NewsBook-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
– Տիկի՛ն Զոհրաբյան, եթե «գազային հարցով» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությունների արդյունքը լինի այն, որ որոշվի հանձնաժողովի աշխատանքները փակ ռեժիմով կազմակերպել և հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԶԼՄ–ներին տեղեկատվություն չտրամադրել, այդ դեպքում ԲՀԿ–ն կհամաձայնի՞ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
– Գազային համաձայնագրի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու շուրջ ծավալված խորհրդակցության ժամանակ իշխանություններն անսպասելիորեն երկու կետ էին ավելացրել, առաջինը` նիստերը պետք է լինեն դռնփակ և երկրորդը` մինչ հանձնաժողովի վերջնական որոշման հրապարակումը հանձնաժողովի անդամները իրավունք չունեն որևէ հրապարակում անել մամուլում: Մեր առաջարկությամբ երկրորդ կետը հանվել է, և երեկ հանձնաժողովի ստեղծման նախագծի՝ մեզ տրված տեքստում գրված է, որ նիստերը լինելու են դռնփակ, բայց հանվել է այն կետը, համաձայն որի հանձնաժողովի անդամն իրավունք չունի լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրել մինչև հանձնաժողովի վերջնական որոշումը: Այսինքն՝ հանձնաժողովի ցանկացած անդամ նիստերից հետո լրատվամիջոցներին կարող է տրամադրել տեղեկատվություն նիստի ընթացքում քննարկված նյութերի և խնդիրների վերաբերյալ: Մեզ համար այս տարբերակն ընդունելի է, քանի որ ոչ ոք չի կարող հանձնաժողովի որևէ անդամի վրա ճնշում գործադրել նիստի ավարտին հայտնած տեղեկության համար: Մենք մասնակցելու ենք հանձնաժողովի աշխատանքներին, և որևէ մեկը չի կարող մեզ կաշկանդել այս կամ այն տեղեկատվությունը տրամադրելու հարցում: Միակ խնդիրը մնացել է դռնփակ նիստը, որը քննարկման հարց է: Նիստերի քննարկումները կարող են ժամեր տևել, և ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ լրատվամիջոց կգա ու ժամերով կլուսաբանի այդ ամենը: Ես կարծում եմ՝ լրատվամիջոցներին հետաքրքիր է, թե քննարկումից հետո ինչ կասի այս կամ այն կուսակցության ներկայացուցիչը, իսկ այդ գործընթացը բաց է լրատվամիջոցների համար, և ես կոչ եմ անում մեր ոչ կոալիցիոն գործընկերներին մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքներին: Մեզ համար կարևորն այն է, որ տրվեն մի քանի հիմնական հարցերի պատասխաններ` որտեղի՞ց մեր գլխին կախվեց 300 մլն դոլար պարտքը և ինչպե՞ս է ստացվում, որ սահմանին գազը ստանում ենք այլ գնով, իսկ բնակիչներին մատակարարում ենք ուրիշ գնով: Եթե Հայ Ազգային Կոնգրեսի` հանձնաժողովի նիստերը բաց լինելու մասին առաջարկը մերժվի և որոշվի նիստը դռնփակ անցկացվել, մեզ համար կրկին ընդունելի կլինի, և մենք կշարունակենք մասնակցել նիստի աշխատանքներին: Իհարկե, լավ կլիներ, որ նիստերը բաց անցկացվեին, բայց դա մեզ համար պարտադիր պայման չէ: