Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ի օգուտ Կապանի կոմբինատի նախկին աշխատակցի է որոշում կայացրել

Փետրվար 24,2014 18:46

Կապանի կոմբինատի`«Դինո գոլդ մայնինգ քամփնի» փակ բաժնետիրական ընկերության (ներկայիս «Դանդի փրիշս մեթալս Կապան»), նախկին աշխատակից Արմեն Խուրշուդյանը դեռեւս 2013թ.-ի մարտի 13-ին դիմել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ՝ պահանջելով աշխատանքի վերականգնում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձում:

Սակայն, նոյեմբերի 15-ի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Ս.Գրիգորյան) հայցը մերժեց, որից հետո նախկին աշխատակիցը  դիմեց Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով դատարանի վճիռը:

Ինչպես տեղեկացանք Արմեն Խուրշուդյանի ներկայացուցիչ Արշավիր Խալափյանից՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը փետրվարի 20-ին ի օգուտ իրենց է որոշում կայացրել: «Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց վերաքննիչ  բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2013 թվականի թիվ ՍԴ/0111/02/13 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան»,- նշված է դատարանի կայացրած որոշման մեջ:

Ընկերության նախկին աշխատակցին աշխատանքից ազատելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք ստացել` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության այն ժամանակվա վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանից,  ով նշել էր, թե Արմենը գող-ավազակի մեկն է եւ այլեւս ընկերություն ոտք չի դնելու: «Աշխատանքից ազատված Արմենը գող-ավազակի մեկն է:  Մենք որոշել ենք, որ Արմենը չպիտի աշխատի, քանի որ առաջին հերթին նա գող է, երկրորդը` 55 աշխատողների ներկայությամբ բացահայտորեն հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովրդային հավաքին պիտի ներկայանա «Դինո գոլդի» շորերով եւ Րաֆֆիին պիտի բողոքի, որ «Դինո գոլդն» իր բոնուսը չի տվել, երրորդը` գործադուլի իրավիճակ ստեղծելու, կազմակերպելու պատճառով», – տեղեկացրել էր պարոն Ջաբրայանը:

Արմեն Խուրշուդյանը մեկ այլ հայցապահանջով էլ  2013թ-ի ապրիլի 9-ին  դիմել էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հրաչ Ջաբրայանի` լրատվության միջոցներով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ պատվի, արժանապատվության ու համբավին պատճառած վնասի համար գումար բռնագանձելու պահանջով: Ըստ Արմեն Խուրշուդյանի ներկայացուցիչ Դավիթ Արզումանյանի` դատարանը հայցը մասնակի է բավարարել, քանի որ Հրաչ Ջաբրայանը դատարանի դահլիճում մի քանի անգամ ներողություն է խնդրել Արմեն Խուրշուդյանից նրան վիրավորելու համար, ինչպես նաեւ դատարանի վճռով պարտավորվել է 300 հազար դրամի չափով փոխհատուցում տրամադրել ընկերության նախկին աշխատակցին: Իսկ լրատվության միջոցներով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջը դատարանը մերժել է:

Դավիթ Արզումանյանը մեզ փոխանցեց, որ համաձայն չեն  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս վճռի հետ եւ մտադիր են առաջիկայում  տվյալ մասով բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728