Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Կարապետ. «Ասացին՝ կարող ես էլ չգալ, քո կարիքը չկա»

Փետրվար 22,2014 16:08

 «Արդեն 4 ամիս է՝ չեմ աշխատում, պատճառներ չկան, ուղղակի գործից ազատել են: Ասացին՝ կարող ես էլ չգալ, քո կարիքը չկա: Ես 30 տարի է՝ ոսկերիչ եմ ու այժմ աշխատանք չունեմ, իսկ այստեղ աշխատել եմ Մալաթիայի ոսկու շուկայում: Արդեն 2 տարի է՝ Հայաստանում եմ: Եղել եմ առաջին մարդը, որը ստացել է փախստականի կարգավիճակ, այժմ ՀՀ քաղաքացի եմ»,- «ՀայՆյուզ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց սիրիահայ Միքայել Կարապետը:  Նշենք նաև, որ Հայաստանում ապրող 11.000 սիրիահայերի միայն 6%-ն է ստացել փախստականի կարգավիճակ:

Բացի Միքայելից՝ ակումբի հյուրերն էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության» ներկայացուցիչներ փոխնախագահ Ալեքսան Գարատանայանը, իրավաբան Նաիրա Եդիգարյանը և «Հալեպ հայրենակցական բարեսիրական» ՀԿ հիմնադիր անդամ, մշակութային հանձնաժողովի ատենապետ Պերճ Քրազեանը:  Հյուրերը խոսեցին սիրիահայերի խնդիրների,  իրականացված և չիրականացված ծրագրերի մասին:

«Մեկ ու կես տարի առաջ, երբ եկանք Հայաստան 2 ամսով, մեզ համար հստակ էր, որ մենք Եվրոպա՝ Գերմանիա կամ Ֆրանսիա չենք գալիս, գալիս ենք մեր հայրենիք իր պայմաններով, դժվարություններով, քանի որ  ուրիշ տեղ չունեինք գնալու: Երբ հիմնադրվեց ՀԿ-ն՝ ցուցակագրվեցին մոտավորապես 6000 հոգի: Երբ սկսեցին համագործակցել Սփյուռքի նախարարության հետ, հիմնականը տեղավորվելու, այնուհետև բուժման և կրթություն ստանալու հարցն էր: Այժմ այդ բոլորը հարցերը լուծված են, մնում են միան աշխատանքի և բնակարանի հարցերը»,- ասաց Պերճ Քիրեզեանը:

Իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելը Հայաստանում սիրիահայերի համար բարդ խնդիր է այժմ, այդ պատճառով հիմնականում աշխատում են ուրիշ ոլորտներում: Քիրեզեանի խոսքով՝ Հայաստանում առևտրական շուկան փոքր է. «Եթե Սիրիայում մեր աշխատանքն ուներ պահանջարկ, Հայաստանում այդ պահանջարկը չկա»:

Սիրիահայերի մի մասն այժմ փորձում է Սիրիայից վերադառնալ Հայաստան, սակայն սահմանների խնդրի պատճառով չեն կարողանում: Սիրիահայերը խոսեցին նաև իրենց բնակավայրերի խնդիրների  մասին: Այժմ բնակության պայմաների բարելավման համար տարվում են աշխատանքներ, կառուցվում են շենքեր, որոնք տրվելու են սեփականության իրավունքի վկայականով:

Կենտրոնի իրավաբան Նաիրա Եդիգարյանն ասաց. «Բնակարանների կառուցումը  3 հիմնական հարցով է դրված՝ հող, ներքին կառուցվածք և շենքի կառուցումը: Հողը նվեր ստացանք կառավարությունից: Ներքին կառուցվածքի համար դիմում է ներկայացվել բոլոր միջազգային կառույցներին, փորձում ենք հանգանակություններ հավաքել: Տունը ինքնարժեքից բավական ցածր գնով տրվելու է ժողովրդին»:

Բնակարանների համար դիմում է ներկայացրել մոտ 660 հոգի: Բնակարանների մեկնարկը տրվելու գարնանը: Ներդրումներ շենքերի կառուցման մեջ դեռևս չեն արվել: Շուտով կհայտարարվի նաև մրցույթ շինարարական ընկերությունը որոշելու նպատակով: Դրանց հետո շենքը հանձնելու կոնկրետ ժամկետներ կնշվեն:  Տիկին Եդիգարյանը հույս հայտնեց, որ դիմում գրողների մոտ 90%-ը կգնի բնակարանները: Նշենք նաև, որ բնակարանների գումարը լինելու է ինքնարժեքից ցածր:

Շուտով կմեկնարկի նաև նոր ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ծայրամասերում ապրող, առավել կարիքի մեջ գտնվող սիրիահայերին կվճարվի բնակավարձը և սննդի գումար:

«Պետք չէ այժմ անընդհատ կրկնել օգնել, օգնել սիրիահայերին, իրենք միշտ արժանապատիվ ապրել են, իրենց քարից վաստակել են իրենց հացը: Ես ոչ թե ասում եմ մի օգնեք, այլ օգնեք ինտեգրման առումով, որ տեղացիների հետ առավել հեշտ կոնտակտի մեջ մտնենք» ասաց Պերճ Քիրեզեանը:

 

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728