Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ավելի վճռական եւ հետեւողական կլինի մեր տնտեսությունն ապամոնտաժելու ուղղությամբ»

Փետրվար 22,2014 15:05

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Արթուր Բաղդասարյանի, անգամ Զորի Բալայանի նամակները չեն փրկի Հայաստանը

«Ճանապարհային քարտեզը հայտարարելուց հետո անցել է մի քանի շաբաթ, եղել է ընդամենը մեկ նիստ: Բայց նույնիսկ այսօր՝ չխորանալով, արդեն պարզ է, որ խնդիրները շատ ավելի շատ են եւ անհաղթահարելի, քան պատկերացնում էին սկզբից: Նույնիսկ կառավարության անդամները, որոնք կոչված են իրականացնել այդ խնդիրները, ավելի խիստ են բարձրացնում դրանք, քան ընդդիմադիր ուժերը: Այսինքն՝ պարզ ասվում է, որ Հայաստանի մեր տնտեսական շուկայում առկա են որոշակի թվով ապրանքատեսակներ, որոնց մեծամասնությունը կենսական անհրաժեշտության են եւ գնագոյացման գործընթացում մեծ դեր ունեն: Սա խնդիր է եւ ոչ միայն սոցիալական, այլ նաեւ տնտեսության հետ կապված»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության առումով իրականացվող գործնական քայլերին: Հիշեցնենք, որ համապատասխան հանձնաժողովը վերջերս նիստ էր գումարել, որին հետեւեցին հնարավոր թանկացումների մասին հայտարարություններ, այդ թվում նաեւ՝ պետական պաշտոնյաների կողմից:
«Հայաստանի տնտեսական մոդելը եւ ՌԴ-ի տնտեսական մոդելը շատ տարբեր են, եւ հնարավոր չէ երեք ամսում մեր սպառողական մոդելը եւ ՌԴ-ի արտադրողի տնտեսական պաշտպանության մոդելը համատեղել: Ընդ որում, փոփոխություններն արվում են միակողմանի: Մենք պետք է copi-past անենք ընդամենը: Ես ենթադրում եմ, որ ՌԴ-ն ուզում է, որ Հայաստանն ուղղակի հռչակվի ՄՄ անդամ եւ վերջ»,- կարծում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում էլ ամեն ինչ չէ, որ Հայաստանն անում էր, ոչ բոլոր պարտավորություններն էր հարգում. «ԵՄ-ն ամեն ինչ շատ լավ հասկանում էր եւ հասկացնել էր տալիս, որ Հայաստանի թե տնտեսության արդիականացումը, թե ժողովրդավարական համակարգերի զարգացումը շատ ավելի պետք են Հայաստանին, քան ԵՄ-ին, դրա համար էլ շատ բաների վրա աչք էին փակում: ՌԴ-ի հետ այդ հարցը չի անցնի, քանի որ այդ հարցը ՌԴ-ին ավելի շատ է պետք, քան Հայաստանին: ՌԴ-ն ավելի վճռական եւ հետեւողական կլինի մեր տնտեսությունն ապամոնտաժելու ուղղությամբ: Ի վերջո, այժմ ունենք վատ, բայց կայուն իրավիճակ: Հիմա սկսվում է նոր գործընթաց, որի անորոշությունն ավելի շատ է, եւ որն ավելի է խորանում Սերժ Սարգսյանի կամ կառավարության որեւէ անդամի ամեն մի ելույթից հետո: Սա խնդիր է»:

Հիշեցնելով, թե ինչ պայմաններում եղավ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որն ուղեկցվեց ՌԴ-ի կողմից ճնշումներով, եւ որ ՌԴ-ի ողջ ռեսուրսը՝ քաղաքական, տնտեսական, շանտաժն ուղղված էր Վիլնյուսի գագաթնաժողովը տապալելուն՝ նշանակետ ընտրելով Ուկրաինան, որն արդեն պետք է ստորագրեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ու այս ֆոնի վրա անդրադառնալով ՀՀ պաշտոնյաների այն հայտարարություններին, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր փուլ է սկսվում, Հովհաննես Իգիթյանը նկատում է. «ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում մենք ոչ թե առաջ ենք գնալու, այլ հետ: Դրանք կլինեն մոտավորապես ԵՄ-Բելառուս մակարդակի հարաբերություններ, որն ավելի վատն է, քան ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, որը ՄՄ անդամ չէ»:

