Պայքարել երեխաների իրավունքների համար՝ նշանակում է
պայքարել համահարթեցման դեմ
Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Երեւանի թիվ 174 դպրոց հաճախող մեկ երեխայի իրավունքների խախտում է արձանագրել: Այդ երեխան սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունի: Եվ ահա 2013 թվականին դպրոցը, որն իրականացնում է ներառական կրթություն, այսինքն՝ հնարավորություններ է ստեղծում այդպիսի խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն ստանալ բոլորի հետ միասին, վերանորոգվել է: Բայց վերանորոգվել է՝ հաշվի չառնելով այդ երեխաների շահերը. նրանց տեղաշարժի, սանհանգույցներից օգտվելու համար հարմարություններ չեն ստեղծվել: Մեղքը քաղաքաշինության նախարարությանն է եւ Երեւանի քաղաքապետարանինը:
Դուք կասեք՝ ի՞նչ մի խնդիր է, մի երեխա չի կարողանում դպրոց հաճախել՝ այն դեպքում, երբ Հայաստանում հազարավոր երեխաներ սոված են, հագուստ ու կոշիկ չունեն՝ դպրոց հաճախելու համար, չեն կարող տետրեր եւ դասագրքեր գնել եւ այլն: Բայց այդ բոլոր խնդիրները առաջացել են նաեւ այն պատճառով, որ մարդիկ իրենց չեն զգում քաղաքացի եւ չեն ցանկանում պաշտպանել ոչ իրենց սեփական, ոչ էլ ուրիշների իրավունքները: Իսկ այդ զգացողությունը պետք է դաստիարակել ոչ թե նույնիսկ դպրոցից, այլ մանկապարտեզից:
«Յունիսեֆ»-ի տվյալներով՝ հինգ հաշմանդամ երեխաներից մեկը Երեւանում դպրոց չի հաճախում, իսկ Երեւանից դուրս այդ թիվն ավելի մեծ է՝ չորսից մեկը: Ավելի տպավորիչ են հետեւյալ թվերը` նման երեխաների ծնողների 36%-ը՝ Երեւանում եւ 51%-ը մարզերում վստահ են, որ իրենց զավակները չպիտի էլ դպրոց գնան: Հետեւաբար, բոլորս խնդիր ունենք այդ մարդկանց կրթելու, լուսավորելու: Ի՞նչ նպատակով: Ոչ միայն նրանց, այլեւ առաջին հերթին մեր եւ մեր երեխաների համար: Որպեսզի վերջիններս, տեսնելով մի մարդու, որն իրենցից տարբերվում է, չխրտնեն նրանցից, չմտածեն, որ իրենք՝ մեծամասնություն կազմելով, ինչ-որ առավելություն ունեն, այլ իրենց դասարանն ընկալեն որպես խիստ տարբեր անհատների միասնություն:
Այս մոտեցումը խիստ հակասում է մանկավարժական այն հայեցակարգին, որով դաստիարակվել ենք մենք խորհրդային շրջանում: Գաղափարախոսությունը կոմունիստական էր, այսինքն՝ հիմնված էր ոչ թե անհատի ստեղծագործական զարգացման, այլ ճիշտ հակառակը՝ համընդհանուր, բոլորի մեջ հավասարապես բաժանված բարիքների ու երջանկության թեեւ գեղեցիկ, բայց ուտոպիստական գաղափարի վրա: Ամենօրյա պրակտիկայում դա վերածվում էր համահարթեցման, բոլորին նույն ձեւով սովորեցնելու եւ բոլորից նույնը պահանջելու, ինչպես կասեր Պարույր Սեւակը՝ գազոնային քաղաքականության:
Կարդացեք նաև
«Պաշտոնապես խրախուսվող» տեսակը գորշությունն էր եւ ոչ թե տարբերությունների, բազմազանության բացահայտումն ու զարգացումը: (Իհարկե, կային ուսուցիչներ ու տնօրեններ, որոնք այդ դոգմաները ցանկանում եւ կարողանում էին շրջանցել): Այդ շրջանակներում անընդունելի, ծաղրի առարկա կարող էր դառնալ ոչ միայն հաշմանդամը, այլեւ ակնոց կրող երեխան («չորսաչքանին») կամ, օրինակ, ուրիշ վայրից եկած եւ իր տեղանքի բարբառով խոսող երեխան: Արդյոք մենք շա՞տ ենք հեռու գնացել, երբ դպրոցներում դասավանդում են հիմնականում այս դարաշրջանում կրթություն ստացած ուսուցիչները:
Երեխաների համախմբմանը նպաստող պաշտոնական կազմակերպությունները նույնպես գտնվում էին այդ՝ համահարթեցման գաղափարախոսության կաղապարի մեջ: Հոկտեմբերիկները, պիոներների ու կոմերիտականների կազմակերպությունները, բնականաբար, շատ հեռու էին երեխաների իրավունքների պաշպանությունից, ըստ մտահղացման՝ դրանք պետք է որ պատրաստեին «կուսակցության զինվորի», ինչն, իհարկե, 60-70-ականներից սկսած՝ վերածվել էր զուտ ձեւականության:
Բայց մանկական, պատանեկան կազմակերպությունների բացակայությունը նույնքան վնասակար է, որքան դրանց աննպատակ գործունեությունը՝ հանուն ինչ-ինչ գաղափարախոսական նպատակների: Եթե, օրինակ, պիոներական կազմակերպությունը փոխարինենք «պատանի նժդեհականներով», ապա դա ոչ մի նոր երանգ չի ավելացնի մեր կյանքում: Կազմակերպությունը չի կարող լինել մեկը՝ ինչպես հանրապետությունում, այնպես էլ մի դպրոցում: Դրանք պետք է տարբեր լինեն՝ իրենց նպատակներով եւ չափերով: Եթե հարկ կա խոսելու ինչ-որ մի ուղղության մասին, ապա դա կարող է լինել միայն մեկը՝ բազմազանության եւ, հետեւաբար, երեխաների իրավունքների պաշտպանություն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը`vsetutonline.com-ից