«Մեկ ա, ես վստահ եմ, որ իմ աղջկան ամուսինն ա սպանել, ու սարքում ա, ամեն ինչ դասավորում ա, որ իբր Մարոս ինքնասպան ա եղել, խալաթի գոտիով կախվել ա: Տենց բան չկա, Մարոս ոչ խալաթ ուներ, ոչ էլ 4 ամսական հղի լինելով ինքնասպանության կգնար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարո Գուլոյանի հայրը` Ռոման Թովմասյանը:
2012 թվականին Մարո Գուլոյանին իբր ինքնասպան եղած գտել են նրա ամուսնու` Գեւորգ Գուլոյանի հարազատները: Մինչդեռ Մարոյի ծնողները կասկածում են, որ իրենց աղջկան հենց ամուսինն է սպանել, քանի որ մահացած գտնելուց մոտ մեկ ժամ առաջ Մարոն ծնողների հետ պայմանավորվել էր, որ 1 տարեկան դստեր հետ պետք է վերջնական լքեր ամուսնուն ու տեղափոխվեր ծնողների հետ ապրելու: Մարոյի հայրը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նախկին փեսան պարբերաբար բռնություն է գործադրել Մարոյի նկատմամբ. «Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էին խոսում, էդ Գեւորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երեւի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում»:
21 ամյա հղի կնոջ կասկածելի ինքնասպանության գործով քրեական գործը վարույթ ընդունելը 2 անգամ մերժվել է: Առաջին անգամ Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվել նախաքննությունը, որը որոշել է գործի վարույթը մերժել, ապա տուժողի իրավահաջորդի դիմումով, Գլխավոր դատախազի որոշմամբ Մարոյի գործի քննությունը վերաբացվել էր, ու գործի քննությունը հանձնարարվել էր Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնին, որը անցյալ տարի նույնպես որոշեց գործի վարույթը կարճել: Այս որոշման դեմ տուժողի իրավահաջորդը բողոք է ներկայացրել, եւ այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստն էր, որը սկսվեց առանց քննիչի ներկայության եւ 20 րոպե ուշացումով:
Տուժողի իրավահաջորդ Ռոման Թովմասյանի փաստաբանը` Լուսինե Մինասյանը դատարանին ներկայացրեց որոշ հիմնավորումներ, որով կասկածի տակ է առնում նախաքննական մարմնի գործողությունները:
Կարդացեք նաև
Փաստաբանի ներկայցմամբ` նախաքննական մարմնին ցուցմունքներ տվողների ասածները խիստ հակասական է եւ դեպքի հետ կապված ժամային տվյալները չեն համընկնում, ընդ որում, այդ մարդիկ չեն կարողանում բացատրել թե ինչու են այդքան հակասական ցուցմունքներ տվել: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ նույն անձանց 1-ին եւ 2-րդ ցուցմունքներն իրարից էականորեն տարբերվում են:
Բացի այս, նախաքննական մարմինը պարզել է, որ Մարո Գուլոյանը կախվել է իր խալաթի գոտիով, մինչդեռ խալաթը չեն հայտնաբերում. Մարոյի ամուսնու ծնողները ցուցմունքում նշել են, որ խալաթը նրա հետ թաղել են, սակայն արտաշիրիմում անելուց հետո այն չեն հայտնաբերել: Իսկ հետո այդ նույն մարդիկ ասել են, որ խալաթը հանգուցյալի բարձի մեջ են դրել ու թաղել: «Բայց բարձն այնքան փոքր է, որ սրբիչե խալթն ու այլ հագուստը այդտեղ չէր տեղավորվի: Իսկ խալաթը գտնելն այնքանով է կարեւոր, որպեսզի համադրվի «ինքնասպանության գործիք» գոտու հետ, արդյոք նման բան գոյություն ունի»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մինասյանը:
Մեզ հետ զրույցում Մարոյի հայրը պնդեց, որ Մարոն երբեք խալաթ չէր հագնում, նրա մայրն էլ նրա պահարանում խալաթ չի էլ տեսել:
Դատարանում փաստաբանը նախաքննական մարմնի այլ գործողություններն էլ կասկածի տակ առավ. վկաները վստահեցրել են, որ Մարոյի պարանոցին կարմրավուն հետք են նկատել եւ հասկացել են, որ կախվել է, բայց դիակի լուսանկարներում կարմրավուն հետք չկա: Փաստաբանը բժիշկների գործողություններն էլ է կասկածի տակ առել. գործում նշված է, որ Մարո Գուլոյանին հիվանդանոց են ընդունել ժամը 19:20-ին: Ըստ փաստաբանի, բժիշկներն իրենց ցուցմունքներում նշել են, որ շատ կարճ ժամանակում պարզել են`Մարոն դիակ է, օգնություն ցուցաբերելու հնարավորություն չկար. «Սակայն դրանցի 2 ժամ հետո են ահազանգել ոստիկանություն, անհասկանալի է, թե 2 ժամ ի՞նչ օգնություն էին ցուցաբերում դիակին»:
Այս գործով,մեղմ ասած, մի տարօրինակ հանգամանք էլ կա, փորձաքննական մարմինն էլ գործին լուսանկարները չի կցել, պատճառաբանելով, թե դրանք վնասվել, մինչդեռ, նա պետք է իր այդ պատճառաբանությունը հիմնավորելու համար, վնասված լուսանկարները կցեր գործին: Բայց, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց, փաստաբանը, փորձաքննական մարմինը վստահեցրել է, թե ժապավենը գցել է: Ընդ որում, անհասկանալի է, թե ինչո՞ւ նման լուրջ կառույցը, այն էլ 21-րդ դարում, աշխատում է, ոչ թե թվային ֆոտոխցիկով, այլ` լուսային ու մի բան էլ հանգիստ պատճառաբանում, թե ժապավենը վնասվել է, դեն է նետել, այսինքն` գործով ապացույցը դեն է նետել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը`11:00-ին
Այս մասին առավել մանրամասն` վաղվա տպագի «Առավոտում»
Նելլի ԲԱԲԱՅԱՆ