Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրները պայքարում են իրենց ծերացող ազգաբնակչության կենսաթոշակային կարիքները հոգալու համար

Փետրվար 24,2014 12:05

Նախանշվող կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հետագա սերունդների սոցիալական ապահովությունը երաշխավորելու համար, նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում

 

ԲՐՅՈՒՍԵԼ, 21փետրվարի, 2014թ.Համաշխարհային բանկի նոր «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում նշվում է, որ գերբեռնված պետական կենսաթոշակային համակարգերի վրա ծերացող ազգաբնակչության և նվազող աշխատուժի ծանրակշիռ ազդեցության հետևանքով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հրատապ բարեփոխումների կարիք է զգացվում: Եթե համարձակ կենսաթոշակային բարեփոխումներ չլինեն, ապա պետական կենսաթոշակային համակարգերի կողմից ծերության բազային սոցիալական ապահովություն երաշխավորելու անկարողությունից առավելապես կտուժեն այսօրվա  երիտասարդները և աղքատ տարեցները: Եթե այսօր քայլեր չձեռնարկվեն, սոցիալական արդարության հետ կապված մտահոգություններառաջ կգան ապագա սերունդների համար, քանի որ դա ամենայն հավանականությամբ կհանգեցնի կենսաթոշակների կրճատմանը, ինչը ավելի շատ կանդրադառնա աղքատների, քան հարուստների վրա, նշվում է զեկույցում:

Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական Միության ու Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում հրապարակված զեկույցը մատնացույց է անում, որ կենսաթոշակային համակարգերի մեծ մասն արդեն «սպառել են իրենց», եթե հաշվի առնենք հատկացումներ կատարողների թվի ավելացման ոչ մեծ հնարավորությունները՝ պայմանավորված աշխատանքային տարիքի ազգաբնակչության լճացմամբ ու նվազեցմամբ: Աշխատանքային տարիքի ազգաբնակչության թվի նվազման հետևանքով ազգաբնակչության ավանդական բուրգը, որի վերևում գտնվում են սակավաթիվ տարեցները, իսկ ներքևում մեծ թիվ կազմող աշխատանքային տարիքի քաղաքացիները, հակադարձվում է և ներկայումս բուրգի վերնամասում տեղ են գտնում ոչ մեծ թիվ կազմող աշխատանքային տարիքի քաղաքացիները,  իսկ ստորին հատվածում՝ մեծաթիվ տարեցները:

 

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները աշխարհում ամենաակտիվ բարեփոխումներ իրականացնողներից են եղել և ընդունել են մի շարք նոր կենսաթոշակային մոդելներ, ինչպիսիք են օրինակ Սերբիայի և Խորվաթիայի ընդունած միավորների մոդելը, Լատվիայի ու Լեհաստանի պայմանական հաշիվների մոդելը, Վրաստանի, Ղազախստանի և Կոսովոյի ընդհանրական կենսաթոշակների մոդելը, Էստոնիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Ռուսաստանի անհատական խնայողական հաշիվների մոդելը, – ասաց Եվրոպայի ու կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Թաքը,  – այնուհանդերձ, արմատական ժողովրդագրական փոփոխությունների պարագայում այս բարեփոխումների մեծ մասը բավարար չի եղել կենսաթոշակների համարժեք մակարդակ ապահովելու համար: Ավելին, այս բարեփոխումների մի մասը կարճաժամկետ հարկաբյուջետային ճնշումների ներքո հակադարձվել են»: 

Զեկույցում նշվում է, որ անցումային տնտեսությամբ երկրները վերջին քսան տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրել կենսաթոշակային համակարգերի բարեփոխման ուղղությամբ, որպեսզի այդ համակարգերը ներդաշնակեցվեն շուկայական տնտեսության սոցիալ-տնտեսական իրողությունների հետ: 2000-ականների կեսերի բարձր տնտեսական աճի պայմաններում հաշվի առնելով բյուջետային եկամուտների ավելացումը մի շարք երկրներ առատաձեռնություն հանդես բերեցին կենսաթոշակների մասով, սակայն տնտեսական ճգնաժամի հետևանքով այս երկրների բյուջետային եկամուտները նվազեցին, իսկ բարձր կենսաթոշակները պահպանվեցին, ինչն էլ հանգեցրեց կենսաթոշակային բարեփոխումների հակադարձմանը: Որոշ երկրներչեղյալ համարեցին անհատական խնայողական հաշիվները, որպեսզի համալրեն եկամուտների պակասը՝ դրանով իսկ վտանգելով կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովումը երկարաժամկետ հեռանկարում:

