Փետրվարի 21-ին ԼՂՀ Պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր բանակի մարտունակության բարձրացման գործում հայ ընտանիքի, ինչպես նաև հանրակրթական դպրոցի ունեցած դերին ու նշանակության: Հրավիրվել էին արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների և ՊԲ գերազանցիկ զինծառայողների ծնողներ, ծնողները, ինչպես նաև՝ հանրապետության կրթության բաժինների վարիչներ, ուսուցիչներ, ազատամարտիկ-ուսուցիչներ, որոնց զավակները ծառայում են ազգային բանակում, դպրոցների զինվորական ղեկավարներ, շրջանային թերթերի գլխավոր խմբագիրներ: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները: Մինչև հանդիսավոր մասի սկսվելը՝ ցուցադրվեց ԼՂՀ ՊՆ «Գոյամարտ» ծրագրի նկարահանած ֆիլմը/հեղինակ Սենոր Հասրաթյան/: Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակից, մայոր Արսեն Առուստամյանը, բացելով միջոցառումը, բեմ է հրավիրում մարտիրոս ազատամարտիկներ, Յուրա Պողոսյանի/Արցախի Ազգային հերոս/ մորը՝ Էլվիրա Պողոսյանին, Արմեն Մելիքյանի մորը՝ Լաուրա Մելիքյանին, Հակոբ Ավանեսյանի հորը՝ Արբատ Ավանեսյանին, Իգոր Հարությունյանի հորը՝ Ալեքսանդր Հարությունյանին, հունվարի 19-ին թշնամու դիվերսիոն գործողության հետևանքով մարտական դիրքում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մորը՝ Մարինե Հովհաննիսյանին, գերազանցիկ զինվորների ծնողներին և հանրակրթական դպրոցների ծնողական կոմիտեների նախագահների: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ Արցախյան պատերազմն ու մեր ազատամարտիկների սխրագործությունների օրինակները անփոխարինելի դերակատարում կարող են ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: «Բանակ – ընտանիք կապը մշտական կատարելագործման կարիք ունի», -ասաց Ա. Ղուլյանը` հորդորելով հասարակական և շահագրգիռ կազմակերպություններին նախաձեռնություն ցուցաբերել այս առումով: Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այն համոզմունքը հայտնեց, որ միայն առողջ և ամուր ընտանեկան մթնոլորտում դաստիարակված հաստատուն ու տոկուն հատկանիշներ ունեցող երիտասարդներն են համալրում մեր բանակի լավագույն զինվորների, իսկ հետագայում նաև հայրենասեր քաղաքացիների շարքերը: ՊԲ հրամանատարը կարևորեց բանակ-ընտանիք-հասարակություն կապի ամրապնդման առումով գործուն քայլերի ձեռնարկումը և նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունը: «Ընտանիքը պետության ամենափոքր բջիջն է, և ինչքան այն ամուր լինի, ամուր կլինեն նաև մնացած բջիջներդ: Բանակը պետության ամենամեծ բջիջն է, և նրան է վիճակված լուծել ամենակարևոր խնդիրներից մեկը՝ հայրենիքի պաշտպանությունը»,-ասաց պաշտպանության նախարարը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա երիտասարդ տղաները չեն խուսափում բանակում ծառայելուց, ընդհակառակը՝ կամավոր բանակ են զորակոչվել մի քանի տղաներ, ովքեր համարվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի: Բանակ-ընտանիք կապի ամրապնդման մասին ելույթ ունեցավ նաև ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը` կարևորելով հատկապես կրթահամակարգի պատասխանատուների դերը: «Պետք է դաստիարակելով ուսուցանել և ուսուցանելով դաստիարակել մատաղ սերնդին», -ասաց Ս. Ասրյանը: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, շնորհակալություն հայտնելով հերոսներ ծնող և դաստիարակող հայ ծնողներին, նշեց, որ հայրենիքն ապահով ու պաշտպանված է առաջին հերթին նրանց շնորհիվ: ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն առաջարկեց ավելի շատ կապ հաստատել բանակի հետ՝ օրինակ բերելով Ստեփանակերտի թիվ 3 դպրոցի աշակերտների այն ձեռնարկը, որ ամանորյա նվերներ էին ուղարկել սահմանում կանգնած զինվորներին: Կարևորեց լրատվական միջոցների դերը՝ հաճախ թերթերի էջերում լուսաբանել բանակի մասին: Ելույթներ ունեցան նաև զոհված ազատամարտիկների ծնողները:
