Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է ուկրաինական սցենար Հայաստանում

Փետրվար 24,2014 16:59

Ուկրաինական զարգացումները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ձևավորել: Հայաստանի հետ զուգահեռներ հաճախ են անցկացվում: Սակայն խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում գոյություն ունի այն ներուժը, որի շնորհիվ Ուկրաինայի ժողովուրդը ինքնակազմակերպվեց և ի վերջո կարողացավ հաղթանակ տանել:

Փորձագետների մի խումբն այն կարծիքին է, որ ուկրաինական շարժում Հայաստանում էլ կբարձրանա, դրա բոլոր նախադրյալները կան` հանձին ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, գազի սակագնի, Մաշտոցի պուրակի, բարևահեղափոխության շարժումների: ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի և Ուկրաինայի միջև. «Հայաստանը նման է արդեն իսկ նախկին Ուկրաինային. նույն քրեաօլիգարխիկ ռեժիմն է, ազատությունների մակարդակով ևս շատ նման են այդ երկու երկրները: Երկուսն էլ վերջին պահին հրաժարվեցին ստորագրել ասոցացման համաձայնագիրը, երկուսն էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի տարածքում են: Ուստի չի բացառվում նաև նման շարժման ձևավորում Հայաստանում»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս վստահ է, որ Հայաստանը, ինչպես նաև արևելյան գործընկերության բոլոր երկրները, կգնան նույն ճանապարհով, ինչ Ուկրաինան: Պարոն Մեհրաբյանը նկատեց. «Հայաստանում կա հզոր քաղաքացիական պոտենցիալ, բայց ՀՀ քաղաքական դաշտն ընդհանրապես ադեկվատ չէ քաղաքացիների իրական պահանջմունքներին: Քաղաքական դաշտը թթվի քարի նման դրված է քաղաքացիական հասարակության պարանոցին»:

Տրամագծորեն այլ կարծիքի է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա հարց է բարձրացնում` «Ուկրաինայի ճանապարհով գնալ, այսինքն՝ ունենալ պառակտում հասարակության մե՞ջ, ունենալ տասնյակ զոհե՞ր, հազարավոր վիրավորնե՞ր… Ուկրաինայում էլ սկզբից նման կերպ չէին մտածում: Իրականում չեմ կարծում, թե այդքան էլ մեծ ալիք լինի: ՀՀ-ն Ուկրաինա չէ, այստեղ չկա երկու կամ երեք անձերի բաժանվածությունը` ուկրաինալեզու արևմտյան և ռուսալեզու արևելյան մասի, և շատ այլ հարցերում Հայաստանը այլ իրավիճակում է: Նույն ձևով ժամանակին ասում էին, որ Հայաստանում եգիպտական, իրանական և անգամ Ստամբուլի իրադարձություններն են սպասվում: Եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանում լինի այն, ինչ Կիևի փողոցներում, ապա դա իրենց ցանկությունն է: Չէի ցանկանա, որ ՀՀ-ում նման բան լիներ, քանի որ եթե մարդիկ զոհվեն, հնարավոր է նրանց մեջ լինեն այն մարդիկ, որոնք խոսում են այդ մասին ու սպասում: Կան բազմաթիվ ինդիկատորներ, որոնք վկայում են այն մասին, որ ՀՀ-ում չի կարող նույնը կատարվել: Մյուս կողմից էլ եթե 15 հոգի ՀՀ փողոցներում միջոցառման լինեն, բնականաբար հաջորդ օրը դա կանվանեն երևանյան մայդան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728