«Անկախ նախկին և ներկա պաշտոնյանների մեկնաբանություններից, այդ թվում` հարագարժան երկրորդ նախագահի, մենք մեր կարծիքը հայտնել ենք սեպտեմբերի 3-ից հետո: Մեր կարծիքը մնում է անփոփոխ, ու հարգանքով ենք մոտենում բոլոր քաղաքական շրջանակների գնահատականներին, ու համոզված ենք, որ բխում է մեր երկրի շահերից»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը`շարունակելով իր հարցազրույցների շարքը, այսօր իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ-ի`Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ : Ռոբերտ Քոչարրյանը, մասնավորաբար, ասել է. «Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները: Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