Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյան, հաստա՞տ կտրուկ գնաճ չի լինելու»

Փետրվար 22,2014 14:45

Նախագահին հարցնում է Վահագն Խաչատրյանը
եւ վստահեցնում՝ ՄՄ մտնելով կտրուկ գնաճ կլինի

Վերջերս Ղազախստանի Կենտրոնական բանկը տեղական արժույթն արհեստականորեն արժեզրկեց. սա միջազգային փորձագետները պայմանավորել են Մաքսային միության գործոնի հետ՝ նշելով, որ միության անդամ երկրներում արժութային պատերազմ է տեղի ունենում:

Ի՞նչ կլինի հայկական դրամի հետ, կամ ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմանալ այդ պատերազմում Մաքսային միություն մտնելուց հետո:

Նախ նշենք, որ տեղական արժույթի արժեզրկումը թեեւ արտահանման համար դրական է, սակայն պարտադիր հանգեցնում է գնաճի՝ կախված, թե տեղական փողը որքանով է արժեզրկվում: Օրինակ՝ Ղազախստանը մոտ 20%-ով է արժեզրկել տեղական արժույթը, եւ այդ երկրի բնակիչները մեկ օրում 20%-ով, կարելի է ասել, աղքատացան. 20%-ով նվազեցին բնակչության աշխատավարձերը, թոշակներն ու պահուստները: Այս երկիրը ստիպված էր գնալ այդ քայլին, ինչպես որ տեղի ԿԲ-ն էր պատճառաբանել՝ փրկելու տեղական արտադրությունը, քանի որ Ղազախստանի շուկան լցվել է Մաքսային միության անդամ երկրների՝ բելառուսական եւ ռուսական ապրանքներով:

Հայկական դրամը հունվարից արժեզրկվում է. սա կապված է մեր արտաքին առեւտրի հետ, որը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նկատեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, բացասական է. «Մեր արժույթի այսօրվա փոփոխությունները ավելի շուտ կապված են մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի եւ եկող տարվա սպասելիքների հետ՝ տրանսվերտների կրճատում. այն տեղի կունենա, որովհետեւ Ռուսաստանի տնտեսության աճի միտումներ չեն նկատվում, իսկ մեր տրանսվերտների 80%-ը Ռուսաստանից է գալիս: Այս գործոններն ավելի շատ կարող են ազդել մեր արտարժույթի նվազման կամ բարձրացման վրա, ավելի շուտ՝ արժեզրկման վրա»: Դրամի արժեզրկման մեկ այլ գործոն էլ կա. ըստ պարոն Խաչատրյանի՝ եթե ներկայումս կառավարությունը խոսում է, որ մեր տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի արտահանման ծավալների ավելացմանը, եւ եթե մեզ մոտ նման քաղաքականություն է արվելու, դա նշանակում է, որ դրամը պետք է արժեզրկվի:

«Նույն Ղազախստանի արժույթի 20% արժեզրկվելը տարօրինակ է, ըստ էության՝ 4-6% տնտեսական աճ կա իրենց մոտ: Իրենք ոսկու եւ արտարժույթի լուրջ պահուստներ ունեն, իրենց ԿԲ-ն կարող էր մտնել շուկա եւ ինտերվենցիաների միջոցով կանգնեցնել այդ արժեզրկումը: Իրենք հայտարարում են, որ դա կնպաստի իրենց տնտեսության զարգացմանը: Դա տեղին է, որովհետեւ իրականում ռուսական եւ բելառուսական ապրանքները լցվել են ղազախական շուկա: 2011-ին Բելառուսում խայտառակ տնտեսական վիճակ էր, լուրջ արժեզրկում էր՝ 80-100%: Գուցե Ղազախստանը այնպիսի քաղաքականություն է վարում, որպեսզի կարողանա Մաքսային միության շրջանակներում իր ապրանքը մրցակցային դարձնել, բայց դրան հետեւում է ապրանքների թանկացումը ներքին շուկայում»,- վերլուծեց պարոն Խաչատրյանը: Այսինքն՝ ՄՄ մտնելուց հետո Հայաստանն էլ դժվար խուսափի նման սցենարից, իսկ որպեսզի խուսափենք ինֆլյացիայից, ինչպես ասաց պարոն Խաչատրյանը, մեր երկրում պետք է լինի մրցակցություն. «Ներկրողի եւ տեղում արտադրողի միջեւ մրցակցություն պիտի լինի, որի պայմաններում ներկրողը ստիպված լինի գինն իջեցնել, հակառակ դեպքում անընդհատ այդ արժեզրկումը միտվում է արտահանման բարձրացմանը, բայց ներսում անընդհատ գնաճ կլինի»:

