Լրահոս
Օրվա լրահոսը

Սկենառթերապիա

Փետրվար 22,2014 11:37

Գառնիկը ավտոբուսով առավոտյան դասի էր գնում և հանկարծ որովայնի շրջանում տհաճ ծակոցներ զգաց, բայց որոշ ժամանակ բանի տեղ չդրեց: «Ցավեր են, կանցնեն, կգնան»,-մտածեց նա:

Սակայն ցավերը  քանի գնացին ահագնացան: Երկրորդ դասաժամին մաթեմատիկայի դասախոսից թույլտվություն խնդրեց, դժվարությամբ տուն հասավ: Գառնիկի մայրը` տիկին Սրբուհին բացելով դուռը և նկատելով տղայի ժամանակից շուտ տուն գալը, զարմացավ ու շփոթված հարցրեց.

-Ի՞նչ է պատահել, ինչու՞ ես դասից շուտ տուն եկել:

-Ոչինչ, մայրի’կ, մի անհանգստացիր, մի փոքր ցավեր ունեմ որովայնիս շրջանում, երևի մրսել եմ,-անտարբեր նետեց Գառնիկը, պայուսակը դնելով միջանցքի հնամաշ բազմոցի վրա:

-Ա’յ, տղա ջան, քեզ հետևի’ր էլի, նայի’ր, հա, բարդություններ չտա, անպայման բժշկի գնա,- հորդորեց Սրբուհի  մայրիկը:

Գառնիկը, ընդհանրապես խուսափում էր բժշկի այցելելուց, բայց այս անգամ անսալով մոր թախանձագին հորդորներին և զգալով, որ որովայնի շրջանի ցավերը գնալով սաստկանում են, ստիպված  զանգահարեց հայտնի դիագնոստիկ կենտրոններից մեկին, որի գովազդը վերջերս հաճախ էր հայտնվում հեռուստատեսության եթերներում և դրա հեռախոսահամարը մոր խնդրանքով գրել էր սեղանի օրացույցի թերթերից մեկի վրա:

-Դիագնոստիկ կենտրոնը լսում է,-հեռախոսի ընկալուչի մեջ լսվեց կանացի հաճելի ձայնը:

-Բարև ձեզ, ես ուզում եմ Ձեզ մոտ հետազոտման գալ, ինչպիսի՞ն են Ձեր պայմանները,-դեմքը ցավից ծամածռելով, արտաբերեց Գառնիկը:

-Դուք պետք է նախօրոք հերթագրվեք մեզ մոտ, ապա դրամարկղ մուծեք 60 հազար դրամ, որից հետո մենք կսկսենք Ձեր հետազոտումը մի քանի ուղղություններով,-պատասխանեց դիագնոստիկ կենտրոնի հաճելի ձայնով աղջիկը:

-Իսկ հերթագրումից հետո երկար պետք է սպասե՞մ,-հարցրեց Գառնիկը:

-Իսկ Դուք այսօր եք ուզում գալ, թե՞ վաղը,-հարցին հարցով պատասխանեց աշխատակցուհին:

-Այսօր և այն էլ` շտապ է պետք,-ասաց Գառնիկը:

-Մի րոպե սպասեք, ես հիմա կճշտեմ և Ձեզ կպատասխանեմ,-ասաց աշխատակցուհին և ինչ-որ թղթեր շխկշխկացնելով խոսափողի դիմաց, մի քանի վայրկյան հետո դանդաղորեն արտաբերեց,-դե, ուրեմն կգաք այսօր ժամը 14:00-ին, եթե Ձեզ հարմար է, ասեք Ձեր անուն ազգանունը:

-Գառնիկ Բալայան, հարմար է, շնորհակալություն,-ասաց Գառնիկը  դողացող ձայնով և հեռախոսի ընկալուչը վայր դրեց:

Հետո դարձավ մայրիկին.

-Տեսա՞ր, թե ինչ թվեր են կրակում, մի գլուխ ասում ես` գնա բժշկի:

-Ինչքա՞ն էին ուզում,-խեղճացավ Սրբուհի մայրիկը:

-Ո’չ ավել, ո’չ պակաս` 60 000 դրամ` միայն հետազոտման համար,-զայրացկոտ տոնով վրա բերեց Գառնիկը:

-Առողջությունը կարևոր բան է, տղա ջան, եթե ձգձգես, հետագայում ավելի թանկ կվճարես,-ասաց Սրբուհի մայրիկը:

-Լավ ես ասում էլի, ես ուսանող տղա եմ, դու՝ հաշմանդամ թոշակառու, միայն հայրիկն է աշխատում, որտեղի՞ց տամ այդքան գումարը,-նորից ձայնը բարձրացրեց Գառնիկը:

-Ես այդ գումարը կտամ, թոշակիցս մի կերպ ետ եմ գցել,-խեղճացավ Սրբուհի մայրիկը:

Քիչ հետո Գառնիկը արագորեն հագնվեց և մեկնեց հետազոտման կենտրոնի հայտնած հասցեով: Տեղ հասնելով անմիջապես ներկայացավ իրեն հերթագրած  աշխատակցուհուն, որն էլ նրան ուղեկցեց դիագնոստիկ կենտրոնի գլխավոր բժշկի մոտ:

-Բարև Ձեզ,-ներս մտնելով գլխավորի աշխատասենյակ, ընկճված ձայնով արտաբերեց Գառնիկը:

-Բարև, նստեք, լսում եմ ձեզ,-աշխուժացավ գլխավոր բժիշկը,-ի՞նչ գանգատներ ունեք:

-Անհանգիստ եմ, բժիշկ ջան, այս մասերս շատ են ցավում,-ցույց տալով որովայնի ցավող  տեղերը, դեմքը ծռմռելով ասաց Գառնիկը:

-Վաղու՞ց են սկսվել այդ ցավերը,-հետաքրքրվեց գլխավորը:

-Չէ, այսօր առավոտյան դասի գնալու ճանապարհին հանկարծ զգացի,-տնքաց Գառնիկը:

-Պարզ է, նրան ուղեկցեք թերապևտի մոտ,-դարձավ գլխավորը աշխատակցուհուն,-հա, իսկ հիվանդը մուծումները կատարե՞լ է:

-Դեռ չեմ մուծել,-մեջ ընկավ Գառնիկը,-ուզում էի իմանալ` հնարավոր է մի փոքր զեղչ անեք բժիշկ ջան, ուսանող տղա եմ, մայրս թոշակառու…

-Մենք հո պետական հիմնարկ չենք, հարգելիս, որ զեղչենք, մերը սեփական կլինիկա է, այդպիսի բաներ չենք անում,-կտրուկ եզրափակեց գլխավորը:

Գառնիկը դժկամորեն դուրս եկավ գլխավորի աշխատասենյակից, մոտեցավ դրամարկղի պատուհանին, մուծեց մոր տված պահանջվելիք գումարը, ապա աշխատակցուհու հետ ուղևորվեց թերապևտի աշխատասենյակ:

-Ճնշումդ բարձր է, Ձեզ մոտ արդեն նկատվում է Ateroskleroz-ի սկզբնավորում, vertebrobazil անոթների արյան շրջանառության խանգարման հետևանքով,-դիագնոզեց բժիշկ-տերապևտը, երբ չափեց Գառնիկի արյան ճնշումն ու սրտի զարկերի ռիթմը, ապա շարունակեց,-երբեևէ դիմել ե՞ք բժշկի` ճնշման պատճառով:

-Ոչ մի անգամ, ինչ ճնշում, ինչ բան,-զարմացավ Գառնիկը:

-Պետք է հետևել առողջությանը, երիտասարդ եք, հետևանքներ կթողնի,-ասաց բժիշկը, ապա շարունակեց,-իսկ հիմա գոտկատեղից վերև հանվի’ր, մեջքիդ վրա պառկի’ր,-ցույց տալով սենյակի անկյունում դրված սպիտակ սավանով ծածկված կոշտ թախտը:

Գառնիկը, բնականաբար, գոտկատեղից վերև հանվեց, մեջքի վրա պառկեց կոշտ թախտին: Բժիշկը մոտեցավ նրան, հարմարավետ տեղավորվեց աթոռակին, սկսեց զգուշորեն սեղմել-թողնել Գառնիկի որովայնի այն ցավոտ մասերը, որոնց տեղը քիչ առաջ ցույց էր տվել նա:

