Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի որոշմամբ` մարզի մի քանի համայնքներում մարտի 9-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ:
Քարաբերդ և Փոքրաշեն գյուղերում համայնքի ղեկավարի ընտրություններ են, գործող ՀՀԿ-ական գյուղապետերից բացի իրենց թեկնածությունն են առաջադրել նաև ՀՅԴ-ական Ալեքսան Ասատրյանը ու անկուսակցական Վարդան Սահակյանը: Մարզպետարանի պաշտոնյաների ասելով, ՀՅԴ-ն լրջորեն տրամադրված է Քարաբերդում ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Բոլոյանից իշխանությունը վերցնելու: Իսկ Փոքրաշենում ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված գյուղապետ, 34 տարեկան Կարեն Վարդանյանը կարծես թե խնդրել է համագյուղացի 31-ամյա Վարդան Սահակյանին առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի կարողանա ապահովել օրենքի` պարտադիր մրցակից ունենալու պահանջը:
Մարզպետարանցիների ասելով, մարզի 5` Վարդաքար, Ղազանչի, Բասեն, Գուսաննա, Բագրավան համայնքներում էլ սպասվում են ավագանու ընտրություններ: Բասենում բավական ակտիվ պայքար է սպասվում, 7 տեղի համար պայքարում են 9 հոգի, նմանապես Գուսսանայում 5 տեղի համար կա 8 թեկնածու, իսկ սա նշանակում է, որ այս գյուղերում այնքան էլ գոհ չլինելով գյուղապետերից, ամեն կերպ փորձում են նրանց իշխանությունը կիսել:
Կարդացեք նաև
Մարզպետարանի տարածքային վարչության պաշտոնյաների տեղեկացմամբ` տեղամասային հանձնաժողովներն արդեն ձևավորված են, 3 հանձնաժողովների նախագահները ՀՀԿ-ական են, 3-ինը` ԲՀԿ-ական, իսկ մեկինը` Քարբերդինը` ՀԱԿ-ից է: Նշենք, որ մնացած համայնքներում ավագանու անդամների 5 տեղի համար պայքարում են 6 թեկնածուներ, թեև Բագրավանում արդեն իսկ առաջադրված թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