Փետրվարի 20-ին Փարիզի Ռազմական Ակադեմիայում տեղի ունեցավ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով լիազոր նախարար Կադեր Արիֆը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմը, Ֆրանսիայի հայկական և հրեական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ:
Բացման խոսքում նախարար Արիֆը ներկայացրեց Միսաք Մանուշյանի կենսագրությունը և նշեց, որ Մանուշյանի խմբի մեծարման միջոցով Ֆրանսիան իր երախտիքն է հայտնում Ֆրանսիայի ազատության համար մարտնչած բոլոր կանանց և տղամարդկանց, որոնք ծնված լինելով օտար երկրներում դարձան այսպիսի մեծն ֆրանսիացիներ:
Իր հերթին դեսպան Չիտեչյանը, Մանուշյանի խմբի անդամներին բնութագրեց որպես «23 մահկանացու, որոնց սերն առ հայրենիք դարձրեց անմահ»: Խոսելով դիմադրության հերոսների մասին և վերհիշելով Մանուշյանի վերջին նամակի տողերն առ այն, որ նա չունի ատելություն գերմանացի ժողովրդի հանդեպ` Հայաստանի դեսպանը ընդգծեց, որ պայքարն արդար և արժանապատիվ է, երբ դրա գերագույն նպատակը կյանքեր փրկելն է, ոչ թե ատելությամբ կյանքեր խլելը:
Միջոցառման ընթացքում ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին 10 տարի առաջ կույր ատելության զոհ դարձած հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը:
Կարդացեք նաև
Ռազմական Ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը հաջորդեց երեկոյան երթը դեպի Փարիզի Հաղթանակի Կամար, որտեղ Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ հավերժական կրակի բորբոքման արարողություն` ի նշան Մանուշյանի խմբի գնդակահարված անդամների հիշատակի: Հնչեցին հայերեն, եբրայերեն և ֆրանսերեն աղոթքներ: