Հարցազրույց ԳԱՏԱՀ հիմնադիր-նախագահ Հարություն Կարապետյանի հետ
-Պարոն Կարապետյան, Aravot.am-ի «Դեմ առ դեմ»–ում մի անսպասելի կարծիք եք արտահայտել, որ ԲՈՀ–ը պետք է պահպանվի և ավելին, նրա գործառույթները պետք է ընդլայնվեն։ Շատերի մոտ ճիշտ հակառակ կարծիքն է, որ այն պետք է լուծարվի, որպես տոտալիտար համակարգի մնացուկ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր կարծիքը։
– ԲՈՀ–ի կարգավիճակի հարցը չպետք է առանձին դիտարկվի։ Այն, ի թիվս ԳՊԿ–ի և ԳԱԱ նախագահության, հանրապետության գիտության ոլորտի մրցունակության համար պատասխանատու պետական կառույցներից մեկն է։ Եթե այս օղակներից մեկը պետք է լուծարվի, ապա դա ԳԱԱ նախագահություն կոչվող «ցերեկային ակումբն» է: Այն բացարձակապես անհաղորդ է գիտության մրցունակության խնդիրներին: Մասնավորապես, կարելի է օրինակ բերել 2000թ.–ից լուրջ ռեսուրսներ կլանող «ՔԵՆԴԼ» կոչվող «մեգա»–ծրագիրը։ Այս ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատու ԳԱԱ–ի վերաբերմունքն ավելի շուտ ալիբի է հիշեցնում։ ԳԱԱ–ն, որի նախագահն արդեն ութ տարի է՝ աթոռ է զբաղեցնում կառավարության նիստերի ժամանակ, հստակ կամ «այո», կամ «ոչ» չի ասում ծրագրի վերաբերյալ։ Ինչևէ, ԳԱԱ–ն, իսկապես, տոտալիտար համակարգի մնացուկ է, որի հիմնական գործառույթն այսօր իշխանություններին հաճոյանալու միջոցով «ակումբի» համալրման բիզնես-ծրագրի իրագործումն է։
Հիմա այն մասին, թե ինչո՞ւ պետք է պահպանվի ԲՈՀ–ը և, ավելին, ընդլայնվեն նրա գործառույթները։ Նախ, գրեթե անվիճելի է, որ ԲՈՀ–ի հանդեպ միանգամայն արդարացի դժգոհությունները պայմանավորված են վերջին տասնամյակում այդ կառույցի ակնհայտ կոռուպցիոն գործելաոճով, որի պտուղները մենք քաղելու ենք թե՛ այսօր և թե՛ վաղը, ներառյալ կրթության ոլորտում։ Բոլորն էլ տեղյակ էին ԲՈՀ–ի կոռումպացվածության մասին, որն էլ իր անժխտելի ներդրումն ունեցավ գիտության վարկի սրընթաց վայէջքի մեջ։ Ցավոք, այն ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլև ԲՈՀ–ի ղեկավարի համար ԳԱԱ կողմից ստեղծվեցին բացառիկ պայմաններ գիտության կերամանից օգտվելու համար։ Կարծում եմ, նրանց մոտ (ովքեր, իհարկե, անշահախնդրորեն են նման կարծիք հայտնում) առկա է նաև անտեղյակության հանգամանքը։ Շատերին թվում է, թե Արևմուտքում չկան ԲՈՀ–ի գործառույթով կառույցներ և այն զուտ խորհրդային երևույթ է։ Իրականում այդպես չէ։ Օրինակ ԱՄՆ–ում, բոլոր կրթական, ներառյալ տարբեր մասնագիտացումներով Ph.D. ծրագրերը ակրեդիտացվում և հետագայում պարբերաբար վերահսկվում են անկախ կառույցների կողմից։ Ակնհայտ են ԲՈՀ–ի հետ սկզբունքային նմանությունները, որոնք բխում են գիտական գործունեության գնահատման սկզբունքներից՝ լինի դա ԽՍՀՄ–ում, թե ԱՄՆ–ում։ Մասնավորապես, մասնագիտական խորհուրդների ստեղծումն ու դրանց գործունեության վերահսկողությունը ԲՈՀ–ի պարտականություններից են։ Ավելին, վերահսկողության առումով ԲՈՀ–ի գործառույթներն ավելի խստացված են, քանի որ մասնագիտական խորհուրդների յուրաքանչյուր որոշումը հաստատվում է ԲՈՀ–ի կողմից։ Նման, տոտալ վերահսկողության գործելաոճն իրոք, որ ընդօրինակել ենք ԽՍՀՄ ԲՈՀ–ից, որն ուներ նաև քաղաքական գործառույթներ։ Նման գործելաոճը, հաշվի առնելով մեր իրականությունը, կարող է ունենալ երկու, մեկը` մյուսին բացառող, զարգացումներ։ Առաջին, եթե ԲՈՀ–ի նախագահի համար անձնական շահը առաջնային է, ապա նման տոտալ վերահսկողությունը պարարտ հող է կոռուպցիայի համար։ Երկրորդ, եթե ԲՈՀ–ի նախագահը նախանձախնդիր է գիտության վարկի ու որակի համար, ապա վերահսկողության նման մոտեցումը նույնիսկ անհրաժեշտ է այսօր, երաշխիք՝ իներցիայով դեռևս անցյալից եկող անորակ աշխատանքներից ինչ- որ չափով խուսափելու համար։ Ներկա դրությամբ ԲՈՀ–ի նախագահի գործելաոճն ու առաջին քայլերը արտառոց են ռեժիմի գործելաոճից։ Միգուցե, մարտավարություն է, ընդամենը։ Չգիետեմ, բայց և այնպես, նաև հուսադրող են ավելի սկզբունքային մեխանիզմների ներդրման տեսակետից, որոնք ինքնըստինքյան կբացառեն կամայականությունները։ Այդպիսի հնարավոր քայլերից մեկին բոլորովին վերջերս տեղեկացանք «Հայելու առաջ» հեռուստահաղորդման ժամանակ՝ հենց ԲՈՀ–ի նախագահից։ Նա, ի դեպ, հպանցիկ, շատ կարևոր փաստ հայտնեց։ Ըստ նրա, ինքն անձամբ լինելով ԲՈՀ–ի կոլեգիայի անդամ, մնացած անդամներին առաջարկել է կամավոր հրաժարվել հայցորդների ղեկավար դառնալուց և, որ կոլեգիայի անդամները հղում անելով «մարդու իրավունքի» վրա, չեն ընդունել առաջարկությունը։ Ա՛յ, այստեղ արդեն ուրիշ բառ, քան դեմագոգիան, չեմ գտնում, որն էլ պատճառ հանդիսացավ ԲՈՀ–ի գործող կոլեգիայի կազմն ու մասնագիտական խորհուրդների նախագահներին պարզելու համար։ Մի փոքր շեղվելով բուն նյութից՝ փաստենք, որ ամբողջ աշխարհում, որտեղ գիտությունը զուտ գիտական նպատակներ է հետանդում և ոչ ավելին, այսպես կոչված շահերի բախման հնարավորության բացառումն ամենաառանցքային սկզբունքն է։ Այն պետք է հանդիսանա պայման ԲՈՀ–ի կոլեգիայի անդամ լինելու համար` անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից և գիտական կոչումներից։ Հատկապես, որ թե՛ կոչումները և թե՛ պաշտոնները մեր մոտ բացարձակապես ոչինչ չեն նշանակում։ Կոլեգիայի անդամությունը, ինչքան գիտեմ, վճարովի չէ՝ լրացուցիչ բեռ է, եթե այլ նպատակներ չկան։ Բացի դրանից, կոլեգիայի հնարավոր անդամները, եթե իրենց կողմից «մարդու իրավունքը» առանձնակի է կարևորվում, ապա կարող են այդ իրավունքից օգտվել կոլեգիայի անդամ դառնալուց առաջ` «կամ, կամ» ընտրելու տարբերակով։ Պարզ է, որ նույն մոտեցումը պետք է լինի նաև մասնագիտական խորհրդների նախագահների վերաբերյալ, որոնցից շատերը կազմակերպությունների ղեկավարներ են, որոնք, իրենց հերթին, ի պաշտոնե նաև կազմակերպությունների գիտխորհուրդների նախագահ են։
Կարդացեք նաև
