Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը և ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը հանդես են եկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնություններով: ՀՀԿ-ն առաջարկում է ստեղծել Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունը, իսկ ՀԱԿ-ը՝ 2008թ. մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովներ:
Այսօր խորհրդարանում զուգահեռ ընթանում էր երկու ստորագրահավաք՝ հիշյալ հանձնաժողովների ստեղծման մասին որոշումների նախագծերը փետրվարի 24-ից մեկնարկելիք քառօրյա նիստերում քննարկելու նպատակով: Դրանք օրակարգում ընդգրկվելու և քննարկվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մինչև երկուշաբթի նախաձեռնությանը ստորագրություններով միանա ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, այն է՝ 44 պատգամավոր:
Եթե ՀՀԿ-ի նախաձեռնությանն արդեն իրենց ստորագրություններով միանալու պատրաստակամություն են հայտնել կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր»-ը և ոչ իշխանական չորս խմբակցություններից երկուսը՝ ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստան»-ը, ապա ՀԱԿ-ի նախաձեռնությանն աջակցելու են միայն ոչ իշխանական մյուս երեք խմբակցությունները:
Նշենք, որ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից գոյացած պետական պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ նախորդ քառօրյայում հանդես էին եկել ոչ իշխանական չորս խմբակցությունները: Որոշման նախագիծը քննարկվեց, սակայն քաղաքական մեծամասնության ջանքերով մերժվեց: Մեծամասնությունը դժգոհեց, որ հարցի քննարկումը նախաձեռնելիս իրենց տեղյակ չեն պահել և մասնակից չեն դարձրել: Նախագիծը մերժվելուց հետո ԱԺ նախագահը, այդուհանդերձ, հայտարարեց. «Ես համոզված եմ, որ Հանրապետության Նախագահն էլ, վարչապետն էլ, բոլորս էլ ցանկանում ենք, որ եթե կան ապօրինություններ, ճշտել, վեր հանել և պատժել մեղավորներին»՝ հավելելով. «Ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք այս հարցին անդրադառնալու ենք ապագայում և բոլորիդ ցանկությունն իրականացվելու է»:
Կարդացեք նաև
Քաղաքական մեծամասնության հեղինակած որոշման նախագծով հանձնաժողովի խնդիրների թվում են, մասնավորապես, 2011-2013թթ. գազի դիմաց կուտակված պարտքի հիմնավորվածության, չափի, դրա մարման գործընթացի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալում ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը: Հանձնաժողովն ԱԺ-ին իր եզրակացությունը պետք է ներկայացնի մինչև 2014թ.-ի նոյեմբերի 8-ը: Հանձնաժողովն առաջարկվում է ձևավորել իշխանական և ոչ իշխանական թևերի 5-ական ներկայացուցիչներից: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կունենա 4, ԲՀԿ-ն՝ 2, մյուս 4 խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչներ:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՀԿ-ի նախաձեռնությանն իրենց չմիանալը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ հանձնաժողովի նիստերն առաջարկվում է անցկացնել դռնփակ: «Մենք երկու տարի պայքարում ենք այդ գաղտնիության դեմ: Այս ամբողջ գործընթացը հենց գաղտնիության մեջ է, որ դարձել է հանցագործություն»,-ասաց նա:
Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում
Թող ջանքերը համատեղեն ու պարզեն, թե մարտի 1-ին ով էր ԳԱԶ տալիս