Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման մասին: «Ես հանձնարարել եմ աշխատանքային խմբերի ղեկավարներին ամփոփ հաշվետվություն ներկայացնել և առանձնացնել քննարկման ենթակա հարցերը: Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները», – ասել է կառավարության ղեկավարը:
Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի արդյունքներից՝ տիկին Վալովայան նշել է, որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել աշխատանքային խմբերում ներգրավված պաշտոնատար անձանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Նա հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է պատրաստելու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքի վերաբերյալ, որը կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում:
Այնուհետև 22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը:
ՀՀ կառավարություն