Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինա. Վերջ առաջին մասի («Ժամանակ»)

Փետրվար 22,2014 10:36

Ուկրաինայում երեկ տեղի է ունեցել արյունոտ իրադարձությունների որոշակի հանգուցալուծում՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է արտահերթ նախագահական ընտրություններին, տեղի է ունեցել վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, այսինքն` խորհրդարանին են վերադարձվել նախագահական որոշ լիազորություններ, ինչպես նաև ընդունվել է օրենք, որը հնարավորություն է տալիս նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հայտնվել ազատության մեջ:

Այս զարգացումները կարելի է համարել ընդդիմության ու ժողովրդի պայքարի հաջողություն, սակայն կարծեք թե ամեն ինչ այդքան էլ միարժեք չէ: Համենայնդեպս, երեկ Մայդանում, երբ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են այս համաձայնագրի մասին՝ իշխանությունների հետ կնքված, Մայդանի ժողովրդի մի մասը սուլել է ընդդիմության առաջնորդներին և պահանջել ուղղակի Յանուկովիչի հրաժարական, սահմանելով ժամանակ՝ փետրվարի 22-ի ժամը 10-ը, այսինքն` այսօր ժամը 10-ը մինչև: Ակնհայտ է, որ հանգուցալուծում տեղի ունեցածը կարելի է համարել խիստ պայմանականորեն: Ի վերջո, մոտ 80 զոհերը չեն կարող անցնել հենց այսպես` արտահերթ ընտրություններով ու Տիմոշենկոյի ազատ արձակումով:

Այս ամենից զատ, ներկայիս իրավիճակը կարծեք թե վկայում է իրավիճակի ավելի բարդացման մասին: Այսինքն` կարող են ի հայտ գալ արդեն տարաձայնություններ քաղաքական հողի վրա, որոնցից Մայդանը մինչև այսօր հաջողությամբ խուսափում էր: Այսինքն` այս տեսանկյունից դիտելով, կրկին իհարկե պայմանական, սակայն կարելի է նկատել նաև Յանուկովիչի որոշակի հաջողություն: Նրա համար գլխավոր խնդիրն էր ցրել Մայդանը, չստացվեց, և հիմա նա փորձում է պառակտել Մայդանը: Եվ եթե սա ստացվի, ապա Յանուկովիչը կարող է, ըստ էության, անելանելի վիճակից մի փոքր դուրս գալ: Եվ այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ամուր կշարունակեն մնալ մայդանցիները իրենց միասնականության մեջ, այսինքն` չտրվել քաղաքական հավակնությունների կամ տարաձայնությունների: Այստեղ շատ բան կախված կլինի նաև լիդերներից: Այլ կերպ ասած` սա միայն վերջն է առաջին մասի, մինչդեռ անկասկած կան բազմաթիվ սերիաներ, որոնց վերաբերյալ կարող են լինել տարբեր սցենարներ:

Առանցքային հարց է դառնում նաև Տիմոշենկոյի անձը: Ազատ արձակվելով` նա ըստ էության ստանում է լիդերության մեծ շանս: Այսինքն` սա արդեն կարող է նաև առաջացնել այլ լիդերների խանդ, մասնավորապես Կլիչկոյի և Տյագնիբոկի, ինչպես նաև ազգայնական թևի լիդերների: Այսինքն` իրականում ներկայիս իրավիճակը ուկրաինացի ընդդիմադիրների ու մայդանցիների համար առավել մեծ մարտահրավեր է: Եվ այս վիճակում պետք է արձանագրել, համենայնդեպս անցնող ամիսներից, որ Մայդանի ժողովուրդը ավելի պատրաստ է նմանօրինակ մարտահրավերներին, քան ուկրաինացի ընդդիմադիրները: Եվ ամեն ինչ կախված է նրանից, թե Մայդանը կկարողանա՞ արդյոք շարունակել կառավարել քաղաքական դաշտը: Մինչև այսօր Մայդանը կառավարում էր և թույլ չէր տալիս քաղաքական լիդերներին տրվել որևէ առևտրի կամ գործել սխալներ, հայտնվել թակարդում:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728