Բոլորն էլ հաստատեցին այն փաստը, որ իրենց զավակների հերոսական ապագայում մեծ դեր է ունեցել ընտանիքը: Արմեն Հովհանիսյանի մայրը նշեց, որ ցավի ու միաժամանակ հպարտության զգացումով է արձանագրում որդու հերոսական մարտիրոսման փաստը: Նրա խոսքով, ընտանեկան ու հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի դեռևս օրորոցից և շարունակաբար ամրապնդվի դպրոցում, հասարակության մեջ, իսկ հետո` նաև բանակում, ասաց՝ ինքը շնորհակալ է իր որդուց, որ դարձավ հայ զինվորի իսկական կերպար: «Ուրախ կլինեմ, որ հայկական բոլոր ընտանիքներում ծնվեն Արմենիս նման տղաներ, սիրեն իրենց մայրերին, տատերին, հայրենիքը: Դիմում եմ դիրքերում գտնվող բոլոր զինվորներին՝ պինդ եղեք, զգոն ու անվախ: Տղաս ննջում է քաջերի պանթեոնում՝ լավագույն հերոսների կողքին: Այս դեպքից հետո դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը՝ բռունցքվեցեք…», -ասաց հերոս-մարտիրոսի սևազգեստ, սակայն հպարտ մայրը: Իգոր Հարությունյանի հայրն ասաց, որ հայրենասիրության հիմքը դրվում է ընտանիքում, սակայն մեծ է նաև դպրոցի, բուհի դերը: Ասաց, որ իրենք սերում են Զանգեզուրի Կոռնիձոր գյուղից, և պապն Իգորին շատ է պատմել 20-րդ դարասկզբի զանգեզուրյան մարտերի մասին, Անդրանիկի ու Նժդեհի դերի մասին, և այս ամենը մեծ ազդեցություն են թողել իր որդու կյանքում: Արբատ Ավանեսյանը նշեց, որ իրենց գերդաստանից մոտ 50 հոգի մասնակցել են Արցախյան գոյամարտում, և 20-ից ավելի տղաներ, այդ թվում և իր որդին, մարտիրոսվել են: Ազգային հերոս Յուրա Պողոսյանի մայրը, չնայած գերմանուհի է, ռուսախոս, սակայն հայեցի է դաստիարակել իր որդուն. «Երեխային պետք է մանկուց դաստիարակել հայրենասիրությամբ: Եթե նրա մեջ սերմանվի հերոսություն, անպայման որդոս նման կլինի», վերջացրեց խոսքը հերոսի սպիտակահեր ու բարի մայրը:
Միջոցառման վերջում ԼՂՀ Պաշտպանության նախարարի հրամանով հուշամեդալներով, և շնորհակալագրերով պարգևատրվեցին զոհված ազատամարտիկների և մի շարք զինծառայողների ծնողներ: Նման շնորհակալագրի արժանացավ նաև 9-րդ պաշտպանական ի զինվոր Գնել Ղարագյոզյանի հայրը: Գնելը բանակ է մեկնել Քաշաթաղի շրջանից. սովորում էր Հոչանցի Ալվարդ Վարդանյանի անվան դպրոցում: Արցախյան շարժման 25-ամյակի հուշամեդալներով պարգևատրվեցին նաև բանակ-դպրոց կապի ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած Ստեփանակերտի թիվ 1, 2 և 3 հանրակրթական դպրոցների տնօրենները:
Ելույթներն ուղեկցվում էին հայ ազատամարտիկների ու հայոց բանակի մասին պատմող տեսանյութերով: Հայ մայրերին փառաբանող երգով հանդես եկան ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթի տղաները: Ընթերցվեց նաև հայ զինվորների նամակը՝ հասցեագրված աշակերտներին. «Սիրելի աշակերտներ, մենք՝ Երկրորդ պաշտպանական շրջանի 5-րդ հրաձգային գումարտակի զինվորներս մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեր կողմից մատուցված հաճելի անակնկալի համար: Հավատացնում ենք ձեզ, որ մեզ հասցեագրված նվերները անչափ ոգևորիչ էր յուրաքանչյուրիս համար: Մեր թիկունքում ունենալով ձեզ նման բարի ու սրտացավ աշակերտական կոլեկտիվ, մենք մեզ ավելի հզոր և ինքնավստահ ենք զգում թշնամուն դեմ առ դեմ կանգնած: Համոզված եղեք, որ հայոց բանակի զինվորը լավագույնս է գիտակցում իր առջև դրված խնդրի կարևորությունը, և հարկ եղած դեպքում մեկ վայրկյան անգամ չի մտածի իր կյանքը զոհաբերել հանուն ձեր անվտանգության ապահովման:
Կարդացեք նաև
Մենք ձեզ վստահեցնում ենք, որ սահմանի մյուս կողմում կանգնած թշնամին, երբեք չի հանդգնի խանգարել ձեր խաղաղ անդորրը:
Կարող եք հանգիստ քնել: Ձեզ միշտ պաշտպանող՝ 2-րդ պաշտպանական շրջանի 5-րդ հրաձգային գումարտակի զինվորներ»: Միջոցառմանը մասնակցում էր նաև Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը՝ կրթության բնագավառի ներկայացուցիչներ՝ շրջվարչակազմի աշխատակազմի կրթության վարիչի գլխավորությամբ և «Մերան» թերթի գլխավոր խմբագիրը՝ տողերիս հեղինակը:
ՄԻջոցառումն ավարտվեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի տերունական աղոթքով: Հանդիսությունն ավարտվեց այն հավատով, որ հասարակության կապը բանակի հետ ավելի կընդլայնվի, իսկ հայ զինվորը միշտ իր տեղում կլինի:
Զոհրաբ Ըռքոյան