Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի պուրակում 18-20 ծառ է հատվել

Փետրվար 22,2014 15:15

Բուսականությունից զուրկ այս քաղաքում անգամ մեկ ծառի պակասը մարդկանց թթվածնից է զրկում

Ամեն տարի այս կամ այն համայնքի պատասխանատուները վստահեցնում են, որ կանաչ տարածքների հաշվին այլեւս շինթույլտվություններ չեն տրվելու, սակայն երբ քաղաքացիները հերթական կանաչ տարածքի ոչնչացմանն են ականատես լինում, պաշտոնյաները պարզաբանում են՝ դա նախկինում տված թույլտվություն է, տարածքը սեփական է, ոչինչ անել չենք կարող: Եվ այսպես՝ օր օրի ջրես երես դուրս եկող շինթույլտվությունների պատճառով մետր առ մետր անհետանում են բնակչության համար նախատեսված այգիները, պուրակները, կանաչ գոտիները:

Օրերս էլ Մասիսի հրապարակին կից ապրող բնակիչներն են արթնացել եւ տեսել, որ իրենց պուրակի 18-20 ծառերն անհետացել են: Ծառերի կոճղերը հայտնաբերել են չորացած տերեւների տակ թաքցրած:

«Առավոտին» ահազանգած բնակիչների խոսքերով՝ առանց այդ էլ Մասիսում բուսականությունը քիչ է եւ օդը կեղտոտ է, եւ մի փոքրիկ կանաչ տարածքն էլ անգամ մարդկանց համար թթվածին էր ապահովում:

«Ամբողջ քաղաքում այս մի փոքրիկ պուրակն էր, որ մարդիկ ման են գալիս, թթվածին են շնչում, սաղ քաղաքը ծախել-կերել են»,- մեզ հետ զրույցում իրենց դժգոհությունն այսպես արտահայտեցին մասիսցիները: Նրանց ունեցած տեղեկություններով՝ 2004 թվականին այդ տարածքը վարձակալությամբ է տրվել ինչ-որ մեկին, որն էլ վաճառել է Մասիսի նախկին ոստիկանապետ Գագիկ Մխիթարյանին, այժմ տարածքը նրան է պատկանում, ավելի ճիշտ՝ նրա տիկնոջ անունով է: Բնակիչների պատմելով՝ հենց նա էլ կազմակերպել է ծառահատումը: Մասիսցիների ներկայացմամբ՝ պուրակում մոտ 20 դեկորատիվ ծառեր էին, որոնք հատկապես ամռան անտանելի շոգին փոքր-ինչ զովություն էին պատճառում:
Ինչո՞ւ են ծառերը հատվել՝ «Առավոտի» հարցին Մասիսի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության պատասխանատու Մանուկ Մանուկյանն ասաց, որ իրենք նույնպես ստացել են բնակիչների ահազանգը եւ դիմել բնապահպանության նախարարություն: Մարդ է եկել, տարածքն ուսումնասիրել, պարզել, որ 18 հատ տարբեր տրամաչափի ծառ է հատվել: Սակայն նախարարությունից պաշտոնապես նամակ-պատասխան են ստացել, որ տարածքը սեփական է, եւ որեւէ վարչական տույժ իրավասու չեն տարածքի սեփականատիրոջ նկատմամբ կիրառելու: «Մենք էլ ենք ցավում, որ ծառերը կտրել են, բայց դե, սեփական տարածք է, ի՞նչ կարող ենք անել, ըստ երեւույթին՝ այդ տարածքը ներկայիս սեփականատերը գնել է անցյալ տարի՝ մեկ այլ անձից»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728