Հայտնի թեզի աշխարհաքաղաքական դրսեւորումները
Կիրակի օրը HTB-ով դիտեցի հատված մի ֆիլմից, որը նվիրված էր դավաճանության, այսպես ասած, անատոմիային: Հավակնում էր, համենայնդեպս, այդպիսին լինել: Խոսքը ամուսնական կամ անձնական դավաճանության մասին չէ, այլ երեւույթի քաղաքական, պետական մասշտաբով դրսեւորումների մասին: Ֆիլմում խոսք կար իրական դավաճանների մասին՝ Հայրենական պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցած գեներալ Անդրեյ Վլասովի, կամ, օրինակ, 1970-ականներին, ըստ էության նույնն արած ՊԱԿ-ի գնդապետ Օլեգ Գորդիեւսկու մասին: Ի դեպ, եթե դավաճան է Գորդիեւսկին, ապա դավաճան է նաեւ Էդվարդ Սնոուդենը: Կամ երկուսն էլ դավաճան են, կամ էլ գաղափարական անխոնջ մարտիկներ են:
Մեկ այլ պատմական դեմքի՝ «կադետների» կուսակցության առաջնորդ Պյոտր Միլյուկովին որպես «դավաճան» ներկայացնելն ինձ կասկածելի է թվում: Մինչեւ Նիկոլայ Երկրորդի թագից հրաժարվելը եւ Ժամանակավոր կառավարության ձեւավորումը (որտեղ Միլյուկովը ներքին գործերի նախարար էր) նա Դումայի պատգամավոր էր, անխնա, հաճախ պոպուլիզմի դիրքերից քննադատում էր ցարական կառավարությանը եւ դրանով իր չափով նպաստում էր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը»: Ո՞րն է դավաճանությունը, ի՞նչ պետական կամ թեկուզ մարդկային պարտավորություններ ուներ Միլյուկովը Նիկոլայի առաջ: Բացառված չէ, իհարկե, որ նա շատ էլ սխալ էր վարվում՝ պայքարելով ցարի դեմ, գուցե բոլոր քաղաքական ուժերը, պատերազմի ժամանակ պետք է համախմբվեին պետության ղեկավարի շուրջը՝ անկախ նանից, թե ինչով էր զբաղված այդ ղեկավարը: Բայց դա չանելը դավաճանություն չէ՝ այստեղ խոսքը սովորական քաղաքական պայքարի մասին է, որի գնահատականներն, իհարկե, կարող են տարբեր լինել:
Այդ վիճելի եւ անվիճելի դատողությունների կողքին, չգիտես որտեղից, հայտնվում է… «Ազատություն» ռադիոկայանը: Տրամաբանությունը մոտավորապես հետեւյալն է. նացիստների կողմը անցնելով, Վլասովը ստեղծել էր կազմակերպություն, որը կոչվում էր «Ռուսաստանի ժողովուրդների ազատագրման կոմիտե»: Ամերիկյան միջոցներով ստեղծված ռադիոկայանը, ըստ հաղորդման հեղինակի, սկզբից ճիշտ նույն ձեւով էր կոչվում: Բայց հետո մտահղացման հեղինակները տեսան, որ անունները կրկնվում են եւ ռադիոկայանին տրվեց ներկայիս՝ «Ազատություն» անունը: Ահա այդպիսի հեղհեղուկ կապ կա «Ազատության» եւ դավաճանության միջեւ: Գուցե ակնարկն այն է, որ այդ ռադիոկայանում աշխատած նախկին խորհրդային մարդիկ դավաճաննե՞ր էին:
Կարդացեք նաև
Ինչի՞ դեմ էր պայքարում «Ազատություն» ռադիոկայանը եւ ընդհանրապես արեւմտյան քարոզչական մեքենան: Կարծես թե պարզ է՝ կոմունիստական գաղափարախոսության եւ կոմունիստական ռեժիմի դեմ: Նույնը խորհրդային քարոզչությունն անում էր արեւմտյան ռեժիմների դեմ: Դարձյալ դա կարելի է տարբեր ձեւով գնահատել՝ գուցե ամենեւին էլ չարժեր իրար դեմ պայքարել, գուցե՝ հակառակը՝ Արեւմուտքն ու Խորհրդային միությունը փորձեին ոչ թե իրար ոչնչացնել, այլ զարգանալ՝ իրարից փոխառելով լավագույն կողմերը: Բայց թիրախները, բոլոր դեպքերում, ռեժիմներն են, ոչ թե ժողովուրդները՝ ի տարբերություն, օրինակ, երիտթուրքերի կամ գերմանական նացիստների, որոնց թիրախը հենց ժողովուրդներն էին:
Բայց խնդրո առարկա ֆիլմը ուղիղ տեքստով ասում է, որ «Ազատություն» ռադիոկայանը պայքարում էր ոչ թե կոմունիստական ռեժիմի, այլ խորհրդային ժողովուրդների դեմ՝ հավանաբար, ենթատեքստում ունենալով այն միտքը, որ ոչ միայն աշխատել, այլեւ լսել այդ ռադիոկայանը կնշանակեր դավաճանել սեփական ժողովրդին:
Որեւէ հիմք չունենալով՝ ֆիլմի հեղինակները պնդում են, որ «Ազատություն» ռադիոկայանն ազգային թշնամանք էր սերմանում: Իբր հայկական եւ ադրբեջանական խմբագրությունների աշխատակիցները միջանցքում սուրճ էին խմում եւ ընկերական զրուցում, իսկ այնուհետեւ գնում էին խոսափողերի մոտ եւ հարեւան ժողովուրդների հասցեին ատելություն էին սերմանում: Այդ մերկապարանոց հայտարարությունից անմիջապես հետո գալիս են ղարաբաղյան հակամարտության կադրերը՝ արյուն, լաց, ողբերգություն: Ստացվում է, ղարաբաղյան պատերազմը «Ազատություն» ռադիոկայա՞նն է հրահրել:
Նման քարոզչական ֆիլմեր մոտ անցյալի եւ ներկայի մասին ամեն տարի ստեղծվում են տասնյակներով: Երբեմն, ավելի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Բայց հիմնական խնդիրը արհեստավարժությունը չէ: Խնդիրը հնացած՝ 20-րդ դարի առաջին կեսի գաղութատիրական պատկերացումներն են: Բայց դա առանձին թեմա է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