«Կենսաթոշակային համակարգերն այլևս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի սպասվելիք տևողության ավելացումը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը, – միջոցառման բացման ժամանակ ասաց Աղքատության նվազեցման ու տնտեսական կառավարման հարցերով համաշխարհային բանկի փոխնախագահ Անա Ռեվենգան, – Զեկույցը դիտարկում է լուծումների շրջանակը և եզրակացնում է, որ պետական կենսաթոշակային համակարգը պետք է առաջնայնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը և միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»:

Բարեփոխումները պետք է նվազագույն կենսաթոշակի միջոցով երաշխավորեն, որ տարեցները չհայտնվեն աղքատության մեջ: Սա կանդրադառնա կենսաթոշակների ֆինանսավորման ներկայիս եղանակների վրա:

 «Տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը կառնչվի այն հարցերի հետ, թե ովքեր և ինչքան կենսաթոշակ պետք է ստանան , – ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ Անիտա Շվարցը, ով զեկույցի հիմնական հեղինակներից մեկն է, – ներկայումս պետությունները կենսաթոշակ ապահովում են միայն նրանց, ովքեր հատկացումներ են կատարել և կենսաթոշակը կապված է նրանց կատարած հատկացումների հետ, սակայն բոլոր տարեցներին անհրաժեշտ են որոշակի միջոցներ արժանապատիվ կենսակերպ վարելու  համար: Այստեղ աշխատանքային հարկերից զատ ֆինանսավորման այլ ուղիներ գտնելու անհրաժեշտություն է առաջանում»:

Զեկույցը կենսաթոշակային համակարգերի առաջ ծառացած ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու երկու հնարավոր լուծում է նախանշում. հավելյալ հարկաբյուջետային եկամուտների ձևավորում կենսաթոշակային պակասուրդը փակելու համար և համակարգին հատկացումներ կատարողների թվի ավելացում: Տարածաշրջանի երկրներում արդեն իսկ հարկային բեռը մեծ է, հատկապես աշխատանքի մասով, ուստի այստեղ կենսաթոշակային պակասուրդը լրացնելու համար հավելյալ եկամուտներ ձևավորելու փոքր տիրույթ է մնում: Եթե տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրը չսահմանափակվի միայն աշխատանքային հարկերով, ապա այդ նպատակի համար սպառողական ու գույքային հարկերից ստացվող եկամուտների գործածմամբ կարող են լրացուցիչ միջոցներ ձևավորվել, սակայն այս առումով էլ շատ երկրներ սահմանափակ հնարավորություններ ունեն:

Հատկացումներ կատարողների թվի ավելացումը նույնպես չի կարող լուծել բոլոր խնդիրները: Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասում ակտիվ աշխատանքային տարիքի չափահասները, 35-44 տարեկանները փաստացի աշխատում են: Աշխատուժի թիվը մեծացնելու տարբերակը առավել բարձր տարիք ուղեցող անձանց հաշվին կարող է լինել, քանի որ աշխարհի այլ տարածաշրջանների համեմատ այդ խմբի աշխատողներն ավելի քիչ են: Ավելին, հատկացումներ կատարողների թվի ավելացումը կարող է միայն հեշտացնել կամ հետաձգել կենսաթոշակային համակարգերի բարեփոխումները, եթե հատկացումների ու հաշվեգրվող կենսաթոշակների հարաբերակցությունը շարունակում է մնալ հիմնարար կերպով խզված:

«Զեկույցի ամենացնցող բացահայտումներից մեկն այն էր, որ հատկացում կատարողների թվի ավելացումը՝ ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավմամբ, օգնում է կենսաթոշակային համակարգին միայն կարճաժամկետ հեռանկարում, սակայն ավելի է բարդացնում իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում, երբ հարկ կլինի կենսաթոշակ վճարել ավելի մեծ թվով թոշակառուների, – ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ Օմար Արիասը, ով զեկույցի հիմնական հեղինակներից մեկն է, – ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավումը պետությունների համար կապահովի ժամանակ, որպեսզի նրանք անհրաժեշտ փոփոխություններ կատարեն կենսաթոշակային համակարգում, սակայն այդ կերպ հնարավոր չի լինի հասնել երկարաժամկետ հեռանկարում կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովման երկակի նպատակին»:

Թեպետ լրացուցիչ եկամուտները և աշխատուժի ավելացումը թույլ կտան կարճաժամկետ հեռանկարում մեղմել  անխուսափելի կենսաթոշակային բարեփոխումների բացասական ազդեցությունները, սակայն երկարաժամկետ լուծումը կարող է լինել կենսաթոշակային համակարգերի առատաձեռնության  վերանայումը, որպեսզի կենսաթոշակներ վճարվեն միայն այն ժամանակաշրջանի համար, երբ մարդիկ այլևս չեն կարող աշխատել, թերևս կյանքի վերջին 15  տարիներին: 1970-ականներին սա էր ապահովվում, մինչդեռ ներկայումս շատ երկրներում միջին հաշվարկներով տղամարդիկ կենսաթոշակ ստանում են 18տարի, իսկ կանայք 23.5տարի:

Կենսաթոշակային տարիքի բարձրացումը և խրախուսումը, որ մարդիկ ավելի երկար աշխատեն, թույլ կտան, որ կենսաթոշակային համակարգերը ֆինանսապես առավել կայուն լինեն և ապահովեն բազային կենսաթոշակային եկամուտներ: Միջոցները, որոնցով կխրախուսվեն տարիքային բարձր խմբերի աշխատողների հետագա աշխատանքը ներառում են.

  • կենսաթոշակի աստիճանականանցման հնարավորություն, օրինակ` ոչ լրիվ դրույքով աշխատելու հնարավորություն, որի ժամանակ մասնակի կենսաթոշակ կվճարվի,
  • աշխատավայրի որոշ հարմարեցումներ, օրինակ՝ խոշորացույցի տեղադրում համակարգչի էկրանին կամ էրգոնոմիկ աթոռների ապահովում՝ տարիքով աշխատողների արտադրողականությունը բարձրացնելու և նրանց հարմարավետությունը ապահովելու համար,
  • առավել նպատակային ներդրումներ տարիքով անձանց ուսուցման ու վերապատրաստման  ուղղությամբ՝ չափահասների կրթության, վերապատրաստման ու ողջ կյանի ընթացքում սովորելու համակարգերը առավել հարմարեցնելով ծերացող մարդկանց պահանջներին:

Ի վերջո, հարկաբյուջետային ճնշումները հանգեցնում են նրան, որ երկրներն ավելի ու ավելի են սահմանափակում իրենց արդեն իսկ գերբեռնված կենսաթոշակային ծախսումները՝ խրախուսելով մասնավոր կենսաթոշակային ծրագրերն  ու անհատական երկարաժամկետ խնայողություններով ծրագրերը: Խնայողությունները աշխատողներին հնարավորություն են տալիս ունենալ կենսաթոշակային լրացուցիչ ռեսուրսներ: Այնպիսի միջոցները, ինչպիսիք են աշխատողների ավտոմատ գրանցումը խնայողական ծրագրերում, կօգնեն, որ սեփական խնայողությունների հաշվին աշխատողները կարողանան լրացնել կենսաթոշակային եկամուտների բացը:

Այնպիսի լուծումներ, որոնք կիրառելի կլինեն բոլորի համար, չկան: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղի է ընտրվում, երկրները պետք է սկսեն սոցիալական երկխոսություն այն մոտեցումների շուրջ, որոնք, ի հեճուկսժողովրդագրական մարտահրավերների, տվյալ երկրի համատեքստում թույլ կտան լավագույնս պահպանել կենսաթոշակային համակարգի կարողությունը՝ երաշխավորելու բազային եկամուտ այսօրվա երիտասարդների համար, երբ նրանք հասնեն  կենսաթոշակային տարիքի և ոչ այնքան բարեկեցիկ տարեցների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728