ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի այս քառօրյայի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ օրերս ոչ իշխանական չորս ուժերի հասցեին արած արտահայտությունն անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ հարցին Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել էր, որ ոչ իշխանական ուժերը «ղալաթ են անում»: ՀՅԴ-ական պատագամավորը նախարարի հայտարարությունն «աննախադեպ երևույթ» որակեց, քանի որ արդարադատության նախարարը Սահմանադրությունը հարգելու փոխարեն չի պաշտպանում սահմանադրական նորմերը: Ռուստամյանը հիշեցրեց, որ ոչ իշխանական չորս ուժերն ունեն 53 պատգամավոր ու ստացվում է, որ նախարարը վիրավորում է ամբողջ Ազգային ժողովին և այդ պատգամավորների թիկունքում կանգնած ժողովրդին: «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի՝ սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում չաթլախ, չնեղանաք»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Նրա այս արտահայտությունը դահլիճում ծիծաղ առաջացրեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ծիծաղը զսպելով, նկատողություն արեց ծիծաղող պատգամավորներին. «Չեմ հասկանում ինչո՞ւ տրամադրություններդ միանգամից բարձրացավ, ամեն դեպքում շատ վատ երևույթ է, որ նման ձևակերպումներ են լինում: Պարոն Բաբլոյան, ի՞նչ կա էստեղ ուրախանալու, ես չեմ հասկանում: Ես զարմացած եմ ձեր պատասխանից պարոն Ռուստամյան»:
տեսանյութը՝ «Ա1+»-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Իսկական՝ մկների ժողավն է։