«Վարչական շրջանը իրականացնում է պարտադիր նորմերի վերահսկողություն, այսինքն`եթե տանիքը կաթում է, ապա վարչական շրջանը իրավունք ունի նախաձեռնել տվյալ համատիրության կառավարչի նկատմամբ պատժամիջոց կիրառելու գործընթաց: Եթե հաշվետվություն չի փակցվել, ապա վարչական շրջանի ղեկավարն իրավունք ունի հաշվետվություն չփակցնելու համար պատժի ենթարկել կառավարչին, բայց հաշվետվության մեջ ներկայացված թվերի վերահսկողությունը պետք է իրականացնեն սեփականատերերը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վ.Զեյնալյանը պարզաբանեց, թե ինչպես են վերահսկվում համատիրությունները:
Շենգավիթ վարչական շրջանի համատիրության նախագահ Հասմիկ Ղազարյանը բնակավարձերի սակագների վերաբերյալ ասաց, որ նույն համատիրությունում պարտադիր չէ, որ նույն քառակուսի մետրի սակագինը լինի նույնը. «Տարբեր շենքերի վրա պահանջվող աշխատանքներից է դա վերցվում: Ուղղակի, որպեսզի մեր բնակիչները խուճապի չմատնվեն, մենք աշխատում ենք, որպեսզի բոլորը լինեն միանման, մինչև որ մեր օրենսդրական դաշտում փոփոխություններ կլինեն, և տվյալ շենքի համար պահանջվող գումարները մենք կսկսենք գանձել: Որովհետև 1քմ-ի համար 20 դրամը բավական չէ, քանի որ մենք ժառանգել ենք խորհրդային տարիներից շենքեր, որոնք կապիտալ վերանորոգման աշխատանքների մեծ կարիք ունեն, և եթե չլինի Երևանի քաղաքապետարանի օգնությունը, վարչական շրջանների օգնությունները, մենք չենք կարողանա բնակիչների մինիմալ պահանջները բավարարել»:
Պրն. Զեյնալյանը նշում է, որ Երևան քաղաքում գործում է 220 համատիրություն և յուրաքանչյուր համատիրություն գործում է իր պահանջների և իր հնարավորությունների շրջանակում. «Էն համատիրությունները, որոնք սեփականատերերի հետ սերտ հարաբերությունների մեջ են, սեփականատերերը շահագրգիռ են իրենց շենքի պահպանման հարցերում, այդ համատիրություններում աշխատանքները գնում են շատ լավ: Էն համատիրություններում, որտեղ համատիրության նախագահը և շենքի սեփականատերերը ջերմ հարաբերությունների մեջ չեն, և սեփականատերերը չեն պատկերացնում իրենց իրավունքները և պարտականությունները, էդ համատիրություններում մեր միջամտությունը ավելի հաճախակի է լինում, որովհետև այնտեղ հաճախակի հանդիպում ենք կառավարման դժվարությունների»:
Ինչպես հայտնեց Վ.Զեյանլյանը, Երևան քաղաքում այսօր գործում են համատիրություններ, որոնք 1քմ-ի համար գանձում են 10 դրամ: Բայց այդ համատիրությունները օրենքով չարգելված կամ օրենքով նախատեսված այլ հնարավորությունից են օգտվում: Օրենքի համաձայն սեփականատերերը պարտադիր նորմերի համար կամ պետք է վճարեն, կամ իրենց ուժերով կատարեն պարտադիր նորմերը: Այդպիսի համատիրությունները պարտադիր նորմերի մի մասը կատարում են իրենք, մի մասը կատարում են սեփականատերերը. «Դրա համար, այնտեղ, որտեղ 10 դրամ է` չի նշանակում, որ սեփականատիրոջից հենց 10 դրամ է դուրս գալիս, միևնույնն է`իր աշխատանքի ձևով կամ այլ միջամտության ձևով սեփականատերը միջամտում է: Օրինակ, Նոր Նորք 5/4 համատիրությունը գանձում է 4 դրամ, և սեփականատերերի հետ կնքած պայմանագրի համաձայն տանիքի տակ գտնվող սեփականատերերը պարտավորվել են իրենց վճարումների հաշվին, իրենք վճարում չեն անում, պահպանել տանիքը: Սա օրենքով չարգելված ձև է: Այսինքն 10 դրամը վճարում են, բայց միաժամանակ կատարում են նաև այլ աշխատանքներ»:
Վ.Զեյնալյանը հավելեց, որ սեփականատերերը ցանկացած պահի համատիրությունից կարող են ստանալ բոլոր թե′ ֆինանսական և թե′ կառավարման փաստաթղթերը. «Եթե բնակիչը վստահություն ունենա, որ թափանցիկ են բոլոր գործողությունները կատարվում, իմ կարծիքով, հեշտությամբ կվճարեն և չեն էլ մտածի` 10 դրամ է թե 30 դրամ է»:
Կարդացեք նաև
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