Այսինքն, նախ ԲՈՀ–ի կոլեգիան հաստատող պետական կառավարման մարմինը պետք է պարզապես արգելի ԲՈՀ–ի գործունեության արդյունքով շահագրգիռ անձանց ներգրավումը կոլեգիայի կազմում, իսկ ԲՈՀ–ն էլ, իր հերթին, պետք է արգելի մասնագիտական խորհուրդների նախագահումը գիտական կազմակերպությունների ղեկավարների կողմից։ Հակառակ դեպքում, դժվար չէ օրինակի համար պատկերացնել, նույնիսկ անտեսելով հայտնի դեպքերը, ԳԱԱ համակարգից որևէ ոչ ստորաքարշ գիտաշխատողի և նրա կողմից առաջարկված նախագծի ճակատագիրը, ով ըստ պատշաճի ժամանակին չի հաճոյացել ԳԱԱ նախագահին և հայցորդ է այն մասնագիտական խորհրդում, որի նախագահը նույն ԳԱԱ նախագահն է, ով բացի դրանից, միաժամանակ ԲՈՀ–ի կոլեգիայի և կառավարության անդամ է։ Համոզված եմ, որ ոչ մի երկրում այսպիսի ռիսկի չեն գնա և մեկի ձեռքում չեն կենտրոնացնի բոլոր լծակներն ու ռեսուրսները՝ լիսենկովշչինան մեզ օրինակ։
Հիմա, խոսելով ԲՈՀ–ի մասին, անդրադառնանք ԳՊԿ գործառույթներից մեկին՝
մրցույթների հայտերի փորձաքննությանը՝ հատկապես, որ ԱԺ–ում է գտնվում «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծին ծանոթացել եմ շատ թռուցիկ, քանի որ համոզված եմ, որ այն զուտ ձևական բնույթ է կրելու և շարունակվելու է այն զավեշտների շարանը, որոնց պարբերաբար ականատես ենք դառնում փորձաքննություն կոչված գործընթացի արդյունքում։ Օրինակ, վերջին զավեշտներից են այն փաստերը, որ 2013թ. թեմատիկ ֆինանսավորման շրջանակում շահողներից է հենց մրցույթի կազմակերպիչը։ Նախկինում, ուրիշների անունով էին ձևակերպվում նման դեպքերն ու ջայլամի պես գլուխները մտցնում ավազի մեջ՝ այս անգամ չլսելու համար։ Բայց, այս վերջին դեպքն, իրոք, արդեն ցինիզմ է։ Կամ, թե հայտը «պատահականության սկզբունքով» հանձնվում է պնակալեզ փորձագետի նախապես որոշված գնահատականի հետ միասին և այլն։ Ինչևէ, կարծում եմ պարզ է, որ օրենքն այստեղ կապ չունի։ Սահմանադրություն էլ ունենք, հետո ի՞նչ։ Ինչևէ, առայժմ առաջարկությունս ոչ թե այդ օրենքի բովանդակության մասին է, այլ օրենքը կիրարկող լիազոր մարմնի, քանի որ համոզված եմ, որ օրենքն ԱԺ–ում կընդունվի առանց էական փոփոխությունների։ Կարծում եմ, որ շատ նպատակահարմար կլինի, եթե պետական մասշտաբով փորձաքննության լիազոր մարմինը հանդիսանա ԲՈՀ–ը։ Այդ դեպքում նաև ինքնըստինքյան կապահովվի թե՛ ֆինանսավորող կառույցի՝ ԳՊԿ–ի, անկախությունը և թե՛ ԳՊԿ–ի ու ԲՈՀ–ի գործունեությունների փոխադարձ վերահսկողությունը, որն էլ կարող է հիմք հանդիսանալ հետազոտական հայտերի ֆինանսավորման օբյեկտիվության համար։
– Վերջերս ԲՈՀ–ի կողմից գիտական հանրությանը տեղեկացվեց, որ գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները խստացվել են։ Նորամուծությունը բավարար է արդյո՞ք գիտական հրապարակումների ատենախոսությունների բարձր մակարդակն ապահովելու տեսակետից։
– Ի դեպ, սա վերջերս արված երկրորդ հայտարարությունն է։
