Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյանը` «որոշ «գործիչներ»-ին

Փետրվար 21,2014 20:58

«Ավելի լավ է զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հորդորն է բոլոր այն անձանց, ովքեր կարծում են, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին նախագահի` «չենք զիջելու» ոգով հայտարարությունը, որոնք հնչեցին ԵԿՄ համագումարում, ազդեցություն կունենա ՍԴ-ի վերջնական որոշման վրա: ՀՀԿ-ական պատգամավորը նկատում է. «Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է: Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

ԵԿՄ համագումարում նախագահի հայտարարությունները ոչ միայն մասնագիտական քննադատությունների ենթարկվեցին, այլ, ընդհանրապես դիտարկումներ եղան, որ նախագահի կարգավիճակը չի թույլատրում քաղաքական հարցեր քննարկել ինչ-որ հկ-ի համագումարում: Aravot.am-ի հարցին էլ `չեք կարծում, որ այդ դիտարկումներն իրականությունից հեռու չեն, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Ժողովրդի կողմից ընտրված նախագահին հատուկ է իր ժողովրդին հանդիպելու, հաշվետու լինելու, հարցերին պատասխանելու, բաց երկխոսություն կազմակերպելու ժողովրդավարական գործելաոճը:Առավել գնահատելի է, երբ դա արվում է ոչ միայն նախընտրական շրջանում, այլ հատկապես ընտրություններից հետո ցանկացած ձևաչափով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարի ելույթը և ժողովրդի հարցերին պատասխանելը հերթական ժողովրդավարական մոտեցումն էր: Թե որպես երկրի նախագահ, թե որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ ՀՀ նախագահը միշտ գործուն հարթակ է ստեղծել ժողովրդի հետ հանդիպումներում ազատ անկաշկանդ երկխոսության՝ տալով նրանց սպառիչ պատասխաններ: Նրա ելույթը հստակ ծրագրային էր՝ համալրված ժողովրդի կողմից բարձրացված հարցերի պատասխաններով: Եթե կան որոշ «գործիչներ», որոնք խուսափում են մարդկանց հետ շփումներից, ապա մենք ականատես եղանք Նախագահի պատրաստակամությանը ցանկացած ձևաչափում մարդկանց անհանգստացնող հարցերի շուրջ խոսելու»:

Հիշեցնենք, որ նմանատիպ դիտարկումներով հադես եկան հիմնականում ՀՅԴ-ական գործիչները` Արծվիկ Մինասյանը եւ Արմեն Ռուստամյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728