Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթքի զորությունը և օլիգարխները

Փետրվար 23,2014 10:16

Հովել մարգարեի օրով` Քրիստոսից առաջ 450-ական թթ., ահավասիկ երկիրը գտնվում է մեծ աղետի առաջ: Ահավասիկ մարախիմի մեծ բազմություն մոտեցել է երկրին և անապատ է դարձնում այն մասը, որտեղից անցնում է: Հովել մարգարեն կոչ է անում ամբողջ ժողովրդին, որպեսզի ապաշխարեն, ծոմ պահեն և աղոթեն, ամենափոքրերից մինչև ծերերը, կանայք և տղամարդիկ, քահանաները` տաճարում, նույնիսկ նորապսակները թող թողնեն իրենց հարսանեկան տաղավարները և թող բոլորն աղոթեն: (Ասեմ, որ հրեական օրենքի համաձայն, նույնիսկ եթե պատերազմ լիներ, նորափեսաները մեկ տարի չպետք է ծառայեին բանակում` նորահարսերին ուրախ պահելու համար): Բայց ահավասիկ մի կացություն էր ստեղծվել, որը շատ ավելի վտանգավոր էր, քան պատերազմը:

Եվ ժողովուրդը լսեց Հովելի ահազանգը, և ապաշխարեց, և ծոմ պահեց ու աղոթեց, և որպես այդ բոլոր աղոթքների արդյունք` այդ վտանգն անցավ, ու Հրեաստանին ոչ մի վնաս չհասավ:
Հայաստանն այսօր գտնվում է օրհասական վիճակի մեջ: Երկրի թշնամիները շատ են: Դրսի թշնամիներն ամենաքիչ վտանգը կարող են հասցնել: Մեր ամենավտանգավոր թշնամիները ներսից են. արտագաղթը, խոպանն ու ներքին մարախը (օլիգարխը), որ ամեն ինչ կուլ են տալիս և արդեն իսկ սկսել են միմյանց կուլ տալ: Մեր թշնամիները նաև մենք ենք՝ դու և ես: Մեզանից յուրաքանչյուրը պետք է քննի իր խիղճն ու տեսնի այնտեղ այն ամենն ինչ ինքն անում է հասարակության և իր ընտանիքի բարիքի դեմ, և տեսնի, որ այդ նույն արարքներն Աստծո օրենքների խախտումն են:
Մեր երկիրը լավ կառավարման կարիք ունի: Լավ կառավարումը պահանջում է, որ գտնվեն 3 տարբեր իշխանություններ:
1- Օրենսդիր մարմին . Պատգամավորներ, ովքեր երկրի բարիքի համար օրենքներ պիտի ստեղծեն` համաձայն երկրի սահմանադրության:
2- Անկախ ատյան, որը պիտի կարողանա ամբողջ ազատությամբ վճռել, թե այդ օրենքները իրավասու են թե ոչ:
3- Անկախ ոստիկանություն, որը պետք է աշխատի երկրի ներքին անվտանգությունն ապահովելու համար, և միաժամանակ պետք է իրագործի օրենսդիր մարմնի օրենքները:
Այսօր մեր երկրում մեր պատգամավորները մեր օլիգարխներն են, ովքեր բոլոր օրենքները ստեղծում են միայն իրենց շահերն ավելացնելու նպատակով: Նրանք ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի ոչ մի դատավոր ոչ մի վճիռ չկայացնի իրենց դեմ: Նրանք ավելի մեծ ուշադրությամբ հետապնդում են ամեն անձի, ով կարող է իրենց դեմ մի որևէ բան ասել կամ անել,ավելի մեծ ուժով, քան անցյալում դա անում էր ԱԱԾ-ն (КГБ): Ոստիկանությանն իրենց ձեռքի գործիքն են դարձրել` կեղեքելու ամեն տեսակ մարդու: Նրանք իրենց անիրավ գողությունները շարունակելու համար նույնիսկ մաքսատան աշխատողներին ու պատասխանատուներին են դարձրել իրենց գործակալները:
Ուրիշ երկրներում էլ գոյություն ունեն օլիգարխներ ու մաֆիա, բայց ամենուրեք նրանք կազմում են կառավարության միայն 20 տոկոսը: Իսկ Հայաստանում օլիգարխիան ու մաֆիան կազմում են կառավարության 80 տոկոսից ավելին: Մարդկայնորեն նայելով`այնտեղ որևիցե հույսի նշույլ անգամ չենք կարող տեսնել: Բայց Աստված ամենակարող Աստվածն է, որ մեզ բոլորիս պարուրում է հայրական սիրով և գուրգուրանքով: Նա ամեն ինչ կարող է փոխել:
Իմ ցանկությունն ու իմ կյանքի նպատակն է, որպեսզի ես մաս կազմեմ այս երկրի այդ բարի ուժերի հետ, ովքեր պիտի աշխատեն, որպեսզի 1000 և 10,000 տարիներ հետո այս հողի վրա հայ ժողովուրդը շարունակի պահել ու պահպանել պապենական քրիստոնյա հավատը, որը պահեց մեզ մինչև օրս:
Իմ կոչը միայն աղոթքի կոչ է: Ես ոչ մի անձի պաշտոնանկություն չեմ ցանկանում, այլ հրավիրում եմ ձեզ բոլորիդ, որպեսզի միանանք ու միասին աղոթենք առ Աստված, և Աստված անպայման պիտի լսի մեր աղոթքներն ու աղաղակը:
Սիրելի եղբայրներ և քույրեր, հավատացեք աղոթքի ուժին: Հիսուսն ասաց. «Եթե երկու հոգի միախոհ ու միասիրտ մի բան խնդրեն,Աստված անպայման կլսի»:

