Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի կառավարման խորհուրդների բարձրաստիճան ղեկավարները օգնո՞ւմ են, թե՞ խանգարում

Փետրվար 22,2014 14:25

Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի՝ իշխանավորները ոչ մի շահագրգռվածություն չունեն իրենց վրա հավելյալ ծանրաբեռնվածություն վերցնելու համար:

2012թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիս ամիսը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ Կենտրոնական Եվրոպական համալսարանի բարձրագույն կրթության վերլուծական կենտրոնը հրավիրվեց Հայաստան՝ բարձրագույն կրթության ոլորտում արտաքին անկախ ուսումնասիրություն անցկացնելու համար:

Արտաքին ուսումնասիրության արդյունքում մեր բարձրագույն կրթության ոլորտի առջեւ կանգնած խնդիրներից առանձնացվել է իշխանության՝ չափից դուրս ներգրավվածությունը բարձրագույն կրթության համակարգում. «Պետությունը չափից ավելի շատ է միջամտում ու բոլոր մակարդակներով վերահսկում բարձրագույն կրթության համակարգը: Հայաստանի քաղաքական ռեժիմի ցուցաբերած հետաքրքրությունը բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ հիացմունքի է արժանի եւ տեսականորեն կարող է բերել դրական արդյունքների: Ցավոք սրտի, այս հետաքրքրվածությունն արտահայտվում է չափից ավելի ինտենսիվ վերահսկողությամբ»: Որպես այդպիսի վերահսկողության օրինակ բերվել է այն, որ յուրաքանչյուր պետական բուհի խորհրդի ղեկավարը որեւէ բարձրաստիճան պաշտոնյա է, օրինակ՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, կրթության նախարարը եւ այլն:
Ընդհանուր առմամբ, գնահատելով բոլոնյան ռեֆորմները, ուսումնասիրության մեջ նշված է. «Այսպիսով, հարցազրույցներին մասնակցած անհատների մեծամասնությունը եւ նույնիսկ նրանք, ովքեր բացեիբաց կողմ էին արտահայտվում ռեֆորմներին, բնութագրեցին գործընթացը որպես «ձախողված»:

Այս կապակցությամբ «Առավոտը» զրուցեց ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Մեզ հետաքրքրում էր՝ համաձա՞յն է նա, որ բոլոնյան գործընթացը ձախողվել է Հայաստանում: Պարոն Դավթյանը նկատեց. «Նախ մենք պիտի տարբերակենք՝ ինչ ասել է բոլոնյան գործընթաց, ի՞նչն է տապալվել, ի՞նչը հաջողվել: Պետք է հստակ նշվի, թե ո՞ր մասում է ձախողում գրանցվել: Բոլոնյան գործընթացը միասնական կրթական տարածք ստեղծելուն միտված գործընթաց է, եւ հենց այս առումով պիտի նայենք՝ ի՞նչ ենք հասցրել անել, ի՞նչը՝ դեռ ոչ: Բոլոնյայի համաձայնագրով հիսունից ավելի երկրներ կան, որ մասնակցում են այդ գործընթացներին, ու չենք կարող ասել, որ նրանցից բոլորը կամ թեկուզ մեկը ամբողջությամբ արել են այն ամենը, ինչ նախանշված է այդ փաստաթղթերում: Կրթական համակարգը բարեփոխվում է, բայց այդ բարեփոխումները միշտ զգուշությամբ են իրականացվում, որովհետեւ այս ոլորտում սխալները շատ ցավոտ են լինում, քանի որ այսօրվա կատարածդ սխալը տարիներ անց անդրադառնալու է վրադ: Պետք է կշռադատել քայլերի բոլոր դրական եւ բացասական հետեւանքները: Սակայն բավականաչափ անելիքներ, որ դրված էին մեր առջեւ՝ արված են, արվում են: Մասնավորապես՝ ուսանողների շարժունակության, կրեդիտային համակարգի հետ կապված, որոշակի ակադեմիական ազատությունների հետ կապված հարցերը, դասախոսների վերապատրաստումներ, արտերկրից դասախոսներ հրավիրելու եւ բազմաթիվ այլ հարցեր. այս ամեն ինչն իրականություն է դարձել»:

Պարոն Դավթյանը նորից ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ բոլոնյան համաձայնագրի վերջնական նպատակն այն է, որ մեր կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերն ընդունելի լինեն բոլոնյան համաձայնագրի մնացած երկրներում եւ հակառակը. «Եվ այսօր արդեն կան երկրներ, որտեղ ճանաչվում են մեր բուհերի ավարտական վկայականները»: Նկատելով, որ կան որոշ հաջողություններ ոլորտում, պարոն Դավթյանը խոստովանում է, որ «կան նաեւ քայլեր, որոնք դեռ չեն արվել»:

Մեր հարցին՝ այն, որ բուհերի կառավարման խորհուրդները ղեկավարվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, դա օգնո՞ւմ է, թե՞ խանգարում, պատգամավորը պատասխանեց. «Պետք է մեր իրողությունները հաշվի առնենք: Եվ մեր իրողություններից ելնելով՝ դա բազմապատիկ օգնում է բուհին՝ ամենատարբեր խնդիրներ լուծելիս: Ես դա դիտարկում եմ որպես Հայաստանի ղեկավարության ուշադրություն՝ առ բուհեր: Պատահական չէ, որ մայր բուհի խորհրդի նախագահը երկրի նախագահն է, տնտեսագիտականինը՝ ԱԺ նախագահը, Մանկավարժականինը՝ վարչապետը եւ այլն»:
Նկատեցինք, որ այդ հետաքրքրվածությունը փոխադարձ է, չէ՞ որ երբ իշխանավորները բուհերին ինչ-որ հարցում օգնում են, հետո ի պատասխան քաղաքական աջակցություն են պահանջում: ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց. «Չէ, այստեղ քաղաքականացման հետ կապված ոչ մի խնդիր չկա: Դա միայն ու միայն մի նպատակ է հետապնդում՝ որպեսզի բուհը իր առջեւ դրված նպատակները ավելի հեշտ իրագործի, ինչպես նաեւ այն, որ բուհի ղեկավար մարմինը, նաեւ՝ դասախոսները, ուսանողները ժամանակ առ ժամանակ անմիջական շփման հնարավորություն ունենան հանրապետության ղեկավարների հետ, ներկայացնեն բուհի խնդիրները: Ես ինքս եղել եմ երկու բուհերի խորհուրդների անդամ, եւ չի եղել խորհրդի որեւէ նիստ, որտեղ ուսանողներն ու դասախոսները չբարձրացնեն տարբեր հարցեր, եւ դրանց ճնշող մեծամասնությունը լուծվում են»:

Մեր հարցին՝ իսկ այն, որ ուսխորհուրդներն են քաղաքականացված, ուսխորհուրդների ղեկավարները հիմնականում ՀՀԿ երիտթեւից են, դա Ձեզ չի՞ մտահոգում՝ որպես կրթության ոլորտի մարդ, հատկապես հաշվի առնելով նախորդ շաբաթ ՀԱԿ-ՀՀԿ երիտասարդների բախումը, ինչպես նաեւ դրանից հետո ՀՀԿ երիտթեւի առաջնորդ Կարեն Ավագյանի հայտարարությունը, թե՝ սրանից հետո ավելի վատ է լինելու, պարոն Դավթյանը պատասխանեց. «Ինձ ընդհանրապես անհանգստացնում է ցանկացած ոչ ադեկվատ պահվածք՝ ում կողմից էլ լինի՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ ծագումնաբանությունից: Ես կարծում եմ, որ աստիճանաբար մենք պիտի սկսենք բոլորովին այլ մշակույթ ձեւավորել, որ ընդհանրապես բաժանարար գծերը՝ կուսակցական պատկանելությունից կլինի, թե այլ բանից, դրանք պիտի միայն սիմվոլիկ լինեն: Բոլոր քաղաքական ուժերը, կուսակցությունները, բոլոր մտահոգ մարդիկ ցանկանում են, որ իրականություն դառնան Սահմանադրությամբ ամրագրված պահանջները: Սակայն դրան հասնելու միջոցների կամ ճանապարհների մեջ տարաձայնություններ կարող են լինել, եւ այդ տարաձայնությունները պիտի լուծվեն նորմալ բանավիճելու միջոցով եւ ոչ թե վիրավորանքների, պիտակավորումների կամ ձեռքերին ազատություն տալով: Հուսով եմ, որ մենք աստիճանաբար կհասնենք դրան, միանգամից ոչինչ չի լինում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    ԵՊՀ երրարամյա աշխատող եմ և ականատես եմ եղել երեք նախագահների այցելություններին Մայր բուհ: Եթե առաջին նախագահի այցը բաց էր ու հրապարակային և զերծ` կուսակցական համակրանքներից, ապա վերջին երկուսինը ուղղակի կաթվածահար է անում երթևեկությունից սկսած մինչև բուհի ներքին աշխատանքային ռիթմը:
    Եթե առաջին նախագահի հանդիպումները հասանելի էին սովորական աշխատակիցներին, ովքեր նաև հարց ուղղելու և պատասխան ստանալու հնարավորություն ունեին, ինչպես նաև նիստից դուրս նախագահին շրջապատելու և ազատ զրուցելու, ապա վերջիններիս
    օրոք բոլորն իրեց տեղերում քարացած ու անշարժ պիտի մնան. նոյնիսկ զուգարան գնալն է արգելվում…
    Իսկ տրվելիք հարցերը և հնչեցնողները կանխորոշված են, որպեսզի ,,ոմանք,, ծիծաղելի վիճակների մեջ չհայտնվեն:
    Իսկ բուհի ներքին խարդավանքներին ու գործարքներին ակտիվ մասնակցություն են ունենում բոլորը` այդ թվում նաև սրբի պատկեր ընդունած պրն Արտակ Դավթյանը…
    Հոգ չէ, թե ժողովրդի զզվանքին ու արհամարհանքին են արժանանում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728