Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Չորս ոչ իշխանական ուժերը մրցակիցներ են, իրական դաշնակիցներ այնտեղ չկան»

Փետրվար 24,2014 17:31

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը ադեկվատ պատկերացում ունենան իրավիճակի վերաբերյալ, որ չհայտնվեն այն իրավիճակի մեջ, որի մեջ հայտնվեց Ուկրաինան»,-խոսելով ուկրաինական սցենարի` Հայաստանում կրկնվելու հնարավորության մասին, այսպիսի կարծիք է հայտնում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այսօր մեր հասարակությանը հուզող հարցերից մեկն այն է, թե Ուկրաինայում տեղի ունեցածը հնարավո՞ր է վտանգի Մաքսային միության ճակատագիրը: Այս առիթով պարոն Բոզոյանը դժվարանում է հստակ գնահատականներ տալ ու նշում է. «Ճիշտ կլիներ, որ այդ ինտեգրացիան ավելի մտածված ու հասունացած լիներ, որ ժողովուրդն ամբողջական պատկերացում կազմեր` ի՞նչ է դա, այլ ոչ թե վերևների մակարդակով այդ ինտեգրացիան տարվեր»:

Երվանդ Բոզոյանը կողմնակից է ոչ թե ուկրաինական սցենարը Հայաստանում կրկնելուն, այլ խաղաղ ճանապարհով իշխանությունների արձագանքելուն: Նա մասնավորապես այսպիսի կարծիք հայտնեց. «Չորս ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացված են և իրենց շուրջ կոնսոլիդացրել են հասարակության մեծ մասը: Նրանք իրենց առջև իռացիոնալ խնդիրներ չեն դնում: Գերադասելի է, որ իրադարձությունները զարգանան խաղաղ ճանապարհով, որ  իշխանությունը կոմպրոմիսի գա, նոր կառավարություն ձևավորվի, որտեղ չորս ոչ իշխանական ուժերը ներկայացված կլինեն: Ուկրաինայի դասը ցույց տվեց, որ իշխանությունը, եթե չի գնում զիջման, հետո ավելի մեծ զիջման է գնալու, ավելի շատ ցնցումներով»:

Առաջին հայացքից ասվածը հայաստանյան իրականության համար ուտոպիա է: Aravot.am-ի դիտարկմանը, այդ ինչպե՞ս պետք է նման փոխզիջման հասնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ չորս ոչ իշխանական ուժերն այս պահի դրությամբ կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, պարոն Բոզոյանը պատասխանեց. «Ոչ թե համաձայնության չեն գալիս, այլ  հարցը քննարկման փուլում է: Զուտ տակտիկական իմաստով քննարկում են, թե երբ բարձրացնեն այդ խնդիրը և ինչպես: Կառավարության անվստահության հարցը բարձրացված է նաև հասարակության կողմից, նախագահն էլ է նշում, որ հասարակության մեծ մասը  չի վստահում կառավարության բարեփոխումներին: Չորս ոչ իշխանական ուժերն ուզում են լուրջ պատրաստվել ու լուրջ այլընտրանք ներկայացնել: Ժողովուրդն այլևս չի ցանկանում հանդուրժել այս իրավիճակը: Մենք ունենք ղըրղզական, կամ աֆրիկյան աշխատավարձ և եվրոպական գներ»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահազարյանը Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական ու գաղափարական դիտանկյուններից ելնելով նշեց, թե ինչն է չորս ոչ իշխանական ուժերին խանգարում ընդհանուր հայտարարի գալ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում. «Այդ չորս ուժերը մրցակիցներն են, իրական դաշնակիցներ այնտեղ չկան: Նրանցից յուրաքանչյուրն իր հերթին մրցակցում է Հանրապետականի հետ: Ուստի այս իրավիճակում նրանք չեն կարող ընդհանուր հայտարարի գալ»: Պարոն Բոզոյանի այն դիտարկմանը, թե այդ չորս ուժերը խաղաղ ճանապարհով կարող են հասնել նրան, որ իշխանությունը նոր կառավարություն ձևավորի, պարոն Մելիք-Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Նրանք գերագնահատում են իրենց ուժերը, եթե մտածում են, որ ՀՀ-ում սոցիալական լուրջ շարժում կարող են ձևավորել: Հասարակությանը քաղաքական ուժերից, առավել ևս ընդդիմությունից հիասթափված է, ուստի այդ չորս ուժերը միասին վերցրած իրենց բոլոր ուժերն էլ ներդնեն նախկինում Հայաստանում ստեղծված բողոքի ալիքի նման ալիք ներդնել չեն կարող: Տարվա ընթացքում նրանցից ինչ կարելի է սպասել, եթե անգամ հիմնական, գլխավոր քաղաքական նպատակի առկայության պարագայում չեն կարողանում միասնական հանդես գալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728