Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՄ առաջարկներն այսօր ընդամենը ծիծաղ են հարուցում». «Հայոց աշխարհ»

Փետրվար 22,2014 10:48

Բայց գնացքն արդեն անցել է

Ինչպես հայտնի է, Եվրամիությունը շրջանառության մեջ է դրել Արեւելյան գործընկերության պետությունների հետ համագործակցության նոր ծրագրի, այսպես ասած, «սեւագիր» տարբերակը։  20 կետից բաղկացած «եվրոպական փաթեթը», սակայն, այլ բան չէ, քան ձախողված գործընթացը փրկելու փորձ:
Խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ։

   –Եվրոչինովնիկները, գիտակցելով, որ Արեւելյան գործընկերության ձեւաչափը ճիշտ չէր ընտրված, քանի որ սխալ էր անտեսել տարբեր երկրների առանձնահատկությունները, առաջարկվող փաթեթում կարեւորել են հենց այդ հանգամանքը. նշվում է` «…խրախուսել բարեփոխումները` հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները եւ հանգամանքները»:
-Նրանում, որ Հայաստանն այսօր անդամակցում է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, իր մեղքի մեծ բաժինն ունի Եվրամիությունը: Հայաստանի համար լավագույն տարբերակը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է, այն ապահովում է հավասարակշռություն Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:
Բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց, մյուս կողմից, գիտակցում ենք, որ Մաքսային միությանը անդամակցումը մեզ կանգնեցնում է որոշակի խնդիրների առաջ: Խոսքս մասնավորաբար մաքսային դրույքաչափերի բարձրացման մասին է, որը մեր տնտեսության վրա կարող է բացասաբար անդրադառնալ: Փաստորեն մենք մտնում ենք մի տարածք, ուր տնտեսական իմաստով կասկածելի ու մտահոգիչ խնդիրներ կունենանք:
Եթե եվրոպացիները ավելի լուրջ լինեին ու Հայաստանի պարագայում ժամանակին հենց այս առանձնահատկությունը հաշվի առնեին, ապա մենք հնարավորություն կունենայինք շարունակել վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Իսկ այսօր արդեն ժամանակն անցել է: Ու ես չգիտեմ, թե Եվրամիությունը ի՞նչ է առաջարկելու: Ի՞նչ առանձնահատուկ վերաբերմունք Եվրամիությունը կարող է դրսեւորել Մաքսային միություն՝ այլ տնտեսական միասնական տարածք գնացող Հայաստանի հանդեպ, ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում:
Տպավորություն կա, որ ԵՄ անդամ մի քանի անլուրջ երկրներ փորձեցին ինքնուրույն խաղ տանել, ինչին հակված չէին խոշոր տերությունները. հիշեցնեմ, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը իրականացնող հիմնական երկիրը Լեհաստանն էր: Եվ վերջում պարզվեց, որ այդ ծրագրի հետեւում ֆինանսական լուրջ աջակցություն չկա: Եվրամիությունը այսօր միլիարդներ է տալիս Հունաստանին, բայց դրա մեկ տոկոսն էլ չի կամենում հատկացնել Հայաստանին, Վրաստանին ու Մոլդովային:
Բայց որքանո՞վ է լուրջ աջակցությունն առանց ֆինանսական օժանդակության: Սա փաստում է անպատասխանատու վերաբերմունքի մասին, ինչն էլ հանգեցրեց նման հետեւանքների:
   –Նկատելի են Եվրամիության ճիգերը` հետ բերել հեռացող երկրներին. խոսեցիք ֆինանսների բացակայությունից, ԵՄ-ն կարծես «սթափվում է» ու նոր փաթեթում ակնարկում երկարամյա ֆինանսական ծրագրերի, լրացուցիչ ֆինանսավորման մասին:
   -Եթե Հայաստանը որոշել է Մաքսային միություն մտնել, հիմա իրենք ի՞նչ ֆինանսական առաջարկներ պետք է անեն: Կամ քաղաքացիական պատերազմ մղող Ուկրաինայում ո՞ւմ է հետաքրքրում, թե Եվրամիությունը ի՞նչ նոր առաջարկներ է իրենց ներկայացնում:
Իսկ Մոլդովայում գագաուզները հանրաքվե են անցկացրել եւ հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին, նույնը կատարվում է Մերձդնեստրում: Հիմա ի՞նչ պետք է առաջարկեն, որ այս ընթացքը կասեցնեն: Գնացքն արդեն գնացել է, ԵՄ առաջարկները, կրկնում եմ, այսօր ընդամենը ծիծաղ են հարուցում:
   –Մինչդեռ Եվրամիությունը այս ամենն անտեսած՝ դեռ ախորժակ ունի ակտիվ դերակատարում ունենալ նույնիսկ էներգետիկ ոլորտում: Նշված է.  «Օգնել գործընկեր երկրներին՝ նվազեցնելու էներգետիկ կախվածությունը եւ բարելավելու մրցունակությունը»: Հարց է առաջանում. ի՞նչ այլընտրանքային էներգետիկ ծրագրեր կարող է ներկայացնել Եվրամիությունը, որով տարածաշրջանից դուրս կմղի գործուն ծրագրերով ներկայացած Ռուսաստանին:
-Եվրամիությունը էներգետիկ ոչ մի առաջարկ, առավել եւս՝ այլընտրանք, չի կարող ներկայացնել: Ըստ էության, Ռուսաստանի այլընտրանքը Իրանն է, որի հետ ԵՄ-ն նոր-նոր է ուզում հարաբերություններ սկսել: Այսինքն՝ չունենալով Իրանի հետ լուրջ հարաբերություններ, ինչպե՞ս կարող է խնդրել նրան Հայաստանի հետ ինչ-որ ծրագիր իրականացնել:
Բացի դրանից, Իրանը նախեւառաջ Հայաստանի մոտ հարեւանն է, ու եթե մենք կարողանայինք ավելի լավ պայմաններով գազ ներմուծել, արդեն իսկ վերցրած կլինեինք: Մենք աշխարհագրություն շատ լավ գիտենք, լավ ենք ճանաչում նաեւ մեր հարեւաններին, ուրեմն այդ ի՞նչ նոր բան կարող է Եվրամիությունը մեզ առաջարկել, որի մասին ինքներս չգիտեինք ու ինքը պետք է գա, որ մեզ հուշի:

Մարինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե եվրամիությունը էներգետիկ ալընտրանքային աղբյուր չառաջարկի,ապա կառաջարկի էներգախնայողության տարբերակը՝այն է ,կանգնեցնել աշխատող էներգատար ձեռնարկությունները,անջատել փողոցային լուսավորությունը,արևի մայր մտնելուց քնել և արևաձագին վեր կենալ,ինչպես գերմանացի ֆերմերներն են անում,գազի փոխարեն աթար վառել,զրոյական դարձնել բյուջեի դեֆիցիտը՝վարչակառավարչական աշխատողների թվի կրճատման,ծախսերի պակասեցման,բանակի թվակազմի կրճատման և սպառազինության ծախսերի պակասեցման, և մեզ համար ոչ ցանկալի այլ միջոցառումների իրականացման միջոցով…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728