Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Պուտինը չի ճանաչի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը»

Փետրվար 24,2014 14:43

«Իրադարձությունները դեռ չեն ավարտվել, և Ռուսաստանը դեռ անակնկալներ է մատուցելու»,-Aravot.am-ի հետ զրույցում, գնահատականներ տալով Ուկրաինայում իրադարձությունների զարգացումներին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի իրավիճակին` պարոն Շահնազարյանը նկատեց. «Ռուսաստանը հիմա գտնվում է համակարգային ստագնացիայի մեջ, և իր նեոկայսերապետական քաղաքականությամբ փորձում է հողահավաք կազմակերպել, որ դրանով փրկի ներքին իրավիճակը: Արդեն երրորդ օրն է՝ Պուտինը գնահատականներ չի տալիս: Ուստի լուրջ իրադարձությունները դեռ առջևում են: Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի ճանաչի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը, և եթե միջազգային հանրությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա Ռուսաստանը Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում վտանգավոր ապակայունացում կմտցնի»:

Պարոն Շահնազարյանը փաստեց, որ ակնհայտ է այն, որ  ոչ ՌԴ-ն է նույնը, ոչ էլ Ուկրաինան ու մանրամասնեց. «Ուկրաինան  ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից ինքը երբեք էլ չի լինի Ռուսաստանի գաղութը: Դա հնարավորություն է տալիս Հայաստանին, բաց առայժմ տեսական հնարավորություն, քանի որ  ՀՀ-ում քաղաքական ուժերի մեծամասնությունը ընդունում են, որ ՀՀ-ն պետք է լինի ՌԴ տիրապետության տակ: Ուստի ՀՀ-ն պասիվ դիտորդի դերում է»:

Մեր հարցին` ուկրաինական զարգացումերի արդյունքում արդյոք վտանգված չէ՞ Մաքսային միության ձևավորման հարցը, Դավիթ Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Շատ կարևոր է, թե Ռուսաստանն իրեն ինչպես կդրսևորի: Ռուսաստանը Ուկրաինայի մասնատման խնդիր է դրել, և դա Ռուսաստանի համար ծանրագույն հետևանքներ է ունենալու, ինչն էլ հանգեցնելու է ոչ միայն Մաքսային միության, այլև Եվրասիական միության վերջին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728