Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Շահսուվարյան. «Ադրբեջանին «ռազվեդչիկներ» պետք չեն. մեր մամուլն ամեն ինչ գրում է»

Փետրվար 24,2014 15:31

«Ամենակարևոր թերացումը, որ կա մամուլում, այն է, որ շատ հաճախ պատվիրված նյութեր են գրում՝ չունենալով ռեալ հիմքեր»,- «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը:
«Ես իմ աշխատանքային 20 տարիների ընթացքում տարին 2 անգամ լրագրողներին Ղարաբաղ եմ տարել, 5-6 անգամ առաջին գիծ եմ տարել: Եվ միշտ, ի զարմանս ինձ, եղել են էն լրագրողները, որոնք Ղարաբաղի մասին ինչ ասես գրում են, բայց պարզվում է՝ առաջին անգամ են Ղարաբաղ գնում, անգամ տեղը չգիտեն: Սա ամենասարսափելին է, երբ չգիտեն, թե ինչի մասին են գրում»,- ասաց Ս. Շահսուվարյանը և ապա շարունակեց. «Կամ էլ կան լրագրողներ, որ գրում են՝ էսինչ զորամասերը կեղտոտ են, ճաշի մեջ ճանճ կա: Ասում եմ՝ որո՞ւմ, պատասխան չկա: Գրում ես՝ ասա կոնկրետ,անուններ չկան: Դե, անուն տվեք, մենք էլ դրա դեմն առնենք»:

Այնուհետև խոսեց ևս մեկ թերացման մասին. «Ադրբեջանին «ռազվեդչիկներ» պետք չեն, քանի որ մեր մամուլն ամեն ինչ գրում է: Կարող են կարդալ մեր թերթերը, կայքերն ու ամեն ինչ իմանալ»: Նա ասաց, որ պատվիրված նյութերը հիմնականում լինում են այն դեպքերում, երբ պատվիրատուները «հաշիվ են ունենում» որևէ հրամանատարի հետ:
Այնուհետև անդրադարձավ դրական կողմերին: Նա ասաց. «Եթե բանակը կայացել է, ապա դա մեր բոլորի, մեր լրագրողների, մեր արած գործի, ճիշտ մեկնաբանությունների շնորհիվ է»: Իսկ այն հարցին, թե արդյոք կա ոսկե կանոն, որով լրագրողները պետք է առաջնորդվեն զինվորական թեմաները լուսաբանելիս, Ս. Շահսուվարյանն ասաց. «Ոսկի կանոնը ճիշտ խոսելն է, քո աչքով տեսածը ճիշտ ներկայացնելը: Զորամասեր են եղել, որոնց մասին էլ բան չի եղել գրելու, գրել են, որ բիչոկ է եղել գետնին: Որտե՞ղ չկա: Երբ որ սկսում են ձվի մեջ մազ ման գալ, զգում ես, որ էդ մարդը հատուկ նպատակ ունի»:

Ամփոփելով լրագրողների աշխատանքները, բանախոսն ասաց, որ հիմա ավելի լավ են լուսաբանում, քան առաջ: Այնուհետև անդրադարձավ ադրբեջանական քարոզչությանը և ասաց. «Մեր քարոզչությունը հետ է մնում ադրբեջանական քարոզչությունից»:
«Բանակն ընդամենը սիրել է պետք: Ես չեմ ասում, որ բացթողումների մասին չպետք է խոսենք: Պետք է խիստ խոսենք, բայց պետք է ճիշտ խոսենք»,- ասաց ՊՆ նախկին պաշտոնյան: Նա նաև նշեց, որ լինում են դեպքեր, որոնք պետք չէ լուսաբանել: Դրանք հիմնականում պետական գաղտնիքներ ունեցող դեպքեր են. «Դրանով մենք ուրիշի ջրաղացին ջուր ենք լցնում»:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728