Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաքսային միության քաղաքական հետեւանքները

Փետրվար 22,2014 15:10

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը եւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Արամ Աբրահամյան.- Մաքսային միությունը քաղաքակա՞ն նախագիծ է, թե՞ տնտեսական, թե՞ երկուսը միասին:

Սերգեյ Շաքարյանց.– Երեւի թե ճիշտ կլինի, եթե մենք բնութագրենք, որ Մաքսային միության գաղափարը, որպես այդպիսին, նախեւառաջ շատ պրագմատիկ տնտեսական գաղափար է: Տվյալ նախագիծը պարունակում է նաեւ քաղաքական կոնկրետ տարրեր: Մաքսային միությունը եւ այլն, մնացած շարունակություններով, ենթադրվում է, որ պետք է հիմք ծառայի Եվրասիական միության ստեղծման համար, որը աշխարհաքաղաքական նախագիծ է: Թե ինչ կլինի Եվրասիական միությունը՝ որպես այդպիսին, դժվար է պատկերացնել` չնայած մենք ունենք նախնական տվյալներ, թե ինչ-որ խոսակցություններ կամ բանակցություններ վարում են այդ թեմայի շուրջ եւ Իրանի, եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները եւ այլն: Այսինքն՝ արդեն սա ոչ միայն ԱՊՀ երկրներին կամ հետխորհրդային տարածքին վերաբերող հարց է, կան նաեւ ազդանշաններ Սիրիայից, որ իրենք էլ դեմ չեն մասնակցել, Չինաստանը, բնականաբար, որպես Շանհայի կազմակերպության անդամ, երեւի թե առաջնորդի, առաջատարի դերակատարությամբ կցանկանա մասնակցել Եվրասիական տարածքում:

Ա. Ա.- Որո՞նք են Մաքսային միության քաղաքական կամ աշխարհաքաղաքական տարրերը: Ռուսաստանը նախաձեռնում է Մաքսային միությունը, որպեսզի…
Միքայել Հայրապետյան.- Ռուսաստանը նախաձեռնում է Մաքսային միությունը, որպեսզի ունենա աշխարհի համար ընկալելի, լեգիտիմ նախահիմք` կայսրությունը վերականգնելու կամ նոր տիպի, նոր ժամանակներին համահունչ կայսրություն ստեղծելու համար:

Ա. Ա.– Հետեւաբար Չինաստանը, Սիրիան կամ Իրանը այդ կայսրության մեջ չ՞են մտնում:

Մ. Հ.– Բնականաբար՝ ոչ, մանավանդ Բուրկինա Ֆասոն:

Ս. Շ.– Համաձայն չեմ: Եթե կայսրություն լիներ, ինչո՞ւ է իր մեջ ընդգրկելու Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, սրանք արդեն իսկ առանձին կայսրություններ են: Ես տեսնում եմ, որ Չինաստանը շատ լայնորեն համագործակցում է նույն Ռուսաստանի հետ շատ ու շատ կարեւոր հարցերում, այդ թվում՝ Անդրկովկասի տարածաշրջանում:

Ա. Ա.– Եթե ենթադրվում է, որ դա նաեւ որոշ չափով քաղաքական նախագիծ է, ապա կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում գործելու են այն քաղաքական ստանդարտները, որոնք գործում են Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում:

Մ. Հ.– Եթե երբեւէ կայանա, ապա՝ անշուշտ: Այսօրվա դրությամբ ունենք դեռեւս 3 պետություն` Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Մենք էլ, բնականաբար, կմտնենք այդ ծիրի մեջ, եւ եթե պետականություն մնա անվանականորեն, ապա իրականում բովանդակային առումով պետություն չենք ունենա՝ կլինի այնպես, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր: Բայց շատ թերահավատ եմ, թե թուլացած, ավարտին մոտեցող Ռուսաստանին հաջողվելու է այդպիսի մի բարբարոսական միջնադարյան կառույց ստեղծել:

Ա. Ա.– Հայաստանը փաստացի կկորցնի իր անկախությունը եւ կդառնա ավարը Ռուսաստանի:

Ս. Շ.– Ոչ, դժվար թե, դրանով շահագրգռված չեն նույնիսկ մասնակիցները, եթե իրոք մասնակցեն: Պարսկաստանը, օրինակ, երբեք շահագրգռված չի լինի, որ Հայաստանը իր անկախությունը կորցնի: Իսկ Բելառուսի, Ղազախստանի դեպքում էլ ինձ չի թվում, որ նրանք կկորցնեն իրենց անկախությունը՝ համենայնդեպս այդ կարգի չեն կորցնի, ինչպես Հունաստանի Հանրապետությունը՝ Եվրամիության կազմում, երբ որ արտաքին կառավարում են նշանակել: Հայտնի է՝ եթե ֆինանսները կառավարվում են դրսից, արդեն պետությունը անկախ լինել չի կարող: Համոզված եմ, որ բոլորին է ձեռնտու պահպանել անկախ, թեկուզ եւ տեսականորեն՝ Հայաստանի Հանրապետություն՝ նույն ռուսներին, չինացիներին, նույն ղազախներին:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728