Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ , ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները պետք է ընդդիմության ներկայացուցիչներ լինեն՝ հաշվի առնելով այն, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ առաջինը հանդես են եկել ոչ իշխանական խմբակցությունները: «Պաշտոնապես 10 հոգի եք առաջարկում, չէ՞, այդ 10-ից երեքն են ընդդիմություն: Իմ ասածը ոչ մեկի դեմ չի ուղղված, մենք շատ լավ համագործակցում ենք մեր գործընկերների հետ, և շատ լավ է, որ խմբակցություններից մեկը կարող է բովանդակորեն ընդդիմություն հանդես գալ, ձևականորեն՝ ոչ: Շատ լավ է, դա մեր օգտին է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորը նշեց, որ եթե էներգետիկայի նախարարը կամ փոխնախարարը «ջաններին ջաֆա տային», մի քիչ բանավիճեին ռուսների հետ, գազային նման պայմանագրեր չէին ստորագրվի: Հրանտ Բագրատյանը պայմանագրերին նայում է ու հասկանում, որ արևային էլեկտրակայաններ Հայաստանում չի կարելի կառուցել. «Ես եթե իմանամ, որ արև կա, գազի վրա թքած կունենամ, 10 տարի անց Հայաստանն արևով կարտադրի իր էներգիան, բայց վախենամ, որ հնարավորություն չկա»:
Հարցը ներկայացնող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը Հրանտ Բագրատյանին պատասխանեց, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմի ձևավորման պարտադիր կարգ չկա անգամ աշխարհում՝ ամեն ինչ կախված է ձեւավորված քաղաքական մշակույթից: «Ես վստահ եմ, որ մենք ոչ շատ հեռու ապագայում կունենանք նման իրավիճակ, որ կկարողանանք գնալ այդ քայլին: Այսօր ես չեմ կարծում, որ պատրաստ ենք դրան՝ ամրագրելու ԱԺ որոշման մակարդակով, որ հանձնաժողովի նախագահը լինելու է ընդդիմությունից: Բայց միևնույն ժամանակ, ամրագրված չէ, որ լինելու է մեծամասնությունից: Դուք ասացինք, որ ընդամենը երեք անդամ են ընդդիմությունը ներկայացնում: Հետո խոսեցիք Բարգավաճ Հայաստանի մասին՝ ասելով, որ պետք է ընդդիմության թիվը շատացնենք, ես մեջբերեմ ձեր խոսքը՝ որովհետև դա մեր օգտին եմ»,- նշեց նա: Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս հանձնաժողովի ստեղծման հարցում «իմ ու ձեր» օգուտի մասին խոսք չպետք է լինի: «Հենց որ մենք խոսում ենք օգուտի մասին այս հանձնաժողովում, մենք իսկապես հայտնվելու ենք այլ դաշտում: Մեր խնդիրն ընդհանուր է այստեղ, և մեր օգուտն ընդհանուր է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ, Հրանտ Բագրատյանի դիտարկումների վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մեկնաբանություններ անել: Ասաց, որ խորհրդարանական չորս ուժերով շատ լավ համագործակցում են եւ ինքը չի ցանկանում կախվել բառային սայթաքումներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