսկ Հայաստանը դե ֆակտո օկուպացված է. Ս. Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դավաճանական կեցվածքը հանգեցրեց նրան, որ ռուսական զորամիավորումները պաշտոնապես կարող են ներգրավվել «զանգվածային անկարգությունների» ճնշմանը, ինչի հետեւանքով մեծ արյունահեղություն կարող է տեղի ունենալ: Ուստիեւ նախընտրելի են պայքարի այլ մեթոդներ, ինչպես, օրինակ, դասադուլը, գործադուլը, ոչ թե վարչական շենքերի գրավումը: Չնայած պետք է նկատել, որ եթե Կիեւում չլինեին ինքնապաշտպանության անցնելու պատրաստ «ծայրահեղականները», որոնց վերաբերյալ վայնասուն է դրել ռուսական քարոզչությունը, բռնություն եւ արյունահեղություն, միեւնույն է, տեղի կունենար` Վ. Պուտինի անմիջական դրդմամբ, այսինքն՝ մարտի 1-ի ուղղակի կրկնություն էր լինելու:

Բայց Մայդանի ամենակարեւոր դասը, թերեւս, նոր քաղաքական օրակարգ ձեւավորելու եւ այն քաղաքական գործիչներին պարտադրելու կամ անհրաժեշտության դեպքում առաջնորդներին փոխելու ունակությունն է: Հաշվի առնելով հրատապ խնդիրները` օրակարգն այժմ պետք է ընդգրկի ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլեւ առհասարակ ղարաբաղյան կլանից եւ օլիգարխիկ համակարգից ազատվելը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ձեւաչափը վերանայելը` ինքնիշխանության վերականգնման նպատակով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728