-Ցավու՞մ է,-ամեն սեղմելուց հետո հարցնում էր բժիշկը:

«Այո» կամ «ոչ» էր պատասխանում Գառնիկը` կախված նրանից, թե ինչ ուժով էր սեղմում բժիշկը նրա մարմնի տվյալ մասը: Դե, քանի որ Գառնիկը համակարգչին լավ էր տիրապետում, ապա սովորել էր նրա պես պատասխանել` «Այո-Yes» կամ «Ոչ-No»: Բա, հո բժշկին չէր ասի` դադարեցրու սեղմումներդ, այսինքն` Cancel արա:

-Իսկ հիմա՞…իսկ հիմա՞…,-պարբերաբար կրկնում էր բժիշկ-թերապևտը, կատարելով համապատասխան սեղմում-թողնումները:

Եկավ մի պահ, երբ ցավերը այնքան սաստկացան, որ Գառնիկն արդեն չէր կողմնորոշվում  «Այո» ասել, թե՞ «Ոչ» ու քիչ էր մնում, որ գոռար` Cancel արա, բայց մի կերպ իրեն զսպեց, հնազանդվեց:

-Խորհուրդ կտամ դիմես նաև վիրաբույժին, գուցե ապենդիցտն է գլուխ բարձրացնում-եզրափակեց թերապևտ-բժիշկը, և երկուսով էլ խորը շունչ քաշեցին երկարատեւ սեղմում-թողնումներից հետո:

Թերապևտ բժշկի  դեմքի վրա նկատվում էին քրտնքի կաթիլները, իսկ Գառնիկի դեմքը չափից ավելի էր ծամածռվել: Հետո թերապևտ-բժիշկը լվացարանի մեջ խնամքով լվաց ձեռքերը, սրբեց պատից կախված սրբիչով, քանի որ հիվանդի մարմնի հետ էր շփվել,  ապա հատուկ «Ձևի» մեջ կատարեց իր եզրակացության գրառումները:

«Ընկել եմ, պիտի քաշեմ»,-մտքում ասաց Գառնիկը և դժկամորեն ուղևորվեց դեպի վիրաբույժի աշխատասենյակ:

-Գոտկատեղից վերև հանվի’ր, մեջքիդ վրա պառկի’ր,-ասաց վիրաբույժ բժիշկը` լսելով Գառնիկի գանգատները:

Գառնիկը, բնականաբար, գոտկատեղից վերև հանվեց ու մեջքի վրա պառկեց նույնատիպ թախտին` ինչպես նախորդ դեպքում էր կատարել:

Նույն սեղմում-թողնումները կրկնվեցին մի քանի րոպե, սակայն այս անգամ դրանք ավելի կոշտ ու կոպիտ էին կատարվում նախ այն պատճառով, որ բժիշկը վիրաբույժ էր և երկրորդը, որ նույն սեղմում-թողնումները արդեն  կրկնվող էին:

-Կարծում եմ՝ օստեոխոնդրոզ, օստեոպորոզ կամ ռադիկուլիտ ունեք,-ասաց վիրաբույժ բժիշկը և ավելացրեց,-լավ կլինի՝ դիմեք նաև ուռոլոգին, ապա հատուկ «Ձևի» մեջ մանրամասն գրառումներ կատարեց, նախապես լվացարանում մանրակրկիտ լվանալով ձեռքերը:

Գառնիկը քայլերը այս անգամ ուղղեց դեպի ուռոլոգի աշխատասենյակ: Նրա բախտից ուռոլոգը չասաց` «գոտկատեղից վերև հանվի’ր, մեջքիդ վրա պառկի’ր», այլ պահանջեց, որ Գառնիկը շորերը բարձրացնի գոտկատեղից վերև և պահի այդ դիրքում: Երբ Գառնիկը վերնաշապիկի կոճակները արձակեց և կատարեց բժշկի առաջին պահանջը, ստիպված եղավ կատարել նաև նրա երկրորդ պահանջը` նստել դիմացի պատի տակ դրված մի ոտքը կիսով չափ կոտրված աթոռակին, որը ամրացված էր մեկուսիչ սև ժապավենով, իսկ բժիշկը հարմարավետ տեղավորվեց մի այլ աթոռակի վրա, որը դրեց հիվանդի ետևի մասում:

-Ցավու՞մ է,-հարցնում էր ուռոլոգ բժիշկը` ամեն անգամ դաստակի փափուկ մասով ուժգին հարվածելով Գառնիկի մեջքի այն տեղերին, որոնց տակ ենթադրվում էր երիկամների առկայությունը:

Գառնիկը նույն ձևով «Այո» կամ «Ոչ» էր հնչեցնում, բա հո չէր ասի` Cancel արա:

-Գուցե երիկամներումդ քար կամ ավազ կա, պետք է սոնոգրաֆիական կամ ավելի լավ է բիոռեզոնանսային հետազոտման ենթարկվեք, կասկածում եմ, որ պիելոնեֆրիտ ունեք, լավ կլինի դիմեք նաև թոքաբանին,-ասաց ուռոլոգ բժիշկը և իր գրառումները կատարեց սահմանված չափի բժշկական «Ձևի» մեջ:

-Ոտքի վրա թոքերի բորբոքում եք տարել և գուցե բարդություն է տվել,-ախտորոշեց թոքաբանը և նոր գրառումներ արեց հատուկ «Ձևի» մեջ:

Դրանից հետո Գառնիկին ուղարկեցին նաև գաստրոլոգի մոտ, որը ախտորոշեց` հաստ աղիքի դիսկենեզիա, պրոկտիտ, միոմա, դիսբակտերիոզ (proteus vulgaris, escherichia coli, enterococcoum faecium):

Իսկ հավասարակշռման սարքի վրա ողնաշարի պահվածքի թեստ անցնելուց հետո Գառնիկը հազիվ էր ոտքի վրա կանգնում, երևի վեստիբուլյար ապարատը սկսել էր շեղումներ տալ:

Ամենավերջում Գառնիկի առողջական վիճակը հետազոտեցին և եզրափակեցին, ինչպես և նախատեսված էր, բիոռեզոնանսային (սկենառային) հատուկ դիագնոստիկ համալիրի վրա` նրա գլխին հագցնելով բավականին մեծ չափերի ականջակալները: Երկարատև, տաղտկալի, ինչ-որ տարօրինակ ձայնային ազդանշաններով ուղեկցվող դժվարագույն թեստավորումը մանրամասն ցուցադրվում էր նաև համակարգչի  մոնիտորի էկրանին: Կես ժամ տևած այդ հետազոտման ընթացքում Գառնիկը առաջին անգամ տեսավ իր մարմնի ողջ ներքին կառուցվածքը` սկսած ողնաշարի ծռված դիրքից, որի վրա դեղնավուն գույնով նշված գնդիկները տկտկալով վազվզում էին և փոխարինվում կարմիր գույնի գնդիկներով, նույն ձևով ցուցադրվեց նաև իր գլխի արյունատար անոթների սոսկալի վիճակը, որի հատուկ մասերում նույնպես գնդիկներով նշումներ էր կատարում համակարգիչը, ապա դիտեց իր սրտի իսկական պատկերը, որը ոչ նորմալ բաբախյունով ահասարսուռ ձայներ էր արձակում, իսկ հետո` լյարդի ու թոքերի տարօրինակ պատկերները վազվզում էին նրա աչքերի առջևով, բայց երիկամների աշխատանքը իսկական խայտառակություն էր… Գառնիկը տեխնիկայի այդ առաջընթացից ցնցված էր և հետաքրքրությունից, թե սարսափից քարացել էր` էկրանին տեսնելով իր ոսկրային համակարգի և արյունատար անոթների ահավոր անկատարելիությունը: Ինչ իմանար նա, որ դրանք իր մարմնի մասերը չեն, այլ ընդամենը նախապես նկարահանված և համակարգչի մեջ մուտք արված գրաֆիկական պատկերներ են:

Բիոռեզոնանսային սարքը համակարգող բժշկուհին, որը  հարևան խցիկի աշխատակցուհու հետ տաք-տաք բանավիճում էր կոսմետիկայի ինչ-որ հարցի շուրջ` քիչ էր մնում Գառնիկին ուղարկեր նաև կանացի կոնսուլտացիայի, բայց  նրա բախտը բերեց, որ բժշկուհին ճիշտ ժամանակին նկատեց պացիենտի, այսինքն` Գառնիկի տղամարդ լինելու փաստը, չնայած նրան, որ մեր ժամանակների գենդերային հավասարության պայմաններում դա էլ նորմալ կլիներ:

Երկու ժամից ավելի տևած ծանրագույն, դժվար, խորը և ամբողջական ցիկլով հետազոտումից հետո, վերջնականապես կազմվեց Գառնիկի առողջական վիճակի ախտորոշման թերթիկը, որի յոթ հաջորդական կետերում մանրամասն նշված էր նրա հիվանդությունների ամբողջական ցանկը, նրանց տեսակները և ախտահարման աստիճանը, իսկ վերջում` ավարտական եզրակացությունը:

Երբ եզրակացությունը լիովին պատրաստ էր` Գառնիկին կրկին հրավիրեցին գլխավորի աշխատասենյակ:

Գլխավորը հանդիսավոր կերպով վեր կացավ նստած տեղից, խորամանկ ժպտաց, ապա դանդաղորեն խորասուզվեց կաշվե փափուկ բազկաթոռի մեջ, սեղանի վրայից վերցրեց օպտիկական ակնոցները, դրեց մտահոգ ճակատին, խորը շունչ քաշեց և բարձրաձայն կարդաց հետազոտման վերջնական եզրակացությունը, ապա բարձրացրեց գլուխը, ակնոցների տակից կրկին խորամանկ ժպիտով նայեց Գառնիկին ու ասաց.

-Բացի սրանից, որ ես կարդացի, առաջարկում եմ նաև մի այլ` Ձեզ համար հարմար կլինիկայում կատարել` արյան և մեզի ընդհանուր անալիզ, կղանքի բիոլոգիական անալիզ` դիսբակտերիոզի հայտնաբերման նպատակով, արյան մեջ շաքարի պարունակության անալիզ` շաքարախտի հայտնաբերման իմաստով, ինչպես նաև` այցելել սեքսոպաթոլոգի, քանի որ այդ ուղղությունների մասնագետները մեզ մոտ բացակայում են:

Իսկ ամենավերջում, հանդիսավոր կերպով Գառնիկին հանձնելով ախտորոշման իր կողմից ստորագրած և բժշկական կենտրոնի կնիքով վավերացված եզրակացության փաստաթուղթը` գլխավոր բժիշկը իմիջիայլոց ավելացրեց.

-Հա, եթե կցանկանաք մեզ մոտ բուժվել, ապա այն մենք կարող ենք կատարել հատուկ մշակված սկենառթերապիայի մեթոդով, որը Ձեր դեպքում կարժենա 700 հազար դրամ, բայց ես կարող եմ այս անգամ ընդառաջել Ձեզ և զեղչ անել, ինչը չէի կարող անել հետազոտման գումարի դեպքում,  20 օրվա համար կմուծեք ընդամենը 400 000 դրամ և այստեղից դուրս կգաք ամբողջովին ապաքինված վիճակով:

Գառնիկը շփոթված ու սարսափած բուժման համար պահանջվող գումարի թվից` շուտասելուկի նման շնորհակալություն հայտնեց գլխավորին, ցտեսություն ասաց և տուն շտապեց հոգնած, զայրացած ու ցավերն ավելի ուժեղացած վիճակում:

Իսկ տանը Սրբուհի մայրիկը, լսելով որդու հայտնած բուժման գումարի մասին, մի քիչ զայրացավ, հետո զարմացավ, բայց քիչ հետո խոստացավ` թոշակից ավելի շատ տնտեսում կատարել և հինգ տարում ապահովել Գառնիկի բուժման պահանջվելիք գումարը, չէ որ ինքը խորապես համոզված էր, որ որդու առողջությունը ամենաթանկն է իր համար:

Սակայն, զգուշության համար, Սրբուհի մայրիկը հաջորդ օրը տան պահուստից հայթհայթեց  մեկ «բրենդային» կոնյակ և մեկ տուփ «էլիտար» շոկոլադ, որոնք իր ծննդյան տոնին բերել էին բարեկամները, տեղավորեց ցելոֆանե գեղեցիկ տոպրակի մեջ, Գառնիկի հետ այցելեց իր մի հին ծանոթ բժիշկ-թերապևտի: Բա հո փող չէր տա, ամոթ է, հին ծանոթներ են: Այս ծանոթ բժիշկն էլ իբր շատ ուրախացավ` տեսնելով հին ծանոթուհուն, ապա նույն դասական մեթոդով Գառնիկին առաջարկեց` գոտկատեղից վերև հանվել և մեջքի վրա պառկել սպիտակ սավանով պատված թախտին, որից հետո կատարեց նույն ավանդական սեղմում-թողնումները և եզրափակեց.

-Տիկին Սրբուհի, որդուդ, լյարդը լայնացած է, քանի որ լեղին ինչ-ինչ պատճառներով մածուցիկ է դարձել և դժվար է մղվում լեղածորան: Ես հիմա դեղեր կգրեմ, թող նա դրանք խմի, չմոռանաք նաև տաքացրած ջերմուկը ուտելուց առաջ  խմեցնելը և մի շաբաթից հետո նորից կգաք ինձ մոտ:

Մյուս օրը առավոտյան, վհատ տրամադրությամբ, քանի որ չթուլացող ցավերից նաև գիշերը վատ էր քնել, Գառնիկը նստեց համակարգչի մոտ և իրեն տրված երեկվա հետազոտման թերթիկի բոլոր եզրակացությունների և ախտորոշումների տվյալների հիման վրա մաթեմատիկական ծրագիր կազմեց` մեկիկ-մեկիկ կոդավորելով թերթիկում նշված բոլոր  հիվանդությունները, որոնք հայտնաբերել էին դիագնոստիկ կենտրոնի և մայրիկի ծանոթ բժիշկները:

Մաթեմատիկական ծրագիրը մուտք արեց համակարգչի մեջ, որոշ ժամանակ սպասեց, իսկ համակարգիչը արագորեն կուլ տվեց ծրագիրը` նշված տվյալներով հանդերձ, ապա դանդաղորեն մշակեց այն, մի քանի անգամ մոնիտորի էկրանին թարթեց ինչ-որ անհասկանալի քառանկյուն պատկերներ, հետո նորից մի քանի վայրկյան «մտածեց», ապա ռոբոտի սառնասրտությամբ մոնիտորի էկրանին դուրս բերեց հետևյալ հաղորդագրությունը.

«Դուք մեռած եք, բայց ողջ եք ձևանում»: Գառնիկը  հիասթափված էր այդ անորոշ հաղորդագրությունից:

Երեկ դիագնոստիկ կենտրոնի բժիշկների ասածին էր կասկածով վերաբերվում կամ չէր էլ հավատում, իսկ հիմա էլ սկսեց կասկածել համակարգչի տված ախտորոշման ճշգրտության վրա: Չգիտեր` ո՞ւմ հավատալ, ի՞նչ անել: Գուցե մի նոր մաթեմատիկական ծրագիր կազմեր, երևի ինչ-որ տեղ սխալ էր թույլ տվել…

Այս ծանր մտորումների մեջ էր Գառնիկը, երբ հանկարծ մի միտք կայծակի պես շանթեց նրա ուղեղում` «գուցե այդ ցավերը սննդի հետ կապված երևույթ են», հետո գրեթե  հաստատապես համոզվեց, որ իր առողջության վատացումը կապված է այն բանի հետ, որ երեկ չէ մյուս օրը իրենց համալսարանի Վիգենի  բուֆետում «պիցցա» էր կերել, ախր ո՞նց էր մոռացել…

Լսելով Գառնիկի վերջին հայտնագործության մասին` նրա Արևհատ տատը խորամանկ ժպտաց քթի տակ, ապա կերկերուն ձայնով արտաբերեց.

-Այ, բալիկ ջա~ն, ախր,  ինչու՞ ես քեզ տանջում, պատեպատ տալիս, մորդ հորդորներին ենթարկվում, մի բաժակ սոդայաջուր սարքիր, կում-կում խմիր, հետո էլ` մորդ խնդրիր թող մի լավ հոգնա անի «ռոմաշկայով», ամեն ինչ կանցնի:

Գառնիկը այդպես էլ արեց և հիմա շատ էլ լավ է իրեն զգում, առաջվա պես առավոտյան ավտոբուսով դասի է գնում ու ոչ մի բանից էլ չի գանգատվում: Ապրի՛, Գառնիկի տատիկը:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728