Իհարկե, ԲՈՀ–ի կողմից ընդունելի հրատարակություններն ունեն որոշակի ազդեցություն, բայց միայն՝ որոշակի, և ոչ որոշիչ։ Նշենք, որ խոսքը գնում է միայն տեղական հրատարակությունների մասին, որոնք և հիմնականում նպաստում և սպասարկում են ոլորտում առկա հովանավորչությանն և կոռուպցիային (պետք է գոհ լինել, որ քննադատությունիցս հետո (Lragir.am, 0.5.05.2012) «Вестник МАНЕБ»–ն ու նման բացահայտ ապուշությունները հանվեցին)։ Բայց, արտասահմանյան այն ամսագրերի մասին, որոնք ընդգրկված չեն WoS և Scopus տեղեկատվական շտեմարանների մեջ, կարծես թե խոսք չկա։ Նկատի ունեմ ռուսալեզու հրապարակումներն ու այսպես կոչված «միջազգային գիտաժողովների» թեզիսները, որոնք տեղի են ունենում Ալթայի երկրամասի «Զավետի Իլիչա» գյուղում և հաճախ ներկայացվում որպես հրապարակում արտասահմանում։ Օրինակ, մի քանի տարի առաջ ոլորտի մի բարձրաստիճան չինովնիկ երկրորդ փուլով դոկտոր օծվեց, որի սեղմագրի հրապարակումների ցանկում կար մի հղում, որն արտասահմանյան ցույց տալու նպատակով ռուսերենից թարգմանել էին անգլերեն՝ այն էլ տառասխալներով։ Չինովնիկին հիշեցի, քանի որ նա դեռևս գիտակրթական համակարգում է, կրթում է ուսանողներ, միգուցե նաև ասպիրանտների է ղեկավարում և կապ ունի քննարկվող հարցի հետ։ Հիմա դիտարկենք ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված պահանջները, որոնք հետայսու ներկայացվելու են գիտական հրատարակություններին և ընդունելի լինեն ԲՈՀ–ի համար և հրամցվում են, որպես պահանջների խստացում։ Թե ո՞րն է այդ պահանջների խստացումն, անհասկանալի է։ ՀՀ ԿԳՆ–ն շարունակում է օբյեկտիվության և գիտական ակտիվության չափելի չափորոշիչների փոխարեն օգտագործել ոչինչ չասող չափորոշիչներ։ Ավելին, իբր խստացված այդ պահանջներն իրականում ունեն թե՛ անորակության և թե՛ կոռուպցիայի համար նախատեսված սողանցքներ։ Օրինակ, ի՞նչ է նշանակում «երաշխավորագրերով» գիտական հրապարակում, ո՞վ է երաշխավորելու, որ այդպիսի հրապարակումը հավասարեցվում է, փաստորեն, WoS–ում կամ Scopus–ում ընդգրկված ամսագրերի հրապարակումներին։ Եթե, նմանակել են «ДАН СССР»–ին, ապա պետք է հաշվի առնվեր նաև, որ ՀՀ ԳԱԱ անդամներից շատերի անունն անգամ չեք գտնի WoS–ի կամ Scopus–ի շտեմարաններում, իսկ ոմանք էլ ներկա են միայն զերոյական վարկանիշներով։ Դա, փաստ է։
Նույնը վերաբերում է նաև «դոկտորներին», որոնցով համալրված պետք է լինեն պարբերականների գիտական խորհուրդները։ Այդպիսի դոկտոր կարող է լինել նաև վերևում հիշատակած տգետը։ Մյուս կողմից, կա հնարավորություն պարբերականների միջոցով էապես նվազեցնել խոտան ատենախոսությունների թվաքնակը և, իրականում, բարձրացնել գիտության վարկը, եթե իսկապես կա այդպիսի ցանկություն ու, հատկապես, կամք։ Օրինակ, առաջին պարտադիր պահանջը պետք է վերաբերի գիտական խորհուրդներում ընդգրկվող դոկտորների մասնագիտական օբյեկտիվ վարկանիշին՝ հիմնված WoS–ի կամ Scopus–ի տվյալների վրա ։ Կարծում եմ, որ Հայաստանի դեպքում այդպիսի վարկանիշ կարող է հանդիսանալ «h–ինդեքսը», քանի որ մեր մոտ չկան հանճարներ և այն չունի այնպիսի ժամանակային սահմանափակում, ինչպիսին է. «իմ լավագույն հոդվածները տպագրվել են 1990թ.