Վերլուծելով ղազախական սցենարը Մաքսային միությունում՝ տնտեսագետը մեկ այլ կարեւոր հարց բարձրացրեց, որը կրկին անխուսափելի կլինի Հայաստանում. «Ի՞նչ է լինելու Ղազախստանի պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների հետ, ի վերջո՝ մարդիկ միանգամից 20%-ով աղքատացան իրենց փողի արժեզրկման պատճառով: Իսկ մենք որքանո՞վ ենք ապահովագրված, որ տենց մե՜ծ-մե՜ծ գովաբանում են պարտադիր կուտակային համակարգը, որ նման իրավիճակ չի լինի, այսինքն՝ այդպիսի արժեզրկում չի լինի: Հիշենք, որ նման իրավիճակ մենք ունեցանք 2009 թվականի մարտի 3-ին, երբ միանգամից 30% արժեզրկում տեղի ունեցավ: Սրանք հարցադրումներ են, որոնց պատասխանները կառավարությունը չունի: Սա հարցադրում է նաեւ Սերժ Սարգսյանին՝ հաստա՞տ կտրուկ գնաճ չի լինի: Հայաստանի տնտեսությունն այնպիսի տնտեսություն չէ, մեր ֆինանսական համակարգն այնքան ամուր չէ, որ որեւէ մեկն իրեն իրավունք վերապահի նման հայտարարություններ անելու: Այն, որ ապահովագրում են, թե կտրուկ գնաճ տեղի չի ունենա, այդպես չէ: Դրանք հրահանգներ չեն, որ ուղղում են ուժային կառույցներին, սա տնտեսությանն է ուղղված, իսկ տնտեսությունը հրահանգների չի ենթարկվում»: Իսկ եթե, այնուամենայնիվ, մերոնք փորձեն հրահանգներով կառավարել տնտեսությունը, դրա հետեւանքները շատ վատ են լինում. պարոն Խաչատրյանը նորից հիշեցրեց 2009 թվականը, երբ մեր ԿԲ-ն պահուստներն օգտագործելով՝ արհեստականորեն կուրս էր պահում. «Բայց մենք Ղազախստան չենք, մեր պահուստներն էլ այնքան չեն, որ կարողանանք երկար պահել կուրսը: Ի վերջո Ղազախստանը ունի ներքին արտադրություն, գազ, նավթ, բավականին լուրջ այլ հանքահումքային պաշարներ, տարածք, գյուղատնտեսություն, իսկ Հայաստանը անընդհատ դրսի կարիք ունի»:
ՄՄ-ին անդամակցելուց հետո անխուսափելի է, որ այդ երկրների կասկածելի որակի ապրանքներ լցվելու են մեր շուկա, բայց, ինչպես ասաց պարոն Խաչատրյանը, գուցե դա խթան լինի տեղական արտադրության մասին լուրջ մտածելու ու այն զարգացնելու համար: Բայց որքան էլ «գցում-բռնում ենք», Մաքսային միությունից ամենաշատ օգուտներ Ռուսաստանն է ունենալու: «Մաքսային միությունում 3-րդ երկրներից ներմուծման բարձր մաքսատուրքեր են դրվել. օրինակ՝ մինչեւ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաներն արգելվել է ներմուծել, որեւէ մեկը չի կարող գնել 2009 թվականից ներքեւ արտադրված օտարերկրյա մեքենաներ: Ռուսաստանը սա արել է իր «Լադայի» մեքենաները վաճառելու համար: Այլ երկրներից բերվող մեքենաների վրա դրված է 40% եւ ավելի մաքսատուրք: Սա լավագույն օրինակն է պրոտելկցիոնիստական քաղաքականության, որպեսզի ներքին արտադրությունը խրախուսի: Սա անում է ոչ միայն Ռուսաստանի 140 միլիոն բնակչության համար, այլեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի 25 միլիոն ազգաբնակչության համար: Նույնն անում է գյուղատնտեսութունում. 3-րդ երկրներից ներկրվող համարյա բոլոր գյուղմթերքների նկատմամբ սահմանում է լրացուցիչ մաքսադրույքաչափեր, որ իր երկրի խոզի, տավարի, շաքարի, ցորենի եւ այլնի արտադրությունը զարգացնի»: Տեղական արտադրության զարգացման Ռուսաստանի հաջորդ քայլն էլ Եվրասիական ընդհանուր տնտեսական համակարգն է, բայց, ինչպես ասաց պարոն Խաչատրյանը, այստեղ արդեն միասնական հարկային քաղաքականություն է լինելու, որը լուրջ խնդիր է. «Օրերս կարդացել եմ, որ Բելառուսն ու Ղազախստանը լուրջ հակադրություններ ունեն հարկային արժութային միասնական քաղաքականություն վարելու շրջանակներում: Իսկ Ռուսաստանն այսպես է պատկերացնում իր տնտեսության զարգացումը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728