Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը հայ ընթերցողի գրասեղանին դրեց եւս մի կարեւոր աշխատություն՝ «Ազատագրական պայքարի ռազմավարությունը եւ էջեր նրա հերոսապատումից» խորագրով։
650 էջ ընդգրկող սույն աշխատության մեջ Հ. Գեւորգյանին հաջողվել է օբյեկտիվ համակողմանիությամբ եւ փաստարկված լուսաբանել Արեւմտյան Հայաստանում եւ Կովկասում 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին մղված հայ ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունն ու այդ պայքարն առաջնորդող հայ ազգային կուսակցությունների որդեգրած մարտավարությունը, ինչպես նաեւ հայ նշանավոր ֆիդայիների առաջնորդությամբ տեղի ունեցած հերոսամարտերը։ Մենագրությունը աչքի է ընկնում հարուստ աղբյուրագիտական բազայով։
Հ. Գեւորգյանը գիտական շրջանառության մեջ է դրել մի շարք նոր վավերագրեր ու արխիվային նյութեր, որոնց մեծագույն մասը հայտնաբերել է ՀՅԴ-ի՝ Բոստոնում (ԱՄՆ) գտնվող արխիվում։ Լայնորեն օգտագործվել են նան Հայաստանի ազգային արխիվում գտնվող նյութերը, ինչպես եւ հրապարակի վրա եղած փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներն ու մամուլի նյութերը։
Մենագրության առաջին չորս գլուխներում հեղինակը ներկայացնում է հայ ազգային-ազատագրական պայքարի ընթացքը Արեւմտյան Հայաստանում, իսկ հինգից իններորդ գլուխներում՝ հայության պայքարն ընդդեմ ցարիզմի հակահայ քաղաքականության եւ դրա հետ կապված՝ կովկասահայության մղած ինքնապաշտպանական հերոսամարտերը։ Պրոֆեսոր Հ. Գեւորգյանը գիտական հասարակայնության դատին է հանձնել մի կուռ, ամբողջական աշխատություն, որի եզրակացություններն ու դասերը խորապես փաստարկված են եւ հիմնավոր։ Մենագրության վերաբերյալ եղած դիտարկումներն ու արձագանքները վկայում են, որ հայոց ազգային֊ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրության բնագավառում կատարված է լուրջ եւ դրվատանքի արժանի աշխատանք։
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
պատմական գիտությունների
թեկնածու