–ից առաջ»։ Ասենք, գիտական խորհրդի անդամության վարկանիշային շեմը կարելի էր սահմանել «h–ինդեքսը»=5, որն, անխոս, շատ համեստ ցուցանիշ է միջազգային մասշտաբով։ Բայց և այնպես, չափելի ցուցանիշ է։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ այդ համեստ շեմն էլ է շատ հաճախ անհասանելի մեր շատ դոկտորների ու նույնիսկ ակադեմիկոսների համար, որոնք ամեն տեղ ու ամենուր են։ Այդ դեպքում, նախ պետք է գիտական խորհուրդներ հրավիրել մեր հայրենակիցներին արտասահմանից, կամ, երկրորդ, կարելի օգտվել այն հանգամանքից, որ մրցունակ գիտությունը գլոբալիզացված էր դեռևս այն ժամանակներից, երբ գլոբալիզացիան մոդա չէր և պարբերականների գիտական խորհուրդներում ներգրավել մասնագետներ տարբեր երկրներից։ Անկասկած, բացի մասնագիտական վարկանիշային չափորոշիչներից, շատ ավելի բարդ է բարոյական չափորոշիչներոմ կողմնորոշվելը։ Բայց և այնպես, կան ակնհայտ դեպքեր, երբ որոշ ակադեմիկոսների և դոկտորների համար օբյեկտիվությունը սկսվում և ավարտվում է վճարված արծաթով, որից հետո նրանք ոչ միայն դադարում են կուրծք ծեծել ոլորտում առկա անարդարության համար, այլև համագործակցում են հենց նույն հանցագործների հետ անարդարություն սերմանելու գործում։
– Իսկ, ո՞րն էր ԲՈՀ–ի կողմից արված մյուս անսպասելի հայտարարությունը։
-Հայտարարվել է «տնտեսագիտություն» մասնագիտացմամբ երկու խորհուրդների հնարավոր լուծարման մասին, որպես ամենաշատ խոտան (մեղմ ասած, իհարկե) արդյունք տվող խորհուրդների։ Խիստ զարմանալի է, որ այս նախաձեռնության մասին հայտարարել է ԲՈՀ–ի նախագահի նորանշանակ տեղակալը, ով ըստ էության նոր կադր է ոլորտում։
Սա արդեն դարակազմիկ հայտարարություն է, որը, փաստորեն, ապաշխարելու նման մի քայլ կլիներ, եթե իրականացվեր։ Անձամբ, ես չեմ հավատում` այն էլ ներկա պայմաններում: Միգուցե, որոշակի մարտավարություն է ընտրվել, չգիտեմ, բայց խոտան հայտարարված ատենախոսությունների թիվն ու այս երկու կարևոր հայտարարություններն էլ առիթ են հանդիսանում եզրակացնել, որ ԲՈՀ–ում ինչ որ արմատական գործընթացներ են տեղի ունենում։ Ներկա վիճակում, ավելի հավանական եմ համարում ԲՈՀ–ի կուսակցականացումը ԽՍՀՄ–ի օրինակով ու կուսակցական գրախոսության ներմուծումը։ Չգիտեմ, շատ կուզենայի, որ սխալված լինեմ, բայց դրական, այն էլ արմատական փոփոխությունները գիտա–ֆանտաստիկ բնագավառից են, հատկապես 2013թ. սեպտեմբերի 3–ի շրջադարձային իրադարձությունից հետո։ Զարմանալի կլիներ, որ ռեժիմի ինչ որ մի օղակ գործեր ոլորտի զուտ մասնագիտական շահերից ելնելով։ Ինչևէ, խիստ անհավատալի է, որ 014 «տնտեսագիտություն» մասնագիտացմամբ խորհուրդը լուծարվի։ Համոզված եմ, որ 014 մասնագիտական խորհուրդը չի լուծարվի, ինչքան էլ, որ այն արդարացված լինի։ Ավելին, համոզված եմ, այդ խորհրդի նախագահին էլ չեն համարձակվի փոխել։ Չէ՞ որ նա է երիտՀՀԿ–ականների գիտության ոլորտ ներգրավելու հիմնական կնքահայրը։ Իսկ ԲՈՀ–ի նորանշանակ նախագահի տեղակալի հայտարարությունները, համոզված եմ, որ պայմանավորված են ոլորտի նիստ ու կացի անտեղյակությամբ կամ վատ ինստրուկտաժով, ընդամենը…
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