Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասմիկը երբեք չի խառնվել ստեղծագործական կյանքիս»

Փետրվար 22,2014 14:15

Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հրանտ Պապյանը՝
իր եւ աշխարհահռչակ քրոջ մասին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բաս Հրանտ Պապյանին, ի տարբերություն քրոջ՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի, հավանաբար լայն լսարանին ներկայացնելու հարկ կա. նրան հաճախ չենք հանդիպում երեւանյան բեմերում: Հետաքրքրասեր հայ հանդիսատեսի շրջանում էլ արդեն վաղուց պտտվում են խոսակցություններ, թե ինչպես է, որ արտերկրյա հեղինակավոր օպերային թատրոնների եւ համերգասրահների ցանկալի հյուրը՝ Հասմիկ Պապյանը, մինչեւ հիմա չի «հոգացել» եղբոր արտերկրյա կարիերայի մասին, ընդ որում, մասնագետները Հրանտ Պապյանի թեկուզեւ հատուկենտ բեմելներից հետո խոսում են երգչի պրոֆեսիոնալիզմի, վոկալի եւ մարդկային որակների մասին: Այս իմաստով բացառություն չէր վերջերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական օպերային նոր նախագծի՝ Պուչինիի «Տոսկայի» համերգային կատարումը, որտեղ հրավիրված էին նաեւ քույր եւ եղբայր: Ի դեպ, նրանք համատեղ 2010թ. հանդես են եկել մեր օպերային թատրոնում Վերդիի «Աիդա»-ի պրեմիերայում: Իսկ Հրանտ Պապյանը բեմական շուրջ 10 տարիների ընթացքում մեր օպերային թատրոնում գլխավոր դերերգերով հանդես է եկել Բելինիի «Նորմա», Վերդիի «Տրուբադուր», «Տրավիատա» ներկայացումներում, ինչպես նաեւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացված Վերդիի «Օթելլո», «Սիմոն Բոկանեգրա» օպերաների համերգային կատարումներում: Երգչին մշտապես ուշադրության կենտրոնում է պահել մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ով երգչին հրավիրել է Ֆրանսիա, Հունաստան եւ այլ երկրներ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ հյուրախաղերի: Իսկ 2001թ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի եւ հրավիրված այլ մեներգիչների թվում Չեքիջյանը նրան հրավիրեց կատարելու բասի պարտիան՝ Մոցարտի «Ռեքվիեմում»:

«Առավոտի» հետ զրույցում Հրանտ Պապյանը չհամաձայնեց այն մտքին, թե հազվադեպ է երեւում երեւանյան բեմերում: Նա նշեց, որ ինքը օպերային թատրոնում միակ բասը չէ: Ասաց, որ ցանկություն ունի երգել Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայում, որի համերգային կատարումը թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել փետրվարին, իսկ ընթացիկ տարում պլանավորված է բեմադրել այդ օպերան: Հարցին՝ թե չի՞ կարծում, որ, այնուամենայնիվ, քույրը այլ ընթացք կտար իր բեմական կյանքին, երգիչը պատասխանեց. «Հասմիկը երբեք չի խառնվել ստեղծագործական կյանքիս, իսկ խորհուրդներով հաճախ եմ դիմում նրան: Ինչ վերաբերում է արտերկրում գործունեություն ծավալելուն, ինչ խոսք, արտերկրում գտնվելիս շատ լավ է, երբ շփվում ես տարբեր մշակույթների հետ, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ապրել եւ ստեղծագործել դրսում, ինչը ես չեմ կարող… Քրոջս դեպքում այլ էր: Նա Բոննի օպերային թատրոնից 1980-ականների կեսերին ստացավ հրավեր, աշխատեց պայմանագրով, հետո արդեն մեկը մյուսին հետեւեցին հրավերներ եվրոպական այլ թատրոններից, այդ թվում՝ «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա»… Ավելի ուշ Վիեննայում նա հանդիպեց իր ամուսնուն՝ դրամատուրգ Քոնրադ Քունին: Հիմա ունեն հրաշալի աղջիկ… Մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչպես է քույրս զուգահեռում ընտանեկան կյանքը ծանրաբեռնված հյուրախաղային գրաֆիկի հետ՝ մի օր Ճապոնիայում է, մյուս օրը՝ Կանադայում… Եվ քանի որ հաճախ է ինձ հրավիրում իր ելույթներին, պետք է տեսնել, թե ինչ բերկրանք է ապրում … »:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728