Amerikayidzayn.com. Մեքսիկայում այս երկրի և Միացյալ Նահանգների գործակալների կողմից համատեղ իրականացված գործողության արդյունքում շաբաթ օրը ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկաբարոն Խոակին Գուզմանը, որը հայտնի է նաև «էլ Չապո» մականվամբ:
Մեքսիկայի և ԱՄՆ-ի անվտանգության ուժերը մի քանի շաբաթ անընդմեջ հետևում էին Գուզմանին այն բանից հետո, երբ Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել էր Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի բարձրաստիճան այլ անդամներին:
Մեքսիկայի ոստիկանության համաձայն, Գուզմանին հաջողվում էր խուսափել ձերբակալությունից՝ թաքստոցների և թունելների ցանցից օգտվելու միջոցով: Նարկոբարոնի ձերբակալությունը սակայն տեղի է ունեցել առանց որևէ կրակոցի:
Գուզմանը որոնման մեջ էր նաև Միացյալ Նահանգներում, որտեղ իրեն մեղադրում են Մեքսիկայից կոկայինի, մարիխուանայի և հերոինի խմբաքանակներ առաքելու մեջ:
Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի ազդեցությունը տարածվել էր ամբողջ Հյուսիսային Ամերիկայով՝ հասնելով Եվրոպա և Ավստրալիա:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի քաղաքացիների հաղթանակ է անվանել Գուզմանի ձերբակալությունը: Նրա համաձայն, Գուզմանի կողմից իրականացված քրեական գործողությունները մեծ վնաս են հասցրել միլիոնավոր մարդկանց կյանքին՝ թմրամոլության, բռնությունների և կաշառակերության տարածման հետևանքով:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: