Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքար մկնանման կրծողների դեմ». Նախաձեռնություն Քաշաթաղում

Փետրվար 23,2014 18:53

Շաբաթ օրը մարդաշատ էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Թովնասարի սարահարթը, որտեղ 10000 հեկտարից ավելի վարելահող կա: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կայացավ նախադեպը չունեցած մի կարևոր ձեռնարկ՝  Քաշաթաղի տարբեր համայնքներից մոտ 300 հոգի, հիմնականում երիտասարդներ, այստեղ էին եկել «Պայքար մկնանման կրծողների դեմ» միջոցառման շրջանակներում:

Չնայած աշնան և ձմռան ընթացքում տարածքում իրականացվել էր նման աշխատանք՝ մոտ 2500 հեկտարի վրա դրվեց մկնդեղ, այնուամենայնիվ շատ տարածքներ դեռևս պետք է մաքրվեն կրծողներից: Անցած տարի մոտ 2500 հեկտար տարածք չհնձվեց, քանի որ մկները մեծ վնաս հասցրեցին ցանքատարածքներին: Եվ այս տհաճ երևույթից խուսափելու համար ձեռնարկվեց այս գործողությունը:  Շրջանի գյուղվարչության աշխատակիցները մասնակիցներին բացատրեցին աշխատանքի էությունը, կարևորեցին անվտանգության կանոնները: Մասնակիցներին հատկացվեցին եռագույն շապիկներ, գլխարկներ և համապատասխան ձեռնոցներ: Բաժանվեցին նաև համապատասխան թունաքիմիկատով շաղախված գարով լցված շշեր: Շրջվարչակազմի  աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը շրջում էր տարածքում, տալիս հրահանգներ, հետևում անվտանգության կանոնների պահպանությանը: Մի քանի ժամ, մոտ 700 մետր լայնությամբ 3-4կմ երկարությամբ տարածք ախտահանվեց, և կա հույս, որ այս տարի կրծողները քիչ վնաս կհասցնեն:

Միջոցառմանը մասնակցում էին նաև շրջվարչակազմի կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ, համայնքների ղեկավարներ: Այստեղ էին նաև Բուժմիավորման, փրկարար ծառայության, ուժային կառույցների աշխատակիցներ:  Զրուցում եմ մասնակիցների հետ: Հարավային Ձորափի գյուղական համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց տարածքից աշխատանքներին մասնակցում են 10-ից ավելի երիտասարդներ. նրանցից Սարգիս և Մարտին Արշակյան եղբայրները և 3 տղաներ ծառայությունից արձակուրդ են եկել և մեծ սիրով համաձայնվել են մասնակցել այս կարևոր աշխատանքին:  Հյուսիսային Դրախտաձորից նույնպես 10 հոգի մասնակցում էին աշխատանքին, Նորաշենիկի գյուղական համայնքի ղեկավարն էլ կարևորեց նման ձեռնարկն այն առումով, որ արտադրած հացահատիկը բոլորիս է, և կապ չունի, թե որ տարածքի բնակիչները պետք է իրականացնեն նման պայքար:IMG_0016 (2)

Կովսականից ավելի շատ մասնակիցներ կային. քաղաքային համայնքի ղեկավարը և Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը տեղեկացրեցին, որ բավականին մեծ տարածքի վրա իրենց համայնքի բնակիչներն են աշխատել: Երիտասարդների հետ աշխատում էր նաև մեր շրջանի նոր բնակիչը՝ Վրեժ Առաքելյանը, ով մոր հետ եկել է ՀՀ Շիրակի մարզից: Արդեն ծանոթացել էր իր աշխատանքային ընկերների հետ և ասաց, որ հաստատվելու է Քաշաթաղում: Նախատեսված ժամին ավարտվեց աշխատանքը, կարևորը՝ ամեն ինչ անցավ բարեհաջող, և աշխատավորները հասան տարածքի միակ Պաղ աղբյուրի մոտ: Բոլորն էլ գոհ էին ու անտրտունջ: Միջոցառումն ուներ նաև երկրորդ մաս՝ ճաշկերույթ և մշակութային ու մարզական ելույթներ: Ներկաներին ողջունեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Խմեցինք այն բոլոր հերոսների կենացը, ովքեր իրենց արյամբ, տառապանքի, մաքառումների ու հերոսացման գնով ազատագրեցին գերված հայրենիքը, իրենց արյամբ սրբացրեցին այս հողերը, իսկ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ հաց արարելով, երկիրը շենացնելով, մեր ստեղծած հացով ու մթերքով կերակրել մեր բանակը: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, կայացավ մրցույթ համայնքների միջև՝ երգ, պար, պարանի ձգում և այլն: Օրվա ընթացքում շրջանում գործող մեքենատրակտորոյին կայանի 5 տրակտորներ տարածքում հերկ էին կատարում՝ հողը նախապատրաստելով գարնանացանին:

ՄՏԿ-ի տնօրեն Սուրեն Աբունցը տեղեկացրեց, որ մի քանի օրից հերկի աշխատանքները կավարտվեն: Երեկոյան վերադարձանք Թովմասարից, որտեղ մոտ 10000 հեկտար հողին ցորեն ու գարի է պահ տրված: Հուսանք՝ այս տարի ավելի բարեբեր կլինի, և հողի մշակը գոհ կլինի իր աշխատանքից:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728