Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բախտագուշակ Վարսիկի որդին չուզեց ամուսնական կյանքը դատարանում բացահայտվի

Փետրվար 24,2014 23:30

Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում 4 անգամ հետաձգվելուց հետո, վերջապես, տեղի ունեցավ հանրաճանաչ բախտագուշակ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ բախտագուշակի որդին պարբերաբար խոշտանգումների է ենթարկել կնոջը` Հասմիկ Խաչատրյանին: Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկելուց ու հայհոյանքներից բացի, պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, անգամ 6-ամյա տղային է ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին:

Սարգիս Հակոբյանը մեղադրվում է  ՀՀ  քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով:

Այսօր Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Սարգիս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի,այսինքն` ընտրվի կալանքը, որպես խափանման միջոց: Տիգրան Մուրադյանի խոսքերով` «Դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց` գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից հետո այդ հարցին անդրադառնալու հիմնավորմամբ: Ըստ դատարանի, միջնորդությունում ներկայացված առկա ապացույցները դեռեւս հետազոտված չեն, բայց ես ողջամիտ չեմ համարում այդ հիմնավորումը»:

Այսօր դատարանում որպես վկաներ ցուցմունք են տվել Հասմիկ Խաչատրյանի ծնողները, եւ ինչպես փաստաբանն ասաց, պատմել այն ամենը ինչ նախաքննական մարմնի ցուցմունքում են նշել. «Թե ինչ է տեղի ունեցել, ինչ վիճակում են տեսել Հասմիկին իրադարձության օրը, ինչպես են Հասմիկին  ծեծված, ջարդված տեսել ու տարել հիվանդանոց»:

Դատարանում Հասմիկ Խաչատրյանն էլ բավականին ծավալուն ցուցմունք է տվել, փաստաբանի խոսքերով` Հասմիկը մոտ 1.5 ժամ ներկայացրեց դեպքը,  բայց ամբաստանյալի փաստաբանը փորձում էր հարցերով թուլացնել Հասմիկի ցուցմունքը, ինչ-որ հակասություններ գտնել, բայց չստացվեց:

Ամբաստանյալի փաստաբանն էլ է դատարանին միջնորդություն ներկայացրել` գործը դռնփակ նիստով անցկացնելու համար: Տիգրան Մուրադյանի խոսքերով`«Նրանք դռնփակ նիստի այդ միջնորդությամբ փորձում էին մեղմացնել գործի հնչեղությունը, որպեսզի գործը գաղտնիության շրջանակներում քննվի, լուսաբանելու հնարավորություն չլինի»:

Դատարանը մերժել է դռնփակ նիստի միջնորդությունը: Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ էին ուզում, որ դատական նիստը դռնփակ լինի, պարոն Մուրադյանն ասաց. «Հիմնավորեցին, որ գործի քննության ընթացքում անձնական կյանքին վերաբերող հարցեր կան, նրանք գնվել են փոխամուսնական հարաբերութունների մեջ, ամբաստանյալը չի ցանկանում բացահայտվի ամուսնական կյանքը: Բայց, ըստ էության, դատարանը քննում է Հասմիկ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործելու քննությունը»:

Տիգրան Մուրադյանի խոսքերով` հաջորդ նիստին պետք է այլ վկաներ էլ ցուցմունք տան, որից հետո ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի ցուցմունքները դատարանում կլսվեն, ապա դատարանը կանցնի գործի ապացույցների հետազոտմանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Այս լուրը մի անգամ էլ է աչքովս ընկել (կարծեմ՝ Հետքում): Շատ լաւ է, որ Յասմիկը դիմել է դատարան: Մարդու արժանապատուութիւնը շատ աւելի սուրբ է, քան ընտանիքը: Այո՛, այո՛: Հայ իրականութեան համար արտասովոր միտք եմ ասում, բայց քաղաքակիրթ աշխարհում այդպէս է:

    Աւելին, մեր հասարակութիւնը կամաց-կամաց պէտք է աջակցի, որ միւսներն են բարձրաձայնեն նմանօրինակ ահասարսուռ խոշտանգումները: Իրաւապաշտպան կառոյցները, ինչու չէ նաեւ պետութիւնը տարբեր (խրախուսական) մրցանակներ պիտի շնորհեն Յասմիկի նման համարձակ կանանց:

    Յ.Գ. Այս վերջին մտքիս վրայ ծիծաղս եկաւ: Մի պահ պատկերացրի՝ Շմայսը կամ Նեմեցը կանանց իրաւունքների բնագաւառում մրցանակ են շնորհում որեւէ կնոջ ու իրենց ելոյթում նշում, որ ընտանեկան բռնութիւնները ի սպառ պիտի վերանան մեր հասարակութիւնում 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728