Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով է հաղթել եւ ով է պարտվել Ուկրաինայում

Փետրվար 25,2014 14:59

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են քաղաքագետ
Աղասի Ենոքյանը եւ քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Արամ Աբրահամյան.– Կարծես թե մի քանի շերտ հակասություն կա Ուկրաինայում: Առաջինն այն է, որի մասին շատ է խոսվում` Ռուսաստան-Արեւմուտք: Այս պահին ո՞վ է հաղթել, ո՞վ է պարտվել Ուկրաինայում, ինչպե՞ս է այս իրավիճակը զարգանալու մոտ ժամանակներս:

Արմեն Բադալյան.– Դեռեւս չենք կարող ասել, թե ով է հաղթել եւ ով է պարտվել, որովհետեւ սա զուտ արեւմուտք-արեւելք հակասություն չէ, կա այդ էլեմենտը, բայց միայն դա չէ: Կա այնտեղ արեւմտամետներ-ռուսամետներ հակասությունը բուն հասարակության մեջ: Բավականին ուժեղ է նաեւ պայքարը կրիմինալ-ֆեոդալական այդ հիերարխիայի դեմ, որը ստեղծել է Յանուկովիչը: Այստեղ բազմաթիվ հակասություններ կան. թե ով կհաղթի դրանցից՝ դժվար է ասել: Այսօր իշխանության լիդերների միջեւ խնդիրներ կան, եւ դեռեւս հարավարեւելյան շրջանի քաղաքական ղեկավարության խնդիր կա. դրանք ինչպես կդասավորվեն եւ այլն: Այսինքն՝ այսօր դեռեւս ոչինչ չենք կարող ասել, պրոցեսները դեռեւս ընթանում են:

Ա. Ա.– Այսպիսի բան եմ լսել, որ Արեւմուտքը լավ էլ սարքեց Ռուսաստանի գլխին, Յանուկովիչը նույնականացվում է արդար կամ անարդար ձեւով Ռուսաստանի հետ, հիմա 75 մարդ սպանել են, Յանուկովիչը դրա համար բոլոր դեպքերում պատասխանատու է, մտել են իր տուն` պարզել են, թե ինչքան է թալանել, եւ դա տարածվում է էլի Ռուսաստանի դեմ:

Աղասի Ենոքյան.– Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պարտվեց, եւ Ռուսաստանը շարունակում է պարտվել, որովհետեւ Ռուսաստանը կգնա հետագա սրացումների, որովհետեւ նա լուծում է ներքաղաքական խնդիր: Օլիմպիադան էլ շատ լավ ցույց տվեց, որ Ռուսաստանը լուծում է հին՝ հաց եւ զվարճությունների խնդիր, այսինքն՝ որեւէ կերպ փորձում է իր ժողովրդին կերակրել, բայց դրա համար անհրաժեշտ է անպայման ստեղծել տպավորություն, որ իրենք մեծ ազգ են, որ Ռուսաստանը հզոր է, որ տեսեք՝ Օլիմպիադայում հաղթեց, Ուկրաինայում հաղթեց, վերջին խոսքը իրենն է: Սա քաղաքական խնդրի հետ կապ չունի, սա զուտ տվյալ պահի խնդիր լուծելու օրենք է, որովհետեւ քաղաքականության մեջ, մանավանդ ներքին քաղաքականության մեջ Ռուսաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որը լուծել ի վիճակի չէ:

Ա. Ա.- Մինչեւ նոյեմբեր Յանուկովիչը ընկալվում էր որպես եվրաասոցացման կողմնակից, եվրոպամետ գործիչ, նոյեմբերից հետո միանգամից սարքեցին ռուսամետ գործիչ, եւ ստացվեց, որ վերջին պահին ռուսամետ գործիչը այսպիսի բաներ է անում:

Ա. Ե.– Այստեղ խնդիրը միայն Յանուկովիչը չի, ընդհանրապես հետխորհրդային կամ անգամ, կարելի է ասել, հետկոմունիստական տարածքներում կոռումպացված գործիչները միշտ ասոցացվում են նախկին կոմունիստական, հիմա՝ պրոռուսական քաղաքականություն կրողների հետ: Նախ կարծում եմ՝ այստեղ ճշմարտության զգալի բաժին կա, որովհետեւ Ռուսաստանի համար ավելի հեշտ է նման քաղաքական գործիչներով քաղաքականություն կառուցել այլ երկրներում: Մյուս կողմից էլ՝ այստեղ կա հոգեբանական ընդհանրություն, անկախ նրանից՝ Յանուկովիչը ռուսամետ էր, թե արեւմտամետ, ես կարծում եմ՝ եթե Յանուկովիչը գնար ժողովրդավարական քայլերի, ուրեմն նման տիպի օլիգարխիկ համակարգը չէր դիմանա ժողովրդավարությանը: Այդ պատճառով նրա միակ փրկությունը ռուսամետության կամ Ռուսաստանին ծառայելու մեջ էր:

Ա. Ա.- Ենթադրենք Պորոշենկոն կամ որեւէ մեկը այդ խմբից դարձավ վարչապետ, նրանք կոռումպացվա՞ծ չեն:

Ա. Բ.- Իհարկե՝ կոռումպացված են: Ինչո՞ւ ստեղծվեց այս իրավիճակը: Շատ դեպքերում նաեւ նշում են Յանուկովիչի ավագ որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը, Սաշիկը, որը ներկայացնում էր «դոնեցկյան եղբայրությունը», ուղղակի փայ էր մտնում բոլոր օլիգարխիկ բիզնեսների մեջ: Ուկրաինայի քաղաքական համակարգը այնպիսին է, որ բոլոր կուսակցությունների ետեւում էլ օլիգարխիկ ինչ-որ խմբավորում կա, եւ ուղղակի Յանուկովիչի որդին սկսեց նոր երիտասարդներով այդ հին օլիգարխներին տապալելու գործը եւ նրանց բիզնեսը վերցնել: Եվ պատահական չէ , որ Պյոտր Պարաշենկոյին նշում են որպես այն հիմնական գործիչներից մեկը, ով ֆինանսավորում էր այդ Մայդանի ամբողջ քաղաքական գործընթացը: Թե ինչպես կընդունվի ժողովրդի կողմից նրա վարչապետ դառնալը՝ դժվար է ասել, որովհետեւ Մայդանում նրան դեմ էլ մարդիկ կան, շատերը ասում են՝ մենք այսքան զոհ տվեցինք, որ մի օլիգարխ գնա՝ մյուսը գա՞:

Ա. Ա.– Մեր հայրենակից Արսեն Ավակովը՝ ներքին գործերի պաշտոնակատարը, ասում է. ես իմ նախարարության մեջ կնշանակեմ հենց «Աջ սեկտորի» ներկայացուցչի, ի՞նչ էր անում նա. հարձակվում էր ոստիկանների վրա, գրավում էր վարչական շենքերը: Ինչպե՞ս է դա ստացվում:

Ա. Ե.- Պարզապես այդ ուժերին հաշվի չառնելը սխալ կլիներ: Հիմա՝ նրանց հաշվի՞ առնել, օգտագործե՞լ նրանց պոտենցիալը, թե՞ նրանց ընդգրկել իշխանության մեջ, որպեսզի նանց նկատմամբ վերահսկողություն ունենան. կարծում եմ՝ այս երկու մոտիվներն էլ պետք են այդտեղ: Ժամանակին նման խնդիր կար Հայաստանում՝ ՀԱԲ-ի հետ կապված, որը բավականին ռադիկալ կերպով լուծվեց: Ուկրաինայում, կարծում եմ, ավելի շատ են խորացել զարգացումները, եւ նման կտրուկ քայլերի գնալ հնարավոր չի լինի՝ մանավանդ տվյալ պահին դա չի լինի ժողովրդահաճո:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Քննարկումն ամբողջությամբ` 

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728