Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը «որոշեցին» գազի հանձնաժողովի հարցը

Փետրվար 24,2014 16:07


«Հիմա դուք երկուսով որոշեցիք, հա՞, թե ինչ պիտի անեք»,- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս դիտարկումը խորհրդարանի դահլիճում ծիծաղ առաջացրեց:

Նրա դիտարկումը վերաբերվում էր ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանին եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Երկխոսությունն ընթանում էր գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քաղաքական մեծամասնության նախաձեռնության քննարկման ժամանակ: Նախագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանից Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվում էր, թե ինչքա՞ն ժամանակ է նախատեսված հանձնաժողովի աշխատանքների համար: Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ մինչեւ այս նստաշրջանի ավարտը հանձնաժողովը պետք է իր վերջնական եզրակացությունը ներկայացնի, իսկ ՀՀԿ-ում չեն բացառում, որ այդ աշխատանքները կձգվեն մինչեւ հոկտեմբեր: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ի մասնակցությունն այս հանձնաժողովին մեծապես կախված է ժամկետի հարցի հստակեցումից: Դավիթ Հարությունյանն ավելի վաղ տիկին Զոհրաբյանին ասել էր, որ ընդդիմության մոտեցումը կարող է ընդունելի լինել: «Լսելով բոլորի կարծիքը, ես կներկայացնեմ այն նախագիծը, որը հարմար կգտնեմ: Ես հիմա էլ եմ ասում`այո, կարող է ընդունելի լինել: Ես կլսեմ, կներկայացնեմ, հետո`դուք կորոշեք ինչպես քվեարկել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը պետք է լինեն դռնփակ: Հանձնաժողովի կազմում հավասարապես պետք է ներկայացված լինեն ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները: Հանձնաժողովն ունենալու է տասն անդամ, եւ մեծամասնության ու փոքրամասնության ընդգրկվածությունը հավասարաչափ է լինելու: «Սրա նպատակը իրավիճակը բարելավելն է, քաղաքական նպատակներ չկան»,- ասաց նա:

Բանախոսը նաեւ բացատրություններ տվեց, թե ինչո՞ւ ավելի վաղ մեծամասնությունը մերժեց քաղաքական փոքրամասնության համանման առաջարկը: «Մենք մերժեցինք ոչ թե նրա համար, որ այդ հարցերը արդիական չեն, որովհետև խնդիրը իսկապես վերաբերում էր կարևոր հարցերին, որոնք պատասխանները պետք է տրվեին: Պարզապես գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունեին նաև քաղաքական ենթատեքստ, ահա ինչու անհրաժեշտ էր հավասարակշռություն, որ իսկապես քննարկեինք խնդիրը, ոչ թե քաղաքական ենթատեքստով հարցերը բարձրացվեին»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ քաղաքական մեծամասնությունն առաջարկում է բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի հարցը, որը ենթադրում է ուսումնասիրել բնական գազի ջերմատվության, հաշվիչների ստուգաչափման գործընթացը և այլն: Երկրորդ կարևոր հարցը գազի պարտքն է, և Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորումը ստուգելն է, այլ պարտքի ձևավորման օրինականության հարցը ուսումնասիրելը: Ուսումնասիրության առարկա կդառնա նաեւ «Հայռուսգազարդ»-ի օտարված բաժնեմասի, բնական գազի այլընտրանքային ներկրման հարցերը, թե ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվում գազի գինը և այլն:
«Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանին անհանգստացնում էր, թե ինչո՞ւ է քաղաքական մեծամասնությունը ցանկանում, որ հանձնաժողովի նախագահը լինի մեծամասնությունից: Ի պատասխան, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծով նման ամրագրում չկա, իսկ ցանկությունը բնական եւ պարզ է`«որովհետեւ մեծամասնություն է»: Պատգամավորի մյուս մտահոգությանը`ինչպե՞ս է հանձնաժողովը բանակցելու Իրանի հետ`հասկանալու համար այնդ երկիրը ի՞նչ պայմաններով է պատրաստ մեր երկրին գազ տրամադրել, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նման մանդատ հանձնաժողովը չի ունենալու եւ, ընդհանրապես, այլ խնդիրներ են են դրված հանձնաժողովի առջեւ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ առավելապես դիտարկումներ ներկայացրեց այն մասին, որ անվստահություն կա քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկից հետո ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728