Երբ Հիսուսը Թաբոր լեռան պայծառակերպությունից հետո իջավ իր աշակերտների մոտ, նրանք չէին կարողանում մի դև հանել մի երիտասարդի միջից: Երբ Հիսուսը բժշկեց նրան և աշակերտների հետ առանձին էր, վերջիններս Նրան հարցրեցին, թե ինչու իրենք չկարողացան հանել այդ դևին: Հիսուսը պատասխանեց. «Այսպիսի դևերը միայն աղոթքով ու ծոմապահությամբ ստիպված կլինեն դուրս գալ»:
Գուցե դուք չեք հավատում աղոթքի ուժին… Բայց ասեմ ձեզ, որ 70 տարեկան եմ, և իմ ամբողջ կյանքում Աստծուց ստացել եմ այն ամենն, ինչ խնդրել եմ:
Ձեզ ակնհայտ մի օրինակ տամ ԱՄՆ-ի վերաբերյալ. այնտեղ արհեստական վիժում իրականացնող բյուրավոր կլինիկաներ կան:Որոշ քրիստոնյաներ այդ կլինիկաները դարձրեցին իրենց աղոթքների թիրախը, և հենց այն կլինիկաները, որոնք դառնում էին աղոթքի թիրախ, մեկ առ մեկ փակեցին իրենց դռները…
Հրավիրում եմ ձեզ բոլորիդ` Հայաստանի բոլոր բնակիչներին, ինչպես նաև ողջ սփյուռքահայությանը, որպեսզի միասին աղոթենք ու ծոմ պահենք: Մեծ Պահքի շրջանը սկսվելու է մարտի 3-ին և տևում է 7 շաբաթ: Հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որպեսզի այդ ընթացքում չորս կամ հինգ օր ծոմ պահենք` այդ օրերին ուտելով միայն ցամաք հաց ու խմելով միայն պարզ ջուր:
Եթե մարդկանց որոշակի քանակ ընդունեն այս հրավերն ու անեն խնդրվածը, ապա խոստանում եմ ձեզ, որ Աստված անպայման կլսի մեր աղոթքը: Շատ կարևոր է ստեղծել 1000 և ավելի հոգուց բաղկացած աղոթքի մի խումբ:

 Հայր Անտոն Թոթոնջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Բալյան says:

    Վաղուց սպասում էի այս կոչին: Մեր ազգի փրկությունը միայն կարող ենք ակնկալել Աստծուց. ոչ իշխանափոխությունը, ոչ ցանկացած այլ հեղափոխություն չեն կարող օգնել մեր երկրին այս պայմաններում: Բայց փառք Տիրոջը մենք ունենք լավագույն ու ամենաիմաստուն տարբերակը. դիմել Տիրոջը, խնդրել, աղերսել մեր ողջ ազգով` հանձնել նրան մեր խնդիրները, մեր երկրում խաղաղ դրության հիմնահարցը, վստահենք նրան մեր իշխանություններին, մեր տնտեսական վիճակը, մեր ժողովրդի հոգևոր և հոգեբանական վիճակը, ինչը կարծում եմ ամենամեծ խնդիրն է: Մի պահ եկեք մի կողմ դնենք դժգոհությունը, անվստահությունը և հանձնենք ամեն ինչ Տեր Աստծուն, Աստված ամենակրող է, Նա կարող է ցանկացած իրավիճակից լիարժեք, իմաստուն, հանճարեղ, բացարձակ լուծում գտնել : Աղոթենք բոլորս միասին, ծոմ պահենք, աղերսենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728