Ուկրաինայի նոր իշխանական մարմինների լեգիտիմությունը մեծ կասկածներ է հարուցում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի կանչը նշանակում է, որ Ռուսաստանի իշխանության համար պարզ չէ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, և վտանգ է զգում իրենց շահի, քաղաքացիների կյանքի և առողջության համար:
Մեդվեդևը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ վերականգնել հարաբերություններն այն դեպքում, եթե այնտեղ ձևավորվի ժամանակակից իշխանություն՝ հիմնված սահմանադրության վրա: Նա զարմանք է հայտնել, որ որոշ արևմտյան երկրներ օրինական են համարում Ուկրաինայի իշխանական նոր կառույցները.
«Չգիտեմ, թե ինչ սահմանադրություն են նրանք կարդացել, բայց ինձ թվում է, որ դա գիտակցության ինչ-որ շեղում է, երբ լեգիտիմ համարվում է այն, ինչն իր էությամբ զինված ապստամբության արդյունք է», – ասել է նա՝ ավելացնելով, որ այդուհանդերձ Ուկրաինան Ռուսաստանի համար մնում է կարևոր գործընկեր. «Մենք պատրաստ ենք ցանկացած հարց քննարկելուն, բայց գլխավորը՝ հասկանալ, թե ում հետ պետք է քննարկենք: Եթե իշխանություն համարենք դիմակավորված մարդկանց, ապա ամենայն հավանականությամբ այդպիսի կառավարության հետ աշխատելը մեզ համար դժվար կլինի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