Փետրվարի 21-ին ԱԺ սոցիալական հարցերի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովները հանդիպում էին կազմակերպել «Անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ: Նշենք, որ փետրվարի 18-ին Աժ նախագահը ընդունել էր «Անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ անդամներին, որի ժամանակ ԱԺ սոցիալական հարցերի ու պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներին Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր անցկացնել աշխատանքային քննարկում, լսել զոհվածների հարազատների բարձրացրած խնդիրները, անհրաժեշտության դեպքում դրանք կարգավորել օրենսդրական ճանապարհով:
ՀԿ-ի անդամները, ներկայացնելով անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների սոցիալական վիճակը՝ կապված կոմունալ ծախսերի բարձրացման հետ, առաջարկում էին նրանց տրամադրվող դրամական օգնության չափը ավելացնել 25%-ով եւ ընդգրկել սոցիալապես անապահով խավերի մեջ, որոնք օգտվում են կոմունալ ծառայության որոշակի արտոնություններից: ՀԿ-ի անդամների գնահատմամբ՝ այս առաջարկը ոչ թե նրանց սոցիալական վիճակը բարելավելու, այլ ընդամենը վատթարացումից խուսափելու նպատակ է հետապնդում:
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ Կորյուն Նահապետյանը եւ Հակոբ Հակոբյանը, ընկալումով արձագանքելով նրանց առաջարկին, հավաստիացրին, որ խնդիրը կքննարկեն հանձնաժողովներում եւ իրավիճակը մեղմելու համար կփորձեն խնդրի լուծման օրենսդրական-իրավական մեխանիզմներ գտնել:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների սոցիալական ապահովության հետ կապված այլ խնդիրներ:
ԱԺ
Մամլո հաղորդագրություն