Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Ռուսաստանը խոշոր աշխարհաքաղաքական պարտություն կրեց»

Փետրվար 24,2014 13:01

«Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցության մեջ Ռուսաստանը խոշոր աշխարհաքաղաքական պարտություն կրեց»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Անդրադառնալով Յանուկովիչի քաղաքականությանը՝ պարոն Բոզոյանն ասաց. «Յանուկովիչը սխալ քայլեր կատարեց. փոխանակ ինքը երկիրը տաներ ավելի ժամանակակից երկրի ճանապարհով, դեպի եվրոպական արժեքներ, հավասարակշռված քաղաքականություն վարեր Ռուսաստանի և Եվրոպայի հետ, ներքին կյանքում նա իր մոտիկների ձեռքում փորձեց կոնսոլիդացնել ողջ երկրի հարստությունը, ինչն էլ դժգոհություն առաջացրեց: Այսինքն՝ նա փորձեց մեկ մարդու տնտեսություն ձևավորել երկրում»:

Քաղաքագետի կարծիքով՝ այս բացահայտ դեմարշից հետո սկսեց Եվրոպան աջակցել Ուկրաինայի այն ուժերին, որոնք դժգոհություն էին հայտնում Յանուկովիչից: Երվանդ Բոզոյանը նմանություններ նկատեց Ուկրաինայի և 2008-ից հետո ստեղծված հայ իրականության միջև: Դառնալով Ռուսաստանի բացթողումներին՝ պարոն Բոզոյանն ասաց. ««Սա Ռուսաստանի և անձամբ Պուտինի համար մեծ դաս պիտի լինի, որ ՌԴ-ն իր «ստավկան» չպետք է դնի բանկրոտ, վարկաբեկված շրջանակների վրա: Ռուսաստանը պարտվել է նրա համար, որ աշխատել է նեղ շրջանակի հետ, այլ ոչ թե ժողովուրդների հետ: Եթե այս միտումը շարունակվի, ապա հնարավոր է Ռուսաստանը մնա մենակ»:
Aravot.am-ի հարցին՝ նախադրյալներ ու պոտենցիալ կա՞, որ ՀՀ-ում ևս նման շարժում բարձրանա, պարոն Բոզոյանն ասաց. «ՀՀ-ում ևս նախադրյալներ կան Ուկրաինայում ձևավորված շարժման ստեղծման համար: Բոլոր իմպուլսներն ու տենդենցները կան: Բայց բոլորս էլ հասականում ենք, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, ու մենք չենք ուզում, որ օրակարգում նման խնդիր դրվի: Մեր քաղաքական ուժերը պետք է գտնեն այն բանաձևերը, որի արդյունքում հայ ժողովրդի կենսամակարդակը բարելավվի, այլ ոչ թե հակառակը»: Այնուհետև պարոն Բոզոյանը շեշտեց, թե «ամեն ինչ պիտի անենք, որ նույնը, ինչ Ուկրաինայում կատարվեց, չկրկնվի Հայաստանում, ամեն ինչ անեն, որ իշխանությունը խաղաղ ճանապարհով գնա զիջումների»:

Մյուս հարցին՝ արդյոք Մաքսային միություն ստեղծելու նախագիծը վտանգված չէ՞, պարոն Բոզոյանը պատասխանեց. «Դա այս պահի դրությամբ դժվար է ասել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728