Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանայությունը ոչ թե աշխատանք, այլ նվիրում է, կոչում

Փետրվար 24,2014 22:50

«Երբ ինձ հարցնում են՝ որտե՞ղ եք աշխատում, միշտ ուղղում եմ՝ ասելով, որ ոչ թե աշխատում, այլ` ծառայում եմ». Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի հրատարակչական գործերի պատասխանատու Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանն արդեն 26 տարի ծառայում է Մայր Աթոռում` 13 տարի որպես աշխարհիկ պաշտոնյա և 13 տարի` որպես  հոգևորական:

Որքան էլ զարմանալի է, ի սկզբանե Տեր հոր նպատակը հոգևորական դառնալը չի եղել: Նա անցյալ դարի վաթսունականներին սովորել է Երևանի Պետ. Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, Լենինգրադի /այժմ՝ Սանկտ Պետերբուրգ/ համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, աշխատել է դպրոցում, դասավանդել ֆիզիկա, մաթեմատիկա, իսկ «մինչև Մայր Աթոռ գալը Հայաստանի մինիստրություններից մեկի Հաշվիչ կենտրոնի ծրագրավորման բաժնի վարիչն էի»:

Սակայն այս ֆիզիկոս-ծրագրավորողի մեջ ապրող քրիստոնյան գործում էր միշտ: Եկեղեցու հետ կապը մանկությունից էր գալիս. «ծնողներս եկեղեցասեր մարդիկ էին, ես էլ հաճախ էի այցելում և գրեթե ամեն կիրակի մասնակցում Սբ. Պատարագներին»: Տեր Հոր հիշողության մեջ անգամ վառ տպավորված էր  իր՝ մանուկ հասակում  մկրտության պատկերը Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում:

Մինիստրությունում աշխատելու տարիներին նա հնարավորություն է ունեցել շփվելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառի հետ, սակայն չէր կարող պատկերացնել, որ այդ հանդիպումներն ու այցելությունները  հիմնովին փոխելու էին իր կյանքը: «Վեհափառը գիտեր, որ ես ծրագրավորող եմ, և 1988 թ., երբ Հայաստան մտած առաջին համակարգիչը ստացվեց Մայր Աթոռում (մի փոքր համակարգիչ՝ Macintosh plus, որն այսօր միայն թանգարանում կարելի է տեսնել), նա ինձ հրավիրեց աշխատելու այստեղ»,-պատմում է Տեր Հայրը: Վեհափառի հանդեպ ունեցած բացառիկ հարգանքը թույլ չտվեց մերժել, և  հաջորդ օրն իսկ հրաժարվելով աշխարհիկ աշխատանքից` նա Սբ. Էջմիածին տեղափոխվեց. «Դա ինձ համար աստվածային հրավեր էր…»: Վեհափառի նպատակն էր Մայր Աթոռում առաջին անգամ պատրաստել և հրատարակել Աստվածաշնչի արևելահայերեն ամբողջական մի նոր թարգմանություն /Նոր Կտակարանն արդեն մի քանի անգամ հրատարակվել էր/: «Այդ ժամանակ բավական բարդ էր հրատարակչական գործը. այդ հին տեխնոլոգիաներին գալիս էր փոխարինելու համակարգչային տեխնոլոգիաները: Սուրբ Գրքի ամբողջ շարվածքը,  յուրաքանչյուր բառ ինքս  եմ հավաքել». այս ամենի շնորհիվ է, որ Տեր Հայրն այժմ էլ շատ լավ հիշում է աստվածաշնչյան տողերի համարները:

Նախքան ձեռնադրությունը Տեր Ղևոնդը ծառայել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնում, մի քանի հեղինակային կրոնական գրքեր հրատարակել, նաև դասավանդել հանրակրթական դպրոցներում, մասնակցություն ունեցել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի պատրաստման գործում:

Պատահական չէ Տեր Ղևոնդ քահանայի անվան ընտրությունը. նա սրբոց Ղևոնդյանց քահանաների  տոնին է ձեռնադրվել: «Ես արդեն «ղևոնդյան ոգով» ապրող մեկն էի, իսկ այդ օրվանից՝ 2001 թ. փետրվարի 20-ից, Գարեգին Բ Վեհափառ հայրապետի օրհնությամբ անցա Ղևոնդյան նվիրյալների շարքին` արդեն որպես քահանա»:

Այդ տարիներին, ինչպես հիշում է Տեր Հայրը, բացակայում էր հոգևոր- կրոնական գրականությունը, և «երբ որևէ մի հոգևոր գիրք էինք գտնում, չէինք քնում, կարդում էինք»: Տեր Հայրն իր կյանքը նվիրաբերել է Ավետարանի խոսքը տարածելուն` թե´ բանավոր, թե´ տպագիր ճանապարհով:

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը ստեղծման օրվանից մինչև այսօր մոտ 200 գիրք է հրատարակել, և այդ գործում Տեր Ղևոնդն իր մեծ ավանդն ունի: Այժմ նա պատրաստում է իր հեղինակային գիրքը՝  նախորդ` «Ժամանակակից աղանդները Հայաստանում» գրքի մշակված և նորացված տարբերակը: Նպատակը մեկն է՝ մեր եկեղեցու թշնամիների, զանազան կեղծ քրիստոնեական շարժումների դեմ պայքարելը: Այդտեղ ընդգրկված են Հայաստանում գործող գրեթե բոլոր աղանդները, տրված են նրանց դավանանքը, դավանանքի քննությունը,  խոցելի տեղերը և խորհուրդներ, թե ինչպես կարելի է պայքարել դրանց դեմ, և իր ձեռքին ունենալով նման գիրք, «ամեն ընտանիքի հայր, լինելով իր տան քահանան, պիտի պաշտպանի այն արտաքին թշնամիներից և մարտահրավերներից»:

Արդեն երկար տարիներ, մոտ 16 տարի, Տեր Հայրն աղանդագիտություն է դասավանդում Գևորգյան Հոգևոր Ճեմարանում` իր փորձը փոխանցելով ապագա հոգևորականներին:

Վաղը Հայ Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը և Տեր Հորը խնդրեցինք խոսել քահանայական ծառայության, քահանայի կոչման ու առաքելության մասին: Նրա խոսքով` քահանան պետք է կարողանա միջնորդ լինել Աստծո և մարդկանց միջև, իսկ դրան հասնելու համար մեծ ջանք ու եռանդ է պետք: «Քեզ տեսնելիս մարդիկ պետք է Քրիստոսին տեսնեն, իսկ դա հեշտ բան չէ: Քահանայությունն առաջին հերթին մարդկանց ծառայել, նրանց սիրել է նշանակում: Իսկ սիրո և ճշմարտության ճանապարհներով մարդկանց տանելը քահանայի մեծագույն պարտականությունն է: Ի վերջո, քահանայությունը աշխատանք, պաշտոն կատարել չէ. դա նվիրում է, ամենամեծ գործը, որ Աստված հանձնարարել է մարդկանց»:

Տեր հոր խոսքով` Վարդանանց շարժումը կարելի է երկու մասի բաժանել՝ ղևոնդյանք և վարդանանք՝ հոգին և մարմինը:  Ինչպես Վարդանանց ժամանակ հոգևորականներն իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ էին հաղորդում հայ մարտիկներին, այսօր էլ քահանաները պետք է ժողովրդին փոխանցեն Հոգու զենքը` Աստծո խոսքը` պայքարելու  համար այսօրվա թշնամիների դեմ (զանազան աղանդավորական շարժումներ, դրսից ներմուծված կեղծ արժեքներ): «Ավետարանի խոսքը, զորավոր պատգամները այսօր էլ կարող են լուսավորել և առաջնորդել մարդուն ճշմարտության ճանապարհով»,-ասում է Տեր Հայրը:

Կարևոր է ոչ միայն լսել Ավետարանի պատգամները, այլև գործադրել դրանք, ապրել դրանցով: Սաղմոսերգուն ասում է. «Մի անգամ խոսեց Աստված, և երկու անգամ լսեցինք» (Սաղմ. ԿԱ, 12): Այսօր մարդիկ Ավետարանի խոսքը մեկ անգամ են լսում, մինչդեռ երկու անգամ`ականջով, և ապա` սրտով պետք է լսել, այսինքն՝ կարողանալ լսածը կյանքի վերածել: «Քահանան պետք է կարողանա «բացել մարդկանց երկրորդ ականջը»: Պետք է աղոթական կյանքով ապրել, Սուրբ Գիրք ընթերցել. եթե մենք լավ իմանանք Ավետարանը, մեզ ոչ ոք չի կարող խաբել, և չարը, որքան էլ քողարկված գա, չի կարող հաղթել»:

 

Մարիամ  ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարքիս Քեշիշեան says:

    Հարգելի Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանն

    Խնդրումեմ բացատրել այս (զանազան աղանդավորական շարժումներ, դրսից ներմուծված կեղծ արժեքներ) նկատի ունենալով մեր Տէր եւ Փրկիչ Յիսուսի Քրիստոսի ասածը աշակերտների պահանջին ովքեր ուզումէին արգելել մէկին ով քարոզումէր բայց իրենց խումբից չէր ( համարը ավետարանում չեմ հիշում):

    Հարգանքով ու շնորհակալությամբ

    Սարքիս Քեշիշեան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/02/24/434878/?fb_action_ids=612726432129164&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map=%5B260838370744467%5D&action_type_map=%5B%22og.likes%22%5D&action_ref_map=%5B%5D

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728