Ի դեպ, ուկրաինական ողբերգական զարգացումների մասին Հովհաննես Իգիթյանն օրերս նման կարծիք էր արտահայտել. «Թող այնպես չթվա, որ այնտեղ կա ընդդիմություն-իշխանություն պայքար կամ արեւելամետ, ռուսամետ զանգվածների պայքար: Իրականում կա ընդհանուր դժգոհություն իշխանություններից: Շատ պրոբլեմներ գալիս են հենց Յանուկովիչի կերպարից: Ինքը հենց սադրեց այս ամբողջ իրավիճակը: Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը ուշադիր հետեւում է, կոչ է անում պատժել մեղավորներին, սակայն անպատժելիություն կա Ուկրաինայում, հատկապես ուժայիններին, եւ հենց դա բերեց նրան, որ ամեն միջոցներով շարունակում են սպանել»: Նրա կարծիքով՝ ուկրաինական Սահմանադրության մեջ փոփոխություն կլինի, եւ կարծես ուժերի միջեւ փոխհամաձայնություն կա, ինչի արդյունքում Ուկրաինան կարող է վերադառնալ 2004թ. Սահմանադրությանը, երբ խորհրդարանի լիազորություններն ավելի լայն էին, բայց այս պայքարում իշխանությունը չի կարող շահել:

«Առավոտի» դիտարկմանը՝ միգրանտների դեմ օրենսդրությունը խստացնելիս ՌԴ-ն չպե՞տք է բացառություններ նախատեսեր ՄՄ անդամ կամ անդամակցել պատրաստվող երկրների քաղաքացիների համար, արդյոք այդպիսով ՌԴ-ն ցանկանում է վերջնականապես ստորացնելով իր կո՞ղքը պահել որոշ երկրների, ու առնվազն նվաստացուցիչ չէ՞ր ԱԱԽ քարտուղարի նամակ-խնդրանքը՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում դրսեւորելու մասին, Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ Ռուսաստանի կողմից մի քիչ ավելի բարենպաստ պայմաններ ստանալու համար այս կամ այն երկիրը պետք է գործոն լինի ՌԴ-ի համար: «Միայն այդ դեպքում կարող ես ՌԴ-ից լրացուցիչ արտոնություններ ստանալ: Այս դեպքում ուզում է՝ Սերժ Սարգսյանի խնդրանքը լինի, ուզում է՝ Զորի Բալայանի հերթական նամակը, ուզում է՝ Արթուր Բաղդասարյանի,՝ որեւէ նշանակություն չունի: Եվ ՄՄ-ն այստեղ որեւէ նշանակություն չունի, քանի որ ՄՄ-ի կանոնակարգում նշված չէ, որ քաղաքացիները պետք է հատուկ կարգավիճակ ունենան: Հիմքում ընդհանուր մաքսատուրքերն են եւ ապրանքի ազատ տեղաշարժը: Մնացյալ հարցերը լուծվում եմ երկկողմ հարաբերություններով՝ հաշվի առնելով նաեւ բարեկամության խորությունը: Քծնանքի խորությունն այստեղ չի աշխատում, հավատարմության սկզբունքը չի աշխատում»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանում չկա այնպիսի մարդ, որը ՌԴ-ի հետ արժանապատիվ բանակցություններ տանի, բայց միջազգային պրակտիկայում այդ հարցերը կարգավորվում են պարիտետը պահելով. «Եթե երկիրն առավել եւս համարվում է բարեկամ, այն երբեք միակողմանի ձեւով չի խստացնում բարեկամ երկրի քաղաքացիների մուտքը եւ մնալն իր տարածքում: Եթե ՌԴ-ն այս ձեւն է ընտրում մեր քաղաքացիների հանդեպ, ինձ թվում է, որ Հայաստանն էլ պետք է համապատասխանեցնի ՌԴ քաղաքացիների՝ մեր տարածքում մնալու կարգը: Եվ դա չպետք է շանտաժ կամ ուլտիմատում ներկայացվի ՌԴ-ին: Դա զուտ ընդունված բան է»: Դա, իհարկե, հավասարաչափ չէ, այն առումով, որ ՀՀ-ում այդչափ ՌԴ քաղաքացիներ չկան, ամեն դեպքում մեր զրուցակիցը հարցի լուծման այս տարբերակն է տեսնում: Ի դեպ, ՀՀ-ում հիմնականում ռուսական ռազմաբազայում ծառայող ՌԴ քաղաքացիներն ու նրանց ընտանիքներն են, ռուսական կազմակերպություններում կամ ռուսական ենթակայության կազմակերպություններում աշխատողները, նաեւ Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում Հայաստանում երկարատեւ աշխատել պատրաստվող չինովնիկները:